«Եթե այս տեմպերով շարունակվի, կարող է նույնիսկ Արա Աբրահամյանը հավակնի լինել երկրի ղեկավարի դերում»

«Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ, վերլուծաբան Ստեփան Սաֆարյանը կարծում է` նոր Սահմանադրությամբ նախագահի ինստիտուտը ձևական է դառնում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ լրագրողներից մեկը Ս. Սաֆարյանից հետաքրքրվեց՝ ո՞վ կարող է լինել նախագահ սահմանադրական բարեփոխումներն ընդունվելուց հետո՝ հաշվի առնելով այն, որ արդեն իսկ շրջանառվում է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի անունը:

Ի պատասխան՝ Ս. Սաֆարյանն ասաց. «Անկեղծ ասած, եթե սահմանադրական փոփոխություններն անցնեն, ինձ համար բացարձակապես միևնույն է՝ ով է այդ աթոռին նստելու, որովհետև նա ոչինչ չի որոշելու: Նա ուղղակի մանդատ չունի: Այս համակարգը լինելու է գործող համակարգի սկզբունքով աշխատող՝ «հաղթողը ստանում է ամեն ինչ»»:

Հարցին էլ՝ իսկ ո՞ւմ եք տեսնում առաջիկայում երկրի ղեկավարի դերում, Ս. Սաֆարյանն այսպես պատասխանեց. «Եթե այս տեմպերով շարունակվի, կարող է նույնիսկ Արա Աբրահամյանը հավակնի լինել երկրի ղեկավարի դերում»:

Տեսանյութեր

Լրահոս