Հայոց ցեղասպանության հարցը՝ Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի քաղաքական օրակարգերում

Հայոց ցեղասպանության հարցը երկար ժամանակ եղել է Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի առանցքային բաղադրիչներից մեկը։ Այն արտահայտել է ոչ միայն պատմական արդարության վերականգնման ձգտումը, այլև ծառայել է որպես համահայկական ինքնության, անվտանգության և միջազգային ճանաչման համար պայքարի գործիք։ Սակայն Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին Ցեղասպանության թեման աստիճանաբար դուրս է բերվել պետական ռազմավարական խոսույթից և փոխարինվել է «խաղաղության դարաշրջան» գաղափարով։ Փորձենք համադրել Սարգսյանի և Փաշինյանի կառավարման մոտեցումները՝ Ցեղասպանության հարցի ընկալման, գործարկման, իսկ Նիկոլի դեպքում՝ նաև քաղաքական վախերի դիտակետից։

Գաղտնիք չէ, որ Սերժ Սարգսյանի օրոք Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը պահպանում էր պետական առաջնահերթության կարգավիճակ։ Այն ներկայացվում էր՝ որպես արդարության վերականգնման, պատմական հիշողության պահպանման և ազգային անվտանգության կարևոր բաղադրիչ։ Փաշինյանի իշխանության գալուց հետո սկսվեց դիսկուրսային արմատական շեղում։ Ցեղասպանության հարցը գրեթե ամբողջությամբ մարգինալացվեց արտաքին քաղաքական հռետորաբանությունից և վերածվեց հիշատակի և սիմվոլիկ պատմական ցիկլերի շրջանակում նշվող իրադարձության։

Փաշինյանի հայեցակարգում Հայոց ցեղասպանությունն այլևս քաղաքական գործիք չէ, այլ հոգեբանական վերք, որը պետք է բուժել՝ «ապագայի վրա կենտրոնանալու համար»։

Սերժ Սարգսյանը, գործելով միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում, երբեք բացահայտ չի տարանջատել պատմական և իրական Հայաստանը։ Ցեղասպանության հարցում ընդգծվում էր պատմական արդարության կարիքը, իսկ ֆրանսիական խորհրդարանում, միջազգային համաժողովներում և Սփյուռքի հետ աշխատանքում հաճախ հիշատակվում էր Արևմտյան Հայաստանի ժառանգությունը։ Այս մոտեցումը թույլ էր տալիս պահպանել ազգային-պահանջատիրական դիսկուրսի շարունակականությունը՝ առանց դրա հիման վրա ռազմական կամ աշխարհաքաղաքական ագրեսիա կառուցելու։

Կարդացեք նաև

Նիկոլ Փաշինյանը, հակառակը, քաղաքական ծրագրի հիմքում դրեց «իրական Հայաստանի» գաղափարը։ Նրա խոսույթում Ցեղասպանությունը ներկայացվում է՝ որպես պատմական Հայաստանի կորստի հետևանք, սակայն դրանից որևէ քաղաքական հետևություն չի արվում։ Ընդհակառակը՝ հստակ սահմանվում է, որ Հայաստանի ապագան պետք է կառուցվի միայն խորհրդային սահմանի ներսում՝ «իրական Հայաստանում»՝ Արաքսի այս ափին։ Դրանով փորձ է արվում վերջ դնել անցյալի պահանջատիրական տրամաբանությանը և բացառել հնարավոր տարածքային հավակնությունները, ինչը միտված է Թուրքիային և Ադրբեջանին խաղաղության ուղերձ հղելուն։

Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ իրականացվել են համակարգված դիվանագիտական արշավներ։ Ֆրանսիայի, Լատինական Ամերիկայի, Կանադայի և այլ երկրների հետ հարաբերությունների մեջ Ցեղասպանության ճանաչման հարցը մշտապես օրակարգում էր։ Սփյուռքի կառույցների հետ համագործակցությունը խթանում էր միջազգային լոբբինգը։ Բացի այդ, «ֆուտբոլային դիվանագիտության» շրջանակում Թուրքիային ներկայացված նախապայմանները չէին ներառում Ցեղասպանության ճանաչումը, բայց Սարգսյանը երբեք չփորձեց այն դուրս բերել պետական քաղաքականությունից։

Այսօր մենք տեսնում ենք, որ Փաշինյանի օրոք որևէ ճանաչման արշավ չի նախաձեռնվել, իսկ Սփյուռքի դերն ու ներգրավվածությունը թուլացել է։ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման փորձը կատարվում է բացարձակապես այլ տրամաբանությամբ՝ զերծ անցյալի խնդիրների հիշատակումից։ Ցեղասպանության հարցը ձևախեղվում է որպես «խանգարող» հանգամանք՝ տարածաշրջանային հաղորդակցությունների բացման և խաղաղ կարգավորման համար։

Երրորդ նախագահը, ունենալով աշխարհաքաղաքականորեն հավասարակշռված արտաքին կողմնորոշում, առավել սերտ հարաբերություններ ԵՄ-ի և Ռուսաստանի հետ, կարող էր իրեն թույլ տալ ավելի ինքնավստահ խոսել Ցեղասպանության մասին՝ միջազգային իրավունքի շրջանակում։ Թուրքիայի հնարավոր սրացումները զսպվում էին դիվանագիտական հարթակում։

Փաշինյանի վարչակազմը, գտնվելով հետպատերազմյան ճնշման և տարածքային սպառնալիքների պայմաններում, զգալի վախ ունի թուրք-ադրբեջանական բլոկի արձագանքից։ Ցեղասպանության օրակարգը դիտվում է որպես պոտենցիալ ապակայունացնող գործոն, որի քաղաքականացումը կարող է վիժեցնել նրա «խաղաղության օրակարգը»։

2008-18 թվականներին Ցեղասպանության հարցը դիտարկվում էր որպես ազգային ինքնության, պատմական արդարության և արտաքին քաղաքականության բնական շարունակություն։ Այն ուներ գործնական արժեք՝ դիվանագիտական հարաբերությունների կառուցման, միջազգային ճանաչման և սփյուռքի համախմբման տեսակետից։ Նիկոլի օրոք Ցեղասպանության քաղաքական արժեքն էականորեն նահանջել է։ Այն այլևս չի դիտվում որպես ռազմավարական ակտիվ, այլ ներկայացվում է որպես անցյալ, որն անհրաժեշտ է «փակել», որպեսզի հնարավոր դառնա ապագա կառուցել խաղաղության հիման վրա։

Ակնհայտորեն պարզ է, որ գործ ունենք արմատականորեն իրար բախվող երկու քաղաքական տեսլականների հետ․ մի կողմից՝ Ցեղասպանության հարցում հստակ պահանջատիրության դրսևորում՝ բարոյական ու ճշմարտության արդարության վերականգնման հարցում, ինչպես նաև համազգային ինքնության ակնհայտ պահպանման մի մոդել, որում առանձին բաղադրիչ ուներ հայրենատիրությունը՝ հատկապես Արցախի հարցում, քանի որ ամբողջ աշխարհը հաշտվել էր, որ այն հայկական է, մյուս կողմից՝ արհեստականորեն ծնված ու հակահայկական օրակարգի դրսևորում, որտեղ բացակայում է պետականության դիսկուրսը։

ԱՐՄԵՆ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս