Եթե պատգամավորը փողոցից ավելի շատ վախենա, քան Փաշինյանից, այդ պարագայում գուցե լքի իր կուսակցությունը, կամ՝ փոխի այն. քաղաքագետ

107 նամակ՝ 107 պատգամավորի․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացի համար առաջին քայլն այսօր արվեց։ «Արթուն ենք» շարժման անդամները Նիկոլ Փաշինյանին խելամիտ ժամկետում իմփիչմենթ նախաձեռնելու առաջարկով ԱԺ-ի նամակների բաժին հանձնեցին 107 պատգամավորներին ուղղված անհատական նամակները։

«Սա անհատական պատասխանատվության հարց է, դրա համար բոլորին առանձին ենք դիմել։ Անվստահություն հայտնելու որոշման տեքստը գրված է, բայց բաց է թողնված վարչապետի անունը լրացնելու տեղը, որովհետև թե ով կարող է լինել վարչապետի թեկնածու, կարող է որոշել այն պատգամավորը, որը կհեղինակի այս նախաձեռնությունը»,- լրագրողներին ասաց շարժման անդամ, գործընթացը համանախաձեռնող Էդգար Ղազարյանը։

«Արթուն ենք» շարժման անդամ Նարեկ Մալյանն էլ հավելեց՝ իմփիչմենթի գործընթացն այս պահի դրությամբ Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու միակ հնարավոր տարբերակն է։ Մալյանի վստահեցմամբ` իմփիչմենթի գործընթացով հետաքրքրված ՔՊ-ական պատգամավորներ կան։

Քաղաքագետ Հրանտ Միքայելյանը 168am-ի հետ զրույցում անդրադառնալով այս գործընթացին՝ նկատեց՝ թեև այս պահի դրությամբ իրատեսական չի համարում իմփիչմենթի մեկնարկը՝ նկատի ունենալով իշխանության՝ ԱԺ-ում սահմանադրական մեծամասնություն կազմելու հանգամանքը, սակայն տեսականորեն չի բացառում փողոցի ակտիվ աջակցության պարագայում այս ուղղությամբ հնարավոր տեղաշարժերը։

Կարդացեք նաև

Հարցին՝ հնարավոր համարո՞ւմ եք, որ փողոցի ճնշման ներքո ՔՊ-ական պատգամավորները միանան նախաձեռնությանը, անվստահություն հայտնեն Նիկոլ Փաշինյանին՝ հաշվի առնելով նաև տարատեսակ տեղեկությունները, թե շատ պատգամավորներ միայն վախից չեն լքում իշխող ուժի տանիքը, քաղաքագետը պատասխանեց․

«Այստեղ հարցը ոչ միայն արդեն փողոցի ճնշման արդյունավետությունն է լինելու, կամ՝ մարդկանց քանակը, այլ նաև՝ վախի բալանսը, որովհետև եթե փողոցի ճնշումը լինի այնքան ուժեղ, որ պատգամավորն այդ փողոցից ավելի շատ վախենա, քան Փաշինյանից, գուցե այդ պարագայում այդ պատգամավորը լքի իր կուսակցությունը, կամ՝ փոխի այն։ Քանի դեռ այդ պատգամավորը հավատում է, որ Նիկոլ Փաշինյանը պահելու է իշխանություն, դուրս չի գալու»։

Հստակեցմանը՝ այսինքն՝ իմփիչմենթը հնարավո՞ր է, բայց ինչ-ինչ պայմանների պարագայում, Հրանտ Միքայելյանն արձագանքեց՝ հիշեցնելով, որ, ամեն դեպքում, այս իշխանությունը բավականաչափ կոնսոլիդացված է։

«Դա ոչ միայն իրենց ներքին բնութագիրն է, այլ այն քաղաքականությունը, որ անընդհատ ֆիլտրում են իրենց շարքերը․ անընդհատ ինչ-որ մարդկանց են ազատում, փոխում, որպեսզի բացառեն այլախոհությունը։

Այսպիսով, եթե նույնիսկ մենք խոսենք փողոցային գործընթացի մասին, ապա դրա կազմակերպումը դժվար է, հետո՝ այն պետք է լինի շատ գրագետ, ավելին՝ պետք է սկզբից կազմակերպել այդ գործընթացը, ապա խոսել իմփիչմենթի մասին,- նկատեց նա՝ հավելելով, որ դրա համար անհրաժեշտ են նաև առիթներ,- Բայց եթե անգամ Փաշինյանն այդ առիթներն անընդհատ ստեղծում է, օրինակ, հիմա քննարկում է «խաղաղության պայմանագրի» ստորագրումը, Սահմանադրության փոփոխությունը, այդ առիթներին պետք է ճիշտ արձագանք տրվի»։

Ըստ նրա՝ երբ նախորդ տարի Նիկոլ Փաշինյանը Կիրանցից տարածքներ էր հանձնում, սկզբում ընդդիմությանը հաջողվում էր ճիշտ արձագանքել ու ճիշտ արձագանքներ առաջ բերել հանրության շրջանում, բայց իշխանության քարոզչամեքենան ավելի արդյունավետ գործեց, սկսեց կատարվածն ակտիվորեն ներկայացնել՝ իբրև ձեռքբերում։

Կատարվածի պատճառների մասին քաղաքագետը հետևյալ բացատրությունն ունի․ «Ընդդիմությունը գործում է դասական մեթոդներով՝ պատգամավորների ելույթներով, լրատվամիջոցներով, իսկ իշխանության քարոզչությունն, օրինակ, շատ ուժեղ է սոցցանցերում, ինչպես նաև՝ նրանք ունեն աջակցություն օտարերկրյա լրատվամիջոցներից, այդ թվում՝ «Ազատություն» ռադիոկայանից»։

«Եվ այս ամենը հաշվի առնելով՝ կարծում եմ, որ ընդդիմությանը դժվար է լինելու այս իրավիճակը փոխել․ միայն երկարատև ու հետևողական աշխատանքն է դրան նպաստելու։ Իհարկե, որոշակի աշխատանք տեսնում ենք, բայց դրա համար առավել մեծ արդյունավետություն է պետք։ Ամեն դեպքում այսօրվա դրությամբ ինչքան էլ իմփիչմենթի մասին խոսակցություն սկսվի, ընդդիմությունն իմփիչմենթ իրականացնել չի կարող։ Այնպես որ, իմ կարծիքով, սա ուղղակի Նարեկ Մալյանի և Էդգար Ղազարյանի՝ այս պահի դրությամբ փիառ կամպանիա է, կամ քաղաքական կամպանիա, որն ավելի շուտ նպատակ ունի իրազեկել իմփիչմենթի մասին, ուշադրություն հրավիրել այդ թեմայի վրա»,- ամփոփեց Հրանտ Միքայելյանը։

Տեսանյութեր

Լրահոս