«Ե՛վ կողմ, և՛ դեմ արտահայտվողների գործունեության արդյունքում հասարակության մի ստվար հատված մոտիվացված չէ այդ սահմանադրական բարեփոխումներով»

Այս նոր Սահմանադրությունը խորացնելու է ժողովրդավարությունը մեր երկրում ու շատ ավելի նոր գործիքներ է ներդնելու, որով ընդդիմությունը կուժեղանա և իր վերահսկողական գործառույթները կուժեղացնի: Այս կարծիքին է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը, ով այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ արդեն իսկ սկսվում է սահմանադրական բարեփոխումներին «այո» ասող ճակատի քարոզարշավը, և իրենք ամեն ինչ անելու են, որպեսզի ամբողջ երկրում սահմանադրական բարեփոխումների նկատմամբ որևէ անտարբեր մարդ չմնա:

Անդրադառնալով սահմանադրական բարեփոխումներին «ոչ» ասողներին՝ ՀՀԿ-ական պատգամավորը նշեց, որ չկա որևէ համակարգ, որը բոլորին դուր գա և բոլորի սրտով լինի, բայց նրա համար շատ անընդունելի է, որ խոսվում է հանրաքվեի ոչ լեգիտիմության մասին ու այն մասին, որ հանրաքվեն կեղծվելու է. «Այս հանրաքվեով հանրաքվեի մշակույթը կդրվի մեզ մոտ»:

Մյուս բանախոսը՝ «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ, վերլուծաբան Ստեփան Սաֆարյանն ափսոսանք հայտնեց, որ ստեղծվել է մի վիրավիճակ՝ երբ և՛ կողմ, և՛ դեմ արտահայտվողներն իրենց գործունեության արդյունքում այնպիսի իրավիճակի են հանգեցրել, երբ հասարակության մի ստվար հատված մոտիվացված չէ սահմանադրական այդ բարեփոխումներով:

«Ես եղել եմ և մնում եմ գործող Սահմանադրության մոլի հակառակորդներից մեկը և փոփոխությունների կողմնակից: Բայց մենք պետք է տեսնենք ոչ միայն մի համակարգից անցում մյուսին, այլև տեսնենք, որ իշխանության ճյուղերի ստույգ տարանջատում կա: Այդ բացը մենք ունեցել ենք գործող Սահմանադրության մեջ: Ցավալիորեն, հիմա էլ անտեսված է, և որքան էլ մենք հայտարարենք, որ անցում ենք կատարում ավելի կուսակցական բաց համակարգի, այնուամենայնիվ, մենք ունենք բավականին խուճուճ, վերարտադրվող դատական իշխանություն, որը կա հիմա, ու հիմնական վեճերը լուծվելու են փողոցում, ինչպես հիմա է արվում»,- նշեց Ս. Սաֆարյանը:

Կարդացեք նաև

Անդրադառնալով նրան, թե ինչո՞ւ է Սահմանադրության լեգիտիմությունը կասկածի տակ դրվում, Ս Սաֆարյանը մեղադրեց ՀՀԿ-ին. «Որևէ մեկը մեղավոր չէ, որ ՀՀԿ-ի պաշտոն զբաղեցնող մարդիկ ակտիվորեն լծվել են քարոզչությանը, ու այդ հանրաքվեն կորցրել է լեգիտիմությունը»: Ս. Սաֆարյանը հատկապես նկատի ունի վարչապետ Հովիկ Աբրահամյանին և Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին:

Կ. Աճեմյանը, սակայն, չհամաձայնեց, որ վերջիններս քարոզչություն են անում. «Ամենաշատը մեզ է պետք, որ ամեն ինչ լեգիտիմ անցնի, որևէ պաշտոնյա որևէ օրենք չի խախտել»:

Հիշեցնենք, որ Սահմանադրության բարեփոխումների քարոզարշավի ՀՀԿ շտաբի պետը վարչապետ Հովիկ Աբրահամյանն է: Ս. Սաֆարյանը նշեց, որ հանրաքվեի մասին օրենքով արգելվում է պաշտոնյաներին քարոզչություն իրականացնել: Կ. Աճեմյանի խոսքով՝ վարչապետն ընդամենը համակարգելու է շտաբի աշխատանքները:

Ս. Սաֆարյանը դեռ չգիտի՝ մասնակցելո՞ւ է հանրաքվեին, թե՞ ոչ: ՀՀԿ-ական պատգմավորը, սակայն, նրան հորդորեց մասնակցել. «Ես Ձեզ հորդորում եմ անպայման մասնակցել հանրաքվեին, քանի որ քաղաքական գործիչն իրավունք չունի անտարբեր լինել նման գործընթացի նկատմամբ»:

Տեսանյութեր

Լրահոս