«Պատահական չէ, որ Սերժ Սարգսյանն ասում է՝ Փաշինյանի ժամանակը սպառված է, պահը՝ հասունացած». Վահան Բաբայան

Ապրիլի 28-ին «Արթուն ենք» շարժման համակարգող Նարեկ Մալյանն ու շարժման համակիր Էդգար Ղազարյանն Ազգային ժողովի ընդունարան հանձնեցին խորհրդարանի 107 պատգամավորի անունով 107 դիմում-նամակ՝ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու առաջարկով:

«Մենք չենք ասում՝ այսպես արե՛ք, մենք ասում ենք՝ կլինի՞ մենք մի հատ իրար հետ, պարոն Ալեն Սիմոնյան, մեր երկրի Սահմանադրությունը կարդանք: Մեր երկրի Սահմանադրությամբ ասվում է՝ ԱԺ-ն վերահսկում է կառավարության գործունեությունը: Կառավարությունը դա այն մարմինն է, որն իրականացնում է պետության ներքին և արտաքին քաղաքականությունը՝ կառավարության ծրագրի հիման վրա: Հիմա բացում ենք կառավարության ծրագիրը, կարդում ենք, որ նրա ծրագրի դրույթները չեն կատարվում, մեր երկրում էլ միայն դուք կարող եք վերահսկել կառավարության ծրագիրը և հիմա դուք կարող եք միայն անվստահություն հայտնել»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ղազարյանը։

168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնելու մասին, «Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը նշեց.

«Ի՞նչ վատ է, թող անեն, թող պայքարեն, բոլոր հնարավոր միջոցները փորձեն, հետևապես՝ նախապես քննադատել, ասել, թե գործընթացը լուրջ չէ, սխալ է։ Գնդակը հիմա Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորների դաշտում է, որովհետև, բնական է, որ ՔՊ-ն չի միանալու այս նախաձեռնությանը։ Փաստ է մեկ բան՝ ընդդիմության գործառույթների մեջ է մտնում Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելը, ինչն այս ընդդիմությունը երբեք չի արել»,– ասաց Բաբայանը՝ ընդգծելով, որ քննադատելով հանդերձ՝ ընդունում է, որ հավանականությունը շատ փոքր է, որ ընդդիմությունը, եթե անվստահության գործընթաց սկսի, ՔՊ-ն կհանձնի Փաշինյանին։

Կարդացեք նաև

«Եթե լինի փողոցային ճնշում, բազմամարդ Բաղրամյան պողոտա, կարող է, այո՛ գործընթաց սկսվել, եթե, իհարկե, լուծվի հարցը, թե ո՞վ է լինելու վարչապետի թեկնածուն, որը պետք է ներկայացված լինի գործընթացի մեկնարկ համարվող ձևաթղթի վրա»,- ասաց Բաբայանը՝ շարունակելով՝ այն բոլոր լուրջ ուժերը, որոնք ունեն վարչապետի թեկնածու, չեն ցանկանա իրենց թեկնածուի անունը ներկայացնել մի գործընթացում, որի հաջողության հաղթանակը քիչ հավանական է։

«Շախմատային լեզվով ասած՝ որևէ մեկը չի ցանկանա իր վարչապետի թեկնածուին զոհաբերի, բայց, կրկնում եմ, այսքանով հանդերձ, չի կարելի քննադատել այս գործընթացը»,- ասաց Բաբայանը։

Նրա խոսքով՝ անկախ նրանից, թե ինչ ընթացք կունենա այն, փաստ է, որ Փաշինյանի նկատմամբ դժգոհությունը հանրության մեջ օր օրի ավելանում է, և, հետևաբար՝ պատահական չէ նաև ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ օրերս արած ձևակերպումը, որ պահը հասունացել է։

«Գուցե բաներ կան՝ մենք չգիտենք։ Պատահական չէ, որ Սերժ Սարգսյանն ասում է, որ Փաշինյանի ժամանակը սպառված է և պահը՝ հասունացած»,- ասաց «Ռեֆորմիստների կուսակցության նախագահը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս