
Ժամկետային զինծառայողի ինքնասպանության դեպքը գրանցվել է Փաշինյանին ուղիղ ենթակա կառույցի զորամասում. ԱԱԾ սահմանապահ զորքերը լուրջ խնդիրների են բախվելու

Ապրիլի 26-ին Նիկոլ Փաշինյանը մասնակցել էր Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը, որի ժամանակ, մասնավորապես, նշել է, որ տեղի է ունենում գաղափարախոսական կարևոր վերափոխում, որտեղ առանձնակի նշանակություն է ստանում սահմանը և սահմանապահը։
«Սահմանապահը պետության կարևորագույն ծառայությունն է, սահմանապահը զինվորական ծառայություն է, բայց սահմանապահն ինչ-որ առումով նաև խաղաղության խորհրդանիշ է, կայունության խորհրդանիշ է, անվտանգության խորհրդանիշ է, և մեր քաղաքականությունն այն է, որ Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված սահմանների երկայնքով ավելի ու ավելի մեծացնենք սահմանապահների ներկայությունը, որը երկարատև խաղաղության, ինստիտուցիոնալ խաղաղության և կայունության ճանապարհին շատ կարևոր միջանկյալ քայլ է»,- շեշտել է Փաշինյանը՝ հավելելով, թե միջնաժամկետ նպատակ կա, որ Հայաստանը փուլ-փուլ ստանձնի սեփական սահմանների պահպանությունը:
Բայց, ըստ Փաշինյանի, սա հնարավոր չի լինի իրականացնել առանց Սահմանապահ զորքերի զարգացման և Սահմանապահ զորքերի կարողությունների մեծացման:
Հիշեցնենք, որ դեռ 2022 թվականի ապրիլին ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր.
«Ասում են՝ ժամկետայիններին հետ բերեք, պայմանագրայիններին տարեք: Իսկ կներեք՝ եթե պատերազմ սկսվեց, այդ ժամկետայինները, բոլորը պետք է գնան առաջնագիծ: Մենք չենք ուզում ժամկետայիններին տանել, պայմանագրայիններին բերել, հետո պայմանագրայիններին տանել, մենք ուզում ենք բոլորին հետ բերել, որովհետև մենք ուզում ենք ունենալ սահման և սահմանապահներ: Քանի դեռ սահմանին զինվոր է կանգնած, դա խաղաղություն չէ: Խաղաղությունն այն է, երբ սահմանին կանգնած է սահմանապահ, և հարցերը կարգավորվում են սահմանային նշանների և ոչ թե՝ դիրքերի, ֆորտիֆիկացիայի, բարձունքների, դիպուկահարներից զգույշ լինելու միջոցով: Մոտ 1000 զոհ ենք ունեցել մենք խաղաղության ասվող ժամանակաշրջանում, մի մասը՝ ոչ մարտական պայմաններում: Դա խաղաղություն չէ»:
Այս հայտարարությունից մի քանի ամիս անց տեղի ունեցան սեպտեմբերյան մարտերը, որի ժամանակ հայկական կողմը 225 զոհ է տվել: 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանը պատերազմական գործողություններ էր նախաձեռնել Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ՝ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ վարելով հայկական դիրքերի ուղղությամբ: Այսինքն, թշնամին թիրախավորել էր այն հատվածները, որի պաշտպանությունն իրականացնում էր ՀՀ զինված ուժերը՝ ժամկետայիններ, պայմանագրայիններ:
Ինչպես գրել էր 168.am-ը, ադրբեջանական այդ գործողությունների ժամանակ Սյունիքի հատվածի՝ ԱԱԾ սահմանապահների պահպանությանը հանձնված ուղղությունները չեն թիրախավորվել, չի հնչել ոչ մի կրակոց, չի եղել ոչ մի վիրավոր, ինչը 168.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հաստատել էր նաև ԱԱԾ-ն. «2022-ի սեպտեմբեր ամսին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների օրերին ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի պահպանվող տեղամասերի ուղղությամբ հակառակորդի կողմից ոչ մի կրակոց չի արձակվել»:
Բայց այսօր, երբ Հայաստան-Ադրբեջան սահմանագծման և սահմանազատման գործընթացի արդյունքում ՀՀ զինված ուժերն իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքները հանձնում են սահմանապահների պահպանությանը, իսկ ԱԱԾ սահմանապահները ոչ միայն չունեն բանակի զինվածությունը, երբ նրանց առջև կանգնած է զինված ուժերին հատուկ զինվածությամբ ադրբեջանական սահմանապահ ուժերի ծառայողը, այլև առաջնագիծը վստահվում է նորակոչիկին, Սահմանապահ ուժերին լուրջ փորձություններ են սպասվում:
Այսինքն, նրանք բախվելու են այն խնդիրներին, ինչին ՀՀ զինված ուժերն են բախվել և շարունակում են բախվել, որոնք արտացոլվելու են սպանության և ինքնասպանության դեպքերով և այլ դրսևորումներով: Ասվածի վառ ապացույցն ԱԱԾ սահմանապահ զորքերում արձանագրված վերջին դեպքն է:
Ապրիլի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որ նույն օրը ՀՀ Սյունիքի մարզի ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումներից մեկի ժամկետային զինծառայող Ա.Ա-ն, ըստ նախնական տվյալների՝ իրեն ամրակցված ինքնաձիգից ստանալով հրազենային վնասվածք՝ մահացել է։ Դեպքի հանգամանքները պարզելու համար նախաձեռնվել է քրեական վարույթ և իրականացվում է նախաքննություն։
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խոսնակ Կիմա Ավդալյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ սահմանապահ զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի (Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը) 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով, և, որ հոդվածը վերաբերում է մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում տեղի ունեցած դեպքին: Այսինքն, հասարակությունից սահմանապահ զորքեր տեղափոխվող արատավոր երևույթներին բանակի օրինակով այս դեպքում ևս գումարվում է մարտական հերթապահության լարվածությունը:
Ի վերջո, գետնի վրա խաղաղություն չի հաստատվել և երկար չի հաստատվելու, եթե անգամ ինչ-որ փաստաթուղթ ստորագրվի, իսկ ադրբեջանական կրակոցները լսելի են, ըստ էության, նաև սահմանապահներին, որոնք ևս կաշկանդված են իրենց գործողություններում:
Չմոռանանք, որ 2024 թվականին ՀՀ ԱԱԾ ՍԶ զորամասերից մեկի պարտադիր ժամկետային զինծառայողի նկատմամբ քրեական վարույթ էր նախաձեռնվել։
Այս համատեքստում պետք է նշել, որ Ադրբեջանի սահմանապահ զորքերում ևս սպանության և ինքնասպանության դեպքեր գրանցվել են, ընդ որում, դրանք հաճախ կամ ոչ քիչ դեպքերում արձանագրվել են այն վայրերում, որտեղ նրանց դիմաց կանգնած են եղել ՀՀ զինված ուժերի զինծառայողները:
Նշենք, որ Տավուշի ուղղությամբ որոշ հատվածներում ադրբեջանական կողմից սահմանապահներ կանգնում են մոտ 7 տարի:
2018թ․ դեկտեմբերի 14-ին հայտնի էր դարձել, որ Ադրբեջանի նախագահը հանձնարարել է Պետական սահմանապահ ծառայությանը պահպանության վերցնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Ղազախ-Աղստաֆա հատվածը՝ փոխարինելով բանակի ստորաբաժանումներին: Սա ցույց է տալիս, որ մարտական հերթապահությունն իր ազդեցությունն ունենում է դեպքերի գրանցման և աճի վրա:
Իսկ Հայաստանի դեպքում խնդիրներն ավելին են, ինչպես նշեցինք՝ զինվածության ոչ բարձր մակարդակ, փորձի պակաս, կաշկանդված վիճակ, մարդկային ռեսուրսի խնդիր: Հենց այս նպատակով է, որ 2024 թվականին նաև ԱԱԾ-ում որոշեցին ներդնել «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը:
Վերադառնալով ապրիլի 25-ին ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումներից մեկում արձանագրված ժամկետային զինծառայողի ինքնասպանության դեպքին, մի կարևոր հանգամանքի վրա ուշադրություն հրավիրենք. Ազգային անվտանգության ծառայությունը վարչապետին ենթակա մարմին է, այսինքն՝ ժամկետայինի մահվան դեպքը տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանին ուղիղ ենթարկվող կառույցի զորամասում: