
«Իրանի նախագահն ամոթանք է տվել Փաշինյանին». Գագիկ Համբարյան
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը պաշտոնական այցով մեկնել է Ադրբեջան: Ադրբեջան կատարելիք այցից առաջ իր հարցազրույցում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»-ի վերաբերյալ նա ասել էր, որ Իրանն Ադրբեջանին տրամադրում է Նախիջևանին կապող ճանապարհ իր տարածքով. «Այս հարցի շուրջ արդեն աշխատանքներ են տարվում, և կա համապատասխան համաձայնագիր։ Յուրաքանչյուրը պետք է հարգի իր երկրի տարածքային ամբողջականությունը։ Պետությունների միջև սահմանային հաղորդակցության հարցերը կարող են լուծվել միայն բոլոր կողմերի շահերը հաշվի առնելու դեպքում»:
ՇՊՀ դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանի կարծիքով՝ Փեզեշքիանի վերոնշյալ հայտարարություն ուղղված է ոչ թե Ադրբեջանին, այլ Հայաստանի իշխանություններին:
«Ադրբեջանը, ըստ Նիկոլ Փաշինյանի, վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը, որը ճանաչվել է Փաշինյանի կողմից 2022թ. հոկտեմբերի 6-ի Պրահայի խայտառակ որոշումով, որով դավաճան Նիկոլն Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս: Իրանի նախագահի ուղերձն ուղղված է կոնկրետ ՀՀ-ին և Նիկոլ Փաշինյան կոչված երևույթին, որին ամոթանք է տվել փաստացի՝ հասկացնելով, որ՝ մի փոքր նորմալ ղեկավար եղիր և հարգիր քո տարածքային ամբողջականությունը: Եթե նայում ենք, թե աշխարհի տարբեր մայրցամաքներում գտնվող երկրներն ինչ հարևանություն ունեն, ինչ տարածքային խնդիրներ կարող են ունենալ, և եթե բոլոր հարևաններիդ ցանկությունները կատարես, դու վաղը-մյուս օրը տարածք չես ունենալու: Իրանի նախագահի ուղերձը հենց ՀՀ վարչապետին է ուղղված»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ շեշտելով՝ տարածաշրջանում միակ պետությունը, որ դեմ է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»-ին, Իրանն է:
Անդրադառնալով Փաշինյանի՝ Էստոնիա կատարած պաշտոնական այցին, Գագիկ Համբարյանը հարց հնչեցրեց՝ իմաստը ո՞րն էր այնտեղ գնալու, ի՞նչ կապ ունեն երկու երկրներն իրար հետ. «Էլ չասենք, որ արտաքին բոլոր հարթակներում Էստոնիան ՀՀ դեմ է հանդես գալիս, այնտեղ շատ ուժեղ է պրոադրբեջանական լոբբինգը, որովհետև ադրբեջանցիները նավթախավիարային դիվանագիտությամբ իրենց ուզածին հասնում են»:
Գագիկ Համբարյանը Փաշինյանի և նրա թիմակիցների մոտ վախեր է տեսնում. «Նրանք շատ լավ գիտեն, որ Գյումրիի և Փարաքարի ընտրությունների արդյունքում իրենք պետք է հույս չունենան, որ արդար ընտրություններով պարզ մեծամասնություն կարող են ստանալ և ձևավորել այն նույն ոհմակը, ինչ ունեն հիմա, և գործեն հայ ժողովրդի և ՀՀ դեմ»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում