Բաժիններ՝

«Արցախ» կամերային նվագախումբը Նարեկ Հախնազարյանի ղեկավարությամբ հանդես կգա Սերգեյ Խաչատրյանի հետ

Մայիսի 5-ին, ժամը 19:30 Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա աննախադեպ համերգ, որի ընթացքում ելույթ կունենա «Արցախ» կամերային նվագախումբը՝ միջազգային ճանաչում ունեցող հայ երաժիշտների մասնակցությամբ։ Նվագախմբի գեղարվեստական ղեկավար ու դիրիժոր` Նարեկ Հախնազարյան, մենակատար՝ Սերգեյ Խաչատրյան։

Ծրագրում Բարտոկի Ռումինական ժողովրդական պարեր, Հարությունյանի Կոնցերտ ջութակի և լարային նվագախմբի համար (մենակատար՝ Սերգեյ Խաչատրյան), Միրզոյանի Շուշանիկ, Շոստակովիչի Կամերային սիմֆոնիա դո մինոր, Օպուս 110ա ստեղծագործություններն են։

««Արցախ» կամերային նվագախմբի այս համերգը բացառիկ է իր բնույթով։ Ուրախ ենք, որ երեկոյի ընթացքում մեզ հետ ելույթ է ունենալու իմ շատ սիրելի ընկեր, աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը։ Մենք միասին փոխանցելու ենք այն ապրումները, որոնք մեզ միավորում են՝ որպես հայ, որպես արվեստագետ և որպես մարդանց, որոնք հավատում են, որ մշակույթն ունի բուժելու, միավորելու ու ոգեշնչելու ուժ»,-նշում է Նարեկ Հախնազարյանը։

Այս համերգը երկու աշխարհահռչակ արտիստների առաջին համագործակցության փորձը չէ․ Նարեկն ու Սերգեյը բազմիցս միասին հանդես են եկել ելույթներով թե՛ Հայաստանում և թե՛ արտերկրում՝ ներկայացնելով ու տարածելով հայ կատարողական դպրոցի վարպետությունն ու հայկական մշակույթը։ Սակայն սա արտիստների առաջին համագործակցությունն է դիրիժոր-մենակատար ձևաչափով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս