Սպիտակ ակացիա (դեղատոմսեր)
Robinia psendoacacia-Robinia, կեղծ ակացիա կամ Սպիտակ ակացիա
Քչերին է հայտնի, որ ակացիան իրականում կոչվում է Ռոբինիա։ Այս ծառատեսակը լայնորեն տարածված է Հայաստանում։ Հայրենիքը Հյուսիսային Ամերիկայի Արեւելյան եւ Կենտրոնական շրջաններն են, Եվրոպա է բերվել 1600թ.։ Առաջին տնկին մինչ այսօր պահպանվում է Փարիզի բուսաբանական այգում, այն մշակել է արքունիքի պարտիզպան Վեսպասիան Ռոբենը, որի անունով էլ կոչվել է տեսակը։
Ծառատեսակի մոտակա «ազգակիցն» է Ռոբինիա կպչունը- Robinia viscose, որի ծաղիկները վարդագույն են կամ կարմիր. ունի մեծ դեկորատիվ կիրառում։ Իրական ակացիաների ընտանիքին պատկանում են մոտ 500 տեսակներ, որոնց մեծամասնության հայրենիքը Ավստրալիան է։ Հետաքրքիր է, որ Միջերկրականի ափերին էնդեմ հանդիսացող Cercis siliquastrum ակացիայի ծաղիկներն աճում են բնի կամ հին ճյուղերի վրա, այս կաուլիֆլորա կոչվող երեւույթը բնորոշ է նաեւ կակաոյի ծառին։
Կեղծ ակացիան պատկանում է բակլազգիների ընտանիքի թիթեռնածաղկավորների ենթաընտանիքին։ Ակացիայի բարձրությունը հասնում է 20 մ (երբեմն` մինչեւ 35 մ), բնի տրամագիծը` 1 մ, արմատային համակարգը խորն է, ճյուղավորված։ Արմատների վրա կան ազոտային միացությունները կուտակող պալարներ։ Ակացիան արագ աճող, երաշտին եւ սառնամանիքներին դիմացող, լուսասեր բույս է, հեշտությամբ աճում է աղակալած հողերի վրա, կարող է կազմել քամուց եւ հողերի հոսունությունից պաշտպանող ստվար պատնեշաշերտեր։
Բնության մեջ մշակման դեպքում հարկավոր է հաշվի առնել, որ հնարավոր է` արմատները թունավոր նյութեր արտադրեն։ Սպիտակ ակացիան շատ լավ է հարմարվում ժամանակակից քաղաքների պայմաններին, սաղարթը հեշտությամբ կարելի է ձեւավորել։ Հայտնի են ակացիայի մոտ երկու տասնյակ տեսակներ, դրանք տարբերվում են սաղարթի կառուցվածքով, տերեւների գույնով եւ դիրքով, փշերի առկայությամբ կամ բացակայությամբ, ծաղիկների գունային երանգներով, ծաղկման տեւողությամբ։
Ծառի փայտանյութը ամուր է, դիմացկուն վնասատուների հանդեպ, պահպանվում է ջրի մեջ։ Փայտանյութից պատրաստում են պարկետ, ցելյուլոզա, ամրակներ խաղողի վազերի համար։
Ծաղիկները եւ սերմերը պարունակում են մինչեւ 12 տոկոս եթերային յուղ, որի մեջ կան նաեւ մեթիլանտրանիլատ, ինդոլ, այլ նյութեր, որոնք ունեն յուրահատուկ բուրմունք եւ օգտագործվում են օծանելիքի արտադրության մեջ։
Կեղծ ակացիան աչքի է ընկնում մեղրատվությամբ, մեկ հասուն ծառի ծաղիկներից մեղուները «հավաքում» են 14-15 կգ մեղր, որի գույնը բաց է, իսկ որակը` շատ բարձր։
Ծաղիկները պարունակում են բույսին բնորոշ գլյուկոզիդներ, սալիցիլաթթու, տանիններ։ Տերեւները` ֆլավոններ, զգալի քանակությամբ կարոտին եւ վիտամին C, գլյուկոզիդներ։ Տերեւները եւ մատղաշ ցողունները օգտագործվում են որպես անասնակեր, հատկապես օգտակար են ճագարների համար։ Տերեւներից ստանում են կանաչ ներկանյութ։ Կեղեւը պարունակում է գլյուկոզիդ ռոբինին, տանին, ճարպային յուղ, ֆիտոստերին, կաշվեգործության մեջ օգտագործվող դաբաղանյութ։
Պտուղները հարուստ են ճարպայուղով։ Բույսի բոլոր մասերում պարունակվում են պեկտին եւ լորձանյութ։
Հնագույն ժամանակներից կեղծ ակացիայի տարբեր մասերը օգտագործվել են ժողովրդական բժշկության մեջ` Ծաղիկների թուրմը` որպես ջերմիջեցնող, խորխաբեր միջոց, իսկ կեղեւի եփուկը` գոլ վիճակում ստամոքսի խանգարումների եւ ստամոքսի բարձր թթվայնության դեպքում։ Այդ նպատակի համար կես թեյի գդալ մանրացրած կեղեւը թրմում են 400 մլ եռջրի մեջ եւ խմում օրվա ընթացքում մինչեւ սնունդ ընդունելը, բաժանելով 3-4 մասի։ Բուժման նպատակով ծաղիկները հավաքում են կիսաբաց վիճակում, չորացնում օդափոխվող ծածկի տակ կամ ջեռոցում 40-50 աստիճանի տակ։ Կեղեւը եւ տերեւները հավաքում են ողջ վեգետացիոն շրջանում։
Պետք է պահպանել անվտանգության կանոնները` կեղեւի եւ փայտանյութի մթերման ժամանակ կարող են առաջանալ գլխացավ, սրտխառնոց, քնկոտություն։ Կեղեւը պարունակում է թունավոր ալկալոիդ ալբումին ռոբինին։ Ակացիայի պատրաստուկներով բուժվելիս հարկավոր է խստորեն պահպանել պատրաստման եւ ընդունման չափաբաժինները։
Դեղատոմսեր
Երիկամների, միզապարկի բորբոքման դեպքում. 1 թ/գ թարմ կամ կես թ/գ չորացրած ծաղիկներին ավելացրեք 150 մլ ջուր, եռացրեք 3 րոպե, քամեք, վերականգնեք նախնական ծավալը եռջրով։ Խմեք 1 ճ/գ, օրը 3-4 անգամ, սնունդ ընդունելուց առաջ։
Ստամոքսաբորբի դեպքում. 1 թ/գ մանրացրած կեղեւին կամ մատղաշ ճյուղերին ավելացրեք 300 մլ զտված ջուր, 20 րոպե եռացրեք ջրային բաղնիքի վրա, քամեք, վերականգնեք նախնական ծավալը եռջրով։ Բաժանեք մասերի, խմեք երկու օրվա ընթացքում։ Խորհուրդ է տրվում` սնունդ ընդունելուց առաջ։ Խորհուրդ է տրվում ստամոքսահյութի բարձր թթվայնության դեպքում։
Հանգստացնող, քնաբեր միջոց. Մեկ-երկու գրամ ակացիայի ծաղկափոշին թրմեք 20-30 րոպե, 50 մլ եռջրի մեջ։ Խմեք քնելուց առաջ։
Երիկամների քրոնիկ հիվանդության դեպքում. Խառնեք ակացիայի ծաղկափոշին եւ մայիսյան մեղրը 1։3 ծավալային հարաբերությամբ։ Խմեք օրը 2-3 անգամ, 1 թ/գ, սնունդ ընդունելուց առաջ։ Նախապես թրմեք 2-3 ժամ տաք ջրի մեջ, շարունակեք 30-45 օր։
Այրուցքի դեպքում. Թրմեք ակացիայի մանրացրած, մատղաշ ճյուղերը 70 տոկոսանոց սպիրտի մեջ (1։10 քաշային հարաբերությամբ)։ Խմեք օրը 3 անգամ 10-ական կաթիլ, 1 ճ/գ ջրի հետ, եթե այրուցքի պատճառը ստամոքսահյութի բարձր թթվայնությունն է։
Վարիկոզի դեպքում. Ապակե տարան լցրեք ակացիայի ծաղիկներով, ավելացրեք օղի, թրմեք 7 օր։ Օգտագործելուց առաջ խառնեք ջրի հետ (1։1), օրը մեկ անգամ քսեք ոտքի հիվանդ մասերին։
Միզապարկի մանր քարերի, ավազի դեպքում. Խառնեք ակացիայի ծաղիկները շաքարավազի հետ 2։1 քաշային հարաբերությամբ։ Խառնուրդը տեղավորեք արծնապատ տարայի մեջ, ծածկեք սպիտակ թղթով, վրայից դրեք տախտակ եւ ծանր իր (քար)։ Տեղադրեք հով մութ տեղում 7-10 օր։
Ստացված հյութը լուծեք հավասար քանակությամբ մաքուր բժշկական սպիրտի մեջ։ Տասը օրից ոգեթուրմը պատրաստ է։ Խմեք 1-ական թ/գ, օրը 3 անգամ, սնունդ ընդունելուց առաջ։ Բուժման ժամկետը համաձայնեցրեք բուժող բժշկի հետ։
2011թ., Հունիս 11
«168 ԺԱՄ»