
Ինչպես պետք է՝ պատասխանեցինք՝ 120 հազար արցախցիներին ցեղասպանության ենթարկած, էթնիկ զտումներ իրականացրածները խոսում են ֆաշիզմից. Արման Աբովյան

Մոսկվայում իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախաձեռնությամբ տեղի ունեցած Հայրենական պատերազմի հաղթանակի 80-ամյակին նվիրված սիմպոզիումի ժամանակ ադրբեջանցիները միջադեպ են հրահրել, որին հայկական կողմից ստացել են համարժեք պատասխան։
Մի քանի տասնյակ երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ սիմպոզիումին Հայաստանի պատվիրակներն են՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունից (ՀՀԿ)՝ Էդուարդ Շարմազանովը, Տիգրան Աբրահամյանը, Հայկ Դերզյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից (ԲՀԿ)՝ Իվետա Տոնոյանը, Արման Աբովյանը, Լուիզա Սարգսյանը։
168․am-ի հետ զրույցում Արման Աբովյանը ներկայացրեց՝ ինչ է տեղի ունեցել, և ինչպես է հայկական կողմն արձագանքել ադրբեջանական կողմի մեղադրանքներին և պատմության խեղաթյուրման փորձերին․
«Ադրբեջանցիները Մեծ հայրենական պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակը համեմատեցին 44-օրյա պատերազմում իրենց տարած հաղթանակի հետ, հայկական կողմին մեղադրեցին Արցախն օկուպացնելու մեջ, հայկական պատվիրակությունը, բնականաբար, չէր կարող դա հանդուրժել։ Էդուարդ Շարմազանովն ինչպես պետք է՝ պատասխանեց, իրենք սկսեցին տեղից գոռգոռալ, մենք էլ պատասխանեցինք։ Հետո Իվետա Տոնոյանն իր ելույթով կտրուկ արձագանքեց, ադրբեջանցիներն էլի սկսեցին տեղից գոռգոռալ, մենք էլ բնականաբար, արձագանքեցինք, որ 120 հազար արցախցիներին ցեղասպանության ենթարկած, էթնիկ զտումներ իրականացրածները խոսում են ֆաշիզմից։ Այն ամենը, ինչ պետք էր՝ հնչեցրել ենք»,- ասաց Արման Աբովյանը։