Ադրբեջանցիների սադրանքը տապալվեց. հայկական պատվիրակության կոշտ արձագանքը

Մոսկվայում իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախաձեռնությամբ տեղի է ունենում Հայրենական պատերազմի հաղթանակի 80-ամյակին նվիրված սիմպոզիում, որի շրջանակներում հրավիրված են՝ ինչպես նախկին Սովետական Միության հանրապետությունների տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ, ովքեր «Եդինայա Ռոսիա»-ի հետ համագործակցում են, այնպես էլ՝ նախկին ԽՍՀՄ-ից դուրս՝ մի քանի տասնյակ երկրների։ Հայաստանից սիմպոզիումին մասնակցում են Հայաստանի Հանրապետական կուսակցությունից (ՀՀԿ)՝  Էդուարդ Շարմազանովը, Տիգրան Աբրահամյանը, Հայկ Դերզյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից (ԲՀԿ)՝ Իվետա Տոնոյանը, Արման Աբովյանը, Լուիզա Սարգսյանը։

«Սիմպոզիումն ընթացել է առանց միջադեպերի, մինչև այն պահը, երբ Ադրբեջանի իշխող ուժի ներկայացուցիչը ելույթ ունեցավ, և, ի տարբերություն մյուս բոլոր զեկուցողների, ովքեր խոսում էին բացառապես իրենց երկրների՝ ֆաշիզմի դեմ հաղթանակում ունեցած մասնակցության մասին, փորձեցին նաև որոշակի ձևով թեմային կապել Լեռնային Ղարաբաղի հետ կապված դրվագը՝ այն ներկայացնելով՝ որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնում։ Նրանք անուղղակի մեղադրեցին նաև Հայաստանին՝ Արցախն օկուպացնելու մեջ՝ ակնհայտորեն խեղաթյուրելով պատմությունը»,- 168․am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Տիգրան Աբրահամյանը՝ շեշտելով, որ դրանից հետո ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովն իր ելույթում, ի թիվս Հայրենական պատերազմում հայ ժողովրդի մասնակցության, նաև անդրադարձավ ադրբեջանցի պատվիրակի՝ պատմական փաստերն ակնհայտ խեղաթյուրելուն ուղղված հայտարարություններին։

«Մի կողմից՝ փաստական, մյուս կողմից՝ բավականին կոշտ ելույթով Էդուարդ Շարմազանովը ներկայացրեց իրողությունները, թե առհասարակ ինչ է տեղի ունեցել Արցախում, Ադրբեջանն ինչ հանցագործությունների է դիմել, միջազգային իրավունքի ինչպիսի խախտումներ են տեղի ունեցել, Արցախի նկատմամբ ագրեսիան և այլն, որն ակնհայտորեն դուր չեկավ ադրբեջանական պատվիրակությանը, որոնք տեղից փորձում էին միջամտել։ Ավելին, եթե մինչև ադրբեջանական պատվիրակի ելույթն ադրբեջանական  պատվիրակությունը երկու հոգով էր մասնակցում, նկատելով, որ հայկական կողմը պատրաստվում է ելույթով արձագանքել, որոշ ժամանակ հետո միջոցառմանը միացավ ՌԴում Ադրբեջանի դեսպանի խորհրդականը, որը փորձում էր իր վրա վերցնել թեմայի հետ կապված հերթական արձագանքը, բայց մեր պատվիրակությունը թույլ չտվեց։ Ադրբեջանական պատվիրակությանն արձագանքեց մեր գործընկեր Իվետա Տոնոյանը, ով նույնպես ուներ նախատեսված ելույթ և ըստ ուղղությունների՝ բավականին կտրուկ արձագանքեց ադրբեջանական պատմական իրողությունները խեղաթյուրող հայտարարություններին»,- ընդգծեց Տիգրան Աբրահամյանը։

Նա նկատեց՝ ադրբեջանական իշխանությունները, իհարկե, տարբեր հարթակներում օգտագործել են պահը՝ հակահայ հայտարարություններ անելու համար, բայց Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու գործընթացից հետո Ադրբեջանն ավելի սանձարձակ է դարձել։

Կարդացեք նաև

«Ադրբեջանցիները փորձում են քողարկել իրենց կողմից մարդկության դեմ իրականացված հանցանքները, միջազգային հանցագործությունները, էթնիկ զտումները, բլոկադան, ուժի կիրառումը։ Այս դեպքում ակնհայտորեն հանկարծակիի եկան՝ հանդիպելով հայկական պատվիրակության բավականին կոշտ և թիրախային ելույթներին»,- ասաց Աբրահամյանը:

Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ ադրբեջանական իշխանությունների և հայաստանյան իշխանությունների շահերը դարձել են համահունչ․

«Որևէ մեկի համար արդեն գաղտնիք չէ, որ Հայաստանի իշխանությունները սպասարկում են ադրբեջանական օրակարգը, այդ թվում՝ Արցախի հարցում, և ադրբեջանական կողմը սա նաև օգտագործում է միջազգային տարբեր հարթակներում՝ Հայաստանի դեմ իր հակաքարոզչությունը շատ ավելի ցինիկ, շատ ավելի սանձարձակ իրականացնելու համար»։

Ի դեպ, ի տարբերություն ադրբեջանական կողմի՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից որևէ մեկը չի մասնակցել սիմպոզիումին։

«Ի սկզբանե նախատեսված էր, որ ՀՀԿից պետք է Էդուարդ Շարմազանովը ելույթ ունենար, ԲՀԿից՝ Իվետա Տոնոյանը։ Ադրբեջանի պատվիրակի ելույթից հետո Շարմազանովն ու Իվետան որոշակիորեն խմբագրեցին իրենց ելույթները։ Շարմազանովի կոշտ ելույթից հետո սիմպոզիումի մոդերատորը կոչ էր անում, որպեսզի թեման որևէ ձևով չշարունակվի, հատկապես որ, ակնհայտ էր՝ Ադրբեջանը ըստ էության փորձում էր տապալել սիմպոզիումը՝ իր սադրիչ գործողություններով, բայց այս իրավիճակում ՀՀն ներկայացնող երկրորդ պատվիրակը՝ Իվետա Տոնոյանը, ստեղծված բավականին ծանր մթնոլորտում իր ելույթն օգտագործեց՝ ադրբեջանական պատվիրակությանն իր տեղը ցույց տալու համար։ Բավականին հավասարակշիռ խոսքով հերքեց ադրբեջանական այն հայտարարությունները, որոնք ակնհայտորեն չէին համապատասխանում իրականությանը և նպատակ ունեին նշյալ լսարանին ակնհայտ ապատեղեկատվություն ներկայացնել։ Սիմպոզիումից հետո միջոցառման կազմակերպիչները մոտեցան հայկական պատվիրակությանը՝ հասկանալու՝ առհասարակ ինչ տեղի ունեցավ։

Էդուարդ Շարմազանովը ներկայացրեց եղելությունը, նշեց, որ ի սկզբանե նպատակ չեն ունեցել ելույթներն այլ շեշտադրումներով ներկայացնելու, որովհետև եղել է այլ թեմատիկա, բայց դա ադրբեջանական պատվիրակի հայտարարությունների հետևանքով եղավ, որովհետև ադրբեջանցի պատվիրակը ոչ միայն թեմայից դուրս սկսեց հայտարարություններ անել, այլ անդրադարձավ մեզ համար զգայուն թեմայի, սկսեց պատմական իրողությունները խեղաթյուրել, սադրանք հրահրել, որը որևէ ձևով հայկական կողմը չէր կարող թույլ տալ։ Բոլորի համար, ի վերջո, պարզ դարձավ, որ այստեղ ակնհայտ խնդիրն ադրբեջանական պատվիրակության նախաձեռնած քայլերի մեջ էր»,- եզրափակեց Տիգրան Աբրահամյանը։

Տեսանյութեր

Լրահոս