Հայկական օնլայն լրատվականներ. Հայացք ներսից
Օրեր առաջ ԶԼՄ-ներից մեկը հրապարակեց հայկական ինտերնետային լրատվամիջոցների վարկանիշը` ըստ SimilarWeb համակարգի։ Վարկանիշը հիմնված էր հայկական լրատվական կայքերի ամսական այցելությունների թվի վրա։
Առաջատարը News.am-ն էր, որը, ըստ Similar Web-ի` 2015 թվականի սեպտեմբերի ընթացքում ունեցել է 10.3 միլիոն այցելություն։ Նրան հաջորդում էր Blognews.am-ը (7 մլն այցելություն), 1in.am-ը (4.9 մլն այցելություն), և այլն։ Այցելությունների թվով առաջին 20 կայքերը ներկայացված են աղյուսակ 1-ում։
Իհարկե, կայքերի այցելությունների քանակը, մեծ հաշվով, ընթերցողին չի հետաքրքրում։ Այն ավելի շատ հետաքրքրում է հենց իրենց` լրատվական կայքերին, և գովազդատուներին, ովքեր տվյալ կայքում գովազդային բաններ տեղադրելու որոշում ընդունում են` նաև հենց այցելությունների թիվը հաշվի առնելով։
Սակայն SimilarWeb-ը, բացի այցելությունների թվից, տրամադրում է նաև այլ տեղեկատվություն ինտերնետային կայքերի վերաբերյալ, որոնք, կարծում ենք, շատերին կհետաքրքրեն։ Որոշ օրինաչափություններ պարզելու համար մենք առանձնացրել ենք այցելությունների թվով առաջին 20 տեղերը գրաված հայկական ինտերնետային կայքերը։
Սոցցանցից կախված
SimilarWeb-ը ցույց է տալիս, թե այցելությունները ինչ աղբյուրներից են` ուղղակի՞ (երբ մարդն անմիջապես հավաքում է կայքի հասցեն և մուտք գործում), թե՞ այլ աղբյուրներից։ Իհարկե, լրատվական կայքի համար ցանկալի է, որ օգտագործողներն առանց կողմնակի օգնության` միանգամից այցելեն իրենց կայք։ Սա նշանակում է, որ ընթերցողը հավատարիմ է, և նրան հատուկ ուղղորդել պետք չէ։ Օրինակ, բոլորին հայտնի CNN-ի ամսական այցելությունների (192.5 մլն) կեսից ավելին` 51.73%-ը, ուղղակի այցելություններն են, 21.34%-ը` CNN այցելում որոնողական համակարգերի միջոցով։ Սոցիալական ցանցերի դերն ընդամենը 11,72% է։
Իսկ ի՞նչ պատկեր է Հայաստանի դեպքում
Մեր դիտարկած 20 կայքերի ընդհանուր ամսական այցելությունների թիվը սեպտեմբերին կազմել է 36,7 միլիոն։ Դրանցից միայն 23,2%-ն են ուղղակի այցելություններ (8,5 միլիոնը)։ Առյուծի բաժինը` 59,1%-ը, բաժին է ընկնում սոցիալական ցանցերին։ Ընդ որում, սոցիալական ցանցերի մեջ անվիճելի առաջատարը Ֆեյսբուքն է, որն ապահովում է հայկական օնլայն ԶԼՄ-ների դիտումների շուրջ 55%-ը։ Կան կայքեր, որոնք ամբողջությամբ են կախված Ֆեյսբուքից` նրանց այցելությունների 85-90%-ն ապահովում է Ցուկերբերգի գործիքը։
Սա, թերևս, հայկական օնլայն մեդիայի գլխավոր խոցելի կետն է` կախվածությունը սոցիալական ցանցերից։ Այսինքն` եթե Ֆեյսբուքի հետ խնդիրներ առաջանան, ապա կայքերը կկորցնեն իրենց լսարանը։
Կան հայկական կայքեր, սակայն, որոնց հաջողվել է ստեղծել սոցիալական կայքերից չկախված կայուն լսարան։
Այս ցանկը գլխավորում է «Ազատություն» ռադիոկայանի կայքը, որի 890 հազար ամսական այցելությունների 50,7%-ն ուղղակի այցելողներ են։ Ուղղորդման կարիք չունեն նաև Shamshyan.com-ի ընթերցողները, որոնց 48,94%-ը կայք է մուտք գործում միանգամից` առանց սոցցանցերի կամ որոնողական համակարգերի։ Երրորդ տեղում A1plus.am-ն է` 47,62% ուղղակի այցելություններով։
Որ երկրներից են մեզ կարդում
SimilarWeb-ը տալիս է նաև այն հարցի պատասխանը, թե այցելությունները որ երկրներից են տեղի ունենում։ Ինչպես և կարելի էր սպասել, հայկական լրատվականների այցելուները մեծ մասամբ Հայաստանից են (շուրջ 85%), հետո հաջորդում են Ռուսաստանը, ԱՄՆ-ը և մյուս երկրները։
Սակայն կան կայքեր, որոնց դրսի լսարանը համեմատաբար ավելի մեծ է, քան մյուսներինը։
Այդ առումով աչքի է ընկնում PanArmenian.net-ը, որի հայաստանյան ընթերցողներն ընդհանուր թվի 45,65%-ն են։ Այսինքն` ընթերցողների մեծ մասն արտերկրից են։ Շուրջ 45% դրսային լսարան ունի նաև ArmenPress.am-ը։ Այս երկու կայքերն արտերկրից ունեցած ընթերցողների թվով անվիճելի առաջատարներ են։ Մնացածը կարելի է տեսնել աղյուսակ 3-ում։
Ում են հղում անում
Լրատվական կայքերի համար բավականին կարևոր ցուցանիշ է նաև հղված լինելը։ Այսինքն, երբ այլ կայքեր որևէ նյութ են մասնակի տեղադրում իրենց մոտ և ակտիվ հղմամբ նշում են սկզբնաղբյուր կայքը։ Պատշաճ հղման դեպքում դա սկզբնաղբյուրի համար բավականին լուրջ դիտումների աղբյուր է։ Բացի այդ, այն խոսում է բացառիկության մասին, քանի որ ամենից շատ հղվող կայքը, որպես կանոն, լինում է լուրի առաջին տարածողը։
Այս առումով առաջատարը Panarama.am-ն է։ Panarama.am-ի ընթերցողների 27,42%-ը կայք է մուտք գործել այլ կայքերից` ակտիվ հղման միջոցով։ Հղումների առումով ակտիվ են նաև A1plus.am-ը, Sham-shyan.com-ը և 168.am-ը։
Թերևս` այսքանը։
Կարծում ենք` այն գործընկերները, ում չենք հասցրել անդրադառնալ, ըմբռնումով կմոտենան, քանի որ Հայաստանում գործում են մի քանի տասնյակ օնլայն ԶԼՄ-ներ, և բոլորի տվյալները վերլուծելը բավականին ժամանակատար գործ է։