Բաժիններ՝

Անխելքը

Խարտյաշ տղան ցատկոտելով վազում էր երիտասարդ կնոջ կողքով, անընդհատ փորձելով բռնել նրա ձեռքը: Կինը մի կողմ էր քաշում այն՝ քրթմնջալով.

– Որտեղի՞ց ընկար գլխիս: Ծնվել ես, որ խանգարես ինձ ապրել:

– Մա՛մ, երբ վերադառնանք, մորեխի մասին հեքիաթը կկարդա՞ս ինձ համար:

– Խեղճ երեխա,- վշտանում էին շրջապատի մարդիկ,- հիմարիկը չգիտի, որ մայրն իրեն մանկատուն է տանում:

Կարդացեք նաև

Երբ տղան մեծացավ ու արդեն կարող էր մորն այցելության գնալ, աշխատում էր հնարավորինս հաճախ ժամանակ անցկացնել նրա հետ: Դեռահաս տղան հաճախ էր մորը գտնում սաստիկ հարբած վիճակում, շտապ օգնություն էր կանչում և մինչ բժիշների գալը քնքշորեն շոյում էր նրա ձեռքն ու համբուրում կեղտոտ այտը.

– Դիմացիր, մայրի՛կ, ամեն ինչ լավ կլինի:

– Աննորմալ երեխա, ուղղակի հիմարի մեկն է: Ինքն իրեն չի հարգում: Մայրը բավականաչափ սեր չուներ նրա համար, իսկ նա վազում է, փրկում նրան,- տարակուսում էին ծանոթները:

Դպրոցական և ուսանողական տարիներն արագ անցան: Երիտասարդը գերազանցության դիպլոմ ստացավ և բոլորը նրա համար փայլուն կարիերա էին կանխագուշակում, իսկ նա, ի զարմանս բոլորի, գնաց դպրոցում աշխատելու:

– Նա իր կարմիր դիպլոմից էլ խելք չհավաքեց: Անխելքը սեփական կարիերան կործանեց, գնաց ուրիշների անբաններին դաստիարակելու,- վրդովվում էին ծանոթները:

Մայրը մահացավ: Հոգատար որդին չմոռացավ դեպի նրա գերեզմանը տանող ճանապարհը, բայց այժմ արդեն կնոջ հետ էր գնում, ով հարևան մուտքից էր:

– Անխե՜լք,- բամբասում էին բակի տատիկները,- ի՜նչ գեղեցիկ տղամարդ է, որքա՜ն աղջիկներ էին պատրաստ ամուսնանալ նրա հետ, իսկ նա տգեղ ու կաղ մեկին ընտրեց:

Նրանք ի վիճակի չէին հասկանալու, որ գլխավորն աչքերով չես տեսնի: Իսկ երիտասարդ զույգը շատ համերաշխ էր ապրում, միայն թե երեխաներ չունեին: Բայց շուտով հարևանները նրանց մի փոքրիկ աղջկա ու տղայի հետ այգում զբոսնելիս տեսան: Ինչ-որ մեկի կողմից լքված երեխաները հարազատ դարձան նրանց համար:

– Անխե՜լք,- եզրակացրեցին շրջապատողները,- կինն անպտուղ է, իսկ նա նրանից ձեռք չի քաշում, ուրեմն թող ուրիշների երեխաներին պահի:

Շատ տարիներ անց, մի անգամ ձմռանը նա զբոսնում էր լճափին և տեսավ, որ մի խումբ մարդիկ հետաքրքրությամբ հետևում են սառցե կտորին հայտնված շանը: Կենդանին սրտաճմլիկ վնգստում էր՝ բանական էակներից օգնություն աղերսելով, սակայն նրանց սրտերը խուլ էին մնում: Միայն տարեց տղամարդն առանց երկմտելու սառցե ջուրը նետվեց…

Հարևանները շարունակ նրա արարքն էին քննարկում.

– Ի՜նչ հիմարն էր, ախր վերջերս էր սրտի կաթված ունեցել: Ինչպես չուներ խելք, այդպես էլ չավելացավ: Հիմար ծնվել էր, հիմար էլ մեռավ:

Իսկ նա դրախտի դարպասների մոտ կանգնած իր հերթին էր սպասում:

– Անունդ ի՞նչ է,- մուտքի մոտ հարցրեց հրեշտակը:

– Շրջապատի մարդիկ ինձ Անխելք էին կոչում:

– Ներս մտիր, անունդ գրված է Կյանքի Գրքում, միայն թե այն այլ հնչողություն ունի՝ Սեր:

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

surbzoravor.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս