«Ադրբեջանն այլ միջազգային կառույցների անդամ է, ՀԱՊԿ-ի անդամ չէ, հետևաբար՝ ՀԱՊԿ-ի հայտարարությունները նրա համար քիչ կարևորություն ունեն». ՀՀԿ-ական պատգամավոր
«Ադրբեջանական սուլթանատը դուրս է գալիս բոլոր ընդունելի սահմաններից, սկսել է կրակել խաղաղ բնակչության վրա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով սահմանում լարված իրավիճակին՝ նման տեսակետ հայտնեց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը:
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել , ըստ որի՝ ադրբեջանական կողմը գնդակոծել է ՀՀ սահմանամերձ բնակավայրերը, ինչի հետևանքով ՀՀ Տավուշի մարզում զոհեր կան խաղաղ բնակչության շրջանում: Հայտարարության մեջ նաև ասվում էր, որ ստեղծված իրավիճակն Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության «նենգ» մարտավարության արդյունքն է ու սկզբունքորեն հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության կարգավորման բանակցությունների տրամաբանությանը և միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքներին:
Գ. Մինասյանը կարծում է՝ ՀՀ Պաշտպանության նախարարության կողմից արված հայտարարությունը «չափազանց տեղին» էր: Ըստ նրա՝ այս ստեղծված իրավիճակի համար պատասխանատու է ոչ միայն՝ Ադրբեջանը, այլև՝ միջազգային կառույցները.
«Տարիներ շարունակ մենք ասում ենք՝ երբ լինում է միջադեպ, ապա չի կարելի կողմերին կոչ անել երկուստեք զերծ մնալ այդ միջադեպերից: Մենք բազմիցս ասել ենք, որ՝ ստեղծեք մի համակարգ, որ ցանկացած միջադեպ հետաքննվի մինչև վերջ ու մեղավորը պատժվի: Մեր այդ առաջարկն ընդունելի էր նաև միջազգային հանրության, Մինսկի խմբի համանախագահների համար, սակայն, երբ Ադրբեջանն ասել էր՝ «ոչ, մենք այդ տեսակետին համաձայն չենք», նրանք ընկրկել էին»:
Գ. Մինասյանի խոսքով՝ միջազգային հանրության այս պահվածքը բերում է ադրբեջանական իշխանությունների մոտ ամենաթողության կոմպլեքսի ձևավորման.
«Ես կարծում եմ՝ գոնե այս աղաղակող դեպքերից հետո միջազգային հանրությունը պետք է իր ձայնը բարձրացնի ու բռնի Ադրբեջանի ձեռքը, որպեսզի նա չկարողանա իր անպատասխանատու քայլերով մի կողմից՝ սպանել անմեղ կանանց, մյուս կողմից՝ հարվածի տակ դնել իր սեփական քաղաքացիների կյանքը»:
Ըստ ՀՀԿ-ական պատգամավորի՝ մենք պետք է ոչ թե համարժեք պատասխան տանք ադրբեջանական կողմից, այլ մեր պատասխանը պետք է լինի ոչ համարժեք, «որպեսզի նրանց մտքով չանցնի՝ այդպիսի սանձարձակ քայլերի դիմել»:
168.am-ի հարցին՝ ըստ Ձեզ՝ ինչո՞վ է պայմանավորված միջազգային հանրության այդ լռությունը և բարյացակամ վերաբերմունքն Ադրբեջանի նկատմամբ, և Ձեր պատկերացմամբ՝ ո՞ր կառույցները և ի՞նչ ձևով պետք է արձագանքեն նման իրավիճակում, ՀՀԿ-ական պատգամավորը բերեց օրինակ, թե ինչպես կարելի է անդրադառնալ Ադրբեջանի այդ լկտի և սանձարձակ քայլերին.
«Երբ վերջերս ուղղակի ամենաթողության մակարդակը շատ մեծացավ Ադրբեջանի ներքին կյանքում, մի շարք կառույցներ հրաժարվեցին առաջիկա նոյեմբերի 1-ին տեղի ունեցող ընտրություններին իրենց դիտորդներին ուղարկել: Ըստ էության, Ադրբեջանը քաղաքական մեկուսացման է հանդիպել այն պատճառով, որ ինքն իր ներքին ընդդիմության նկատմամբ անթույլատրելի քայլեր է կատարում: Բայց երբ ինքն էլ ավելի անթույլատրելի քայլեր է կատարում հարևան երկրի քաղաքացիների նկատմամբ, այդպիսի վերաբերմունքի չի արժանանում»:
Մեր ճշտող հարցին՝ բայց ինչո՞ւ Ադրբեջանն այդպիսի վերաբերմունքի չի արժանանում այս դեպքում, Գ. Մինասյանն այսպես պատասխանեց.
«Ես կդժվարանամ հստակ պատասխանել, կարող եմ ենթադրել, որ իրենց երևի թվում է, որ այդպիսի կտրուկ վերաբերմունքի Ադրբեջանին արժանացնելու դեպքում, նա կարող է դուրս գալ բանակցային գործընթացից: Չեմ կարծում, որ այդպես կլինի, որովհետև եղել է մի երկու անգամ, որ նրանք կոշտ գնահատականներ են տվել ադրբեջանական կողմին, բայց մի երկու ամսից հետո նրանք նորից վերադարձել են բանակցային գործընթացին: Այսինքն՝ դա հիմնավորում չէ, որ բանակցային գործընթացը կարող է տապալվել»:
Մենք նաև հետաքրքրվեցինք ՀՀԿ-ական պատգամավորից, թե ի՞նչ պետք է անի Հայաստանն այս պարագայում, երբ ստացվում է, որ մեր՝ Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ լինելն անիմաստ է, քանի որ անգամ նման պարագաներում նրանք որևէ արձագանք, թեկուզ հայտարարության տեսքով, չեն անում: Ի պատասխան մեր հարցին՝ Գ. Մինասյանն ասաց, որ մեր՝ ՀԱՊԿ անդամ լինելը մեր անվտանգության կարևորագույն բաղադրիչներից մեկն է.
«Մեր սահմաններն Ադրբեջանի հետ՝ դա մեր ներքին խնդիրներն են, և, եթե մենք չենք կարող նույնիսկ Ադրբեջանի հետ կապված մեր սահմանները պահել և ապավինում ենք ՀԱՊԿ-ին, դա, կարծում եմ՝ ճիշտ մոտեցում չէ: Ինչ վերաբերում է իմ ասածներին, դրանք միջազգային կառույցներն են, այդ թվում՝ նաև ՀԱՊԿ-ն, բայց ոչ առաջին հերթին՝ ՀԱՊԿ-ն»:
Մեր դիտարկմանն ի պատասխան, որ ՀՀ նախագահն էլ առաջարկեց ՀԱՊԿ-ին գոնե հայտարարությամբ հանդես գալ, բայց նրանք հանդես չեկան, ՀՀԿ-ական պատգամավորը պարզաբանեց, որ Ադրբեջանը ՀԱՊԿ-ի անդամ չէ , և հետևաբար՝ ՀԱՊԿ-ի հայտարարությունները նրա համար քիչ կարևորություն ունեն. «Ադրբեջանն այլ միջազգային կառույցների անդամ է, և նրանց հայտարարություններն Ադրբեջանի համար էլ ավելի կարևոր են»: