
«Ադրբեջանական կողմը նման բուռն արձագանք չէր սպասում․մեր պատասխանը բազմապատիկ անգամ ավելի ուժգին էր. նրանք պարզապես լքեցին դահլիճը»․ Իվետա Տոնոյան
Մոսկվայում իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության կուսակցության նախաձեռնությամբ տեղի է ունենում Հայրենական պատերազմի հաղթանակի 80-ամյակին նվիրված սիմպոզիումի ժամանակ ադրբեջանցիները հակահայ ձևակերպումներով փորձել են լարել իրավիճակը, սակայան, հայկական կողմից ստացել են համարժեք պատասխան։
Մի քանի տասնյակ երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ սիմպոզիումին Հայաստանի պատվիրակներն են՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունից (ՀՀԿ)՝ Էդուարդ Շարմազանովը, Տիգրան Աբրահամյանը, Հայկ Դերզյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից (ԲՀԿ)՝ Իվետա Տոնոյանը, Արման Աբովյանը, Լուիզա Սարգսյանը։
«Խնդիրն առաջացել է նրանից, որ Ադրբեջանի պատվիրակության ղեկավարը՝ «Ենի Ազերբայջան» («Նոր Ադրբեջան»,-խմբ.) կուսակցության ներկայացուցիչը, իր ելույթի ժամանակ, շեղվելով օրակարգից, սկսեց խոսել Արցախի թեմայով՝ 44-օրյա պատերազմում իրենց տարած «փառահեղ հաղթանակի» մասին, ընդ որում՝ խոսելով հակահայկական ձևակերպումներով, որին, բնականաբար, հայկական պատվիրակությունը չէր կարող չարձագանքել»,- 168․am-ի հետ զրույցում ասաց Իվետա Տոնոյանը։
«Ինչպես ես, այնպես էլ Էդուարդ Շարմազանովը մեր ելույթներում անդրադարձել ենք այս հակահայկական հայտարարություններին։ Ադրբեջանական կողմը, թերևս չէր ակնկալում նման բուռն արձագանք հայկական պատվիրակության կողմից։ Նրանք տեղից փորձում էին խոչընդոտել, միջամտել, թույլ չտալ մեզ՝ ավարտին հասցնել մեր ելույթները, սակայն, դա նրանց չհաջողվեց։ Նրանք պատասխան ելույթով հանդես գալու ցանկություն հայտնեցին, սակայն, մենք դրան դեմ արտահայտվեցինք, քանի որ օրակարգի համաձայն՝ մեկ պատվիրակությանը մեկ ելույթի հնարավորություն էր տրվում։ Դրանից հետո նրանք պարզապես լքեցին դահլիճը և որևէ այլ զարգացում չի եղել։ Կարծում եմ՝ սա Ադրբեջանին բնորոշ գործելաոճ է, ինչպես միշտ նրանք բոլոր հնարավոր առիթները փորձում են օգտագործել՝ հակահայկական հայտարարություններով հանդես գալու համար, և այս դեպքում մեր արձագանքը եղել է համարժեք։ Ավելին, բազմապատիկ անգամ ավելի ուժգին է եղել»,-ընդգծեց նա։