Վրաստանում ապաստանի տրամադրման նոր խստացված կանոններ կան. ինչ է պետք իմանալ

Ըստ որոշ փորձագետների` Վրաստանում քաղաքական ապաստան ստանալը հետզհետե դժվարանում է, և դա կարող է պայմանավորված լինել քաղաքական միտումներով: Փորձագետները կարծում են, որ սա կարող է ավելի հեշտությամբ ազատվելու տարբերակ դառնալ Վրաստանում գտնվող և ժողովրդավարությանը աջակցող օտարերկրյա քաղաքացիներից: Այս մասին գրում է aliq.ge-ն։

Մասնավորապես, «Վրացական երազանք»-ի խորհրդարանական բյուրոն օրեր առաջ հավանություն է տվել ՆԳՆ-ի պատրաստած օրենսդրական փոփոխությունների փաթեթին։

«Միջազգային պաշտպանություն»

«Միջազգային պաշտպանություն» տերմինը Վրաստանի օրենսդրության մեջ հիմնականում վերաբերում է այն մարդկանց, որոնք ապաստան են հայցում Վրաստանում՝ իրենց իսկ երկրում քաղաքական, կրոնական, ազգային, սոցիալական պատկանելության կամ որոշակի դիրքորոշման պատճառով հալածանքից խուսափելու համար։ Վրաստանի օրենսդրությամբ գոյություն ունեն միջազգային պաշտպանության մի քանի ձևեր՝

  1. Փախստականի կարգավիճակ
  1. Լրացուցիչ պաշտպանություն
  1. Երբեմն նաև՝ ժամանակավոր պաշտպանություն արտակարգ իրավիճակներում։

Այս կարգավիճակները տալիս է Վրաստանի պետությունը միջազգայնորեն ճանաչված սկզբունքների հիման վրա, մասնավորապես՝ Ժնևի կոնվենցիայի։

Ինչ է պլանավորվում

Փոփոխությունը ներառում է 18 օրենք, այդ թվում՝ «Միջազգային պաշտպանության մասին», «Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին» Վարչական և Քրեական օրենսգրքերը։

Փորձագետների կարծիքով, ապաստանի տրամադրման գործընթացը հատկապես դժվար է այն երկրների քաղաքացիների համար, որտեղ գրանցվում են մարդու իրավունքների խախտումներ, և երկրում տիրող իրավիճակը բարդ է:

Ապաստանի ընթացակարգի չարաշահումը կանխելու նպատակով`

  • Ներդրվել է արագացված ընթացակարգ այն օտարերկրացիների համար, որոնք ապաստան չեն խնդրել երկիր մուտք գործելուց հետո 1 ամսվա ընթացքում,
  • Ներդրվել է նոր մեխանիզմ, որի համաձայն կդիտարկվի Վրաստանի պետական ​​սահմանին օտարերկրացու մուտքի արգելքը, եթե նրա մուտքը վտանգ է ներկայացնում պետական ​​անվտանգության համար,
  • Զգալիորեն կրճատվել են ապաստանի վերանայման և բողոքարկման ժամկետները,
  • Ներդրվել է որոշումների ներկայացման պարզեցված (էլեկտրոնային) ընթացակարգ, որը կբարելավի բողոքարկման ժամկետների նկատմամբ վերահսկողությունը,
  • Կացության թույլտվության տրամադրումը սահմանափակվել է այն օտարերկրացիների համար, որոնց նկատմամբ հետաքննվել է վտարման հարցը կամ որոշում է կայացվել նրանց վտարման վերաբերյալ։

Ինչ են ասում փորձագետները

«Վրաստանի հայ համայնքային հարթակ»-ի նախագահ, միջազգային հարցերով փորձագետ Գիորգի Թումասյանի դիտարկմամբ, մեխանիզմը հատկապես այն քաղաքացիների դեմ կարող է ուղղված լինել, ովքեր Վրաստանում կծավալեն քաղաքական գործունեություն:

«Սա բռնապետական համակարգին բնորոշ մեխանիզմ է, որը, հավանաբար, օգտագործվի նաև օտար երկրի քաղաքացիների դեմ, հատկապես այն քաղաքացիների, որոնք կարող են Վրաստանում քաղաքական գործունեություն ծավալել (իշխանության դեմ)»,- ասաց Թումասյանը:

Թումասյանի խոսքով՝ սա ևս մեկ տարբերակ կարող է դառնալ` ավելի հեշտությամբ ազատվելու համար Վրաստանում գտնվող այն օտարերկրյա քաղաքացիներից, որոնք աջակցում են ժողովրդավարությանը և եվրոպական նկրտումներին:

Վրաստանի հանրային նախկին պաշտպան, «Ժողովրդավարության հետազոտական ​​ինստիտուտի» (DRI) հիմնադիր Ուչա Նանուաշվիլին «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ասաց.

«Ընդհանուր առմամբ, Վրաստանում քաղաքական ապաստան ստանալը օրեցօր դժվարանում է, հատկապես այն երկրներից, որտեղ մարդու իրավունքները խախտվում են, և իրավիճակը բարդ է։ Ինքս ծանոթ եմ նման դեպքերի և մանրամասնորեն գիտեմ մի քանի դեպք, որը հստակ ապացույցն է այն բանի, որ կառավարությունը չի կատարում իր միջազգային պարտավորություններն այս առումով։ Ցավալի է, սակայն վերջին տարիներին նույնը կատարվում է ոչ միայն օտարերկրացիների և ապաստան խնդրողների նկատմամբ, այլև հենց Վրաստանի քաղաքացիների»,- նշեց հանրային նախկին պաշտպանը:

Ներքին գործերի նախարարությունը այս թեմայի հետ կապված նշել է, որ փոփոխությունները նպատակ ունեն «բարելավելու օտարերկրացիներին կամ քաղաքացիություն չունեցող անձանց միջազգային պաշտպանություն տրամադրելու կանոնակարգերը, պայքարելու անօրինական միգրացիայի դեմ և կանխելու ապաստանի ընթացակարգի չարաշահումը»:

Տեսանյութեր

Լրահոս