Նիգավան գյուղում ինքնասպան եղած 21-ամյա երիտասարդը համայնքապետի ազգականն է
Երեկ Արագածոտնի մարզի Նիգավան գյուղում ինքնասպանության դեպք է գրանցվել: Գյուղի 21-ամյա բնակիչը հայտնաբերվել է անասնագոմի ծածկից կախված վիճակում:
Նիգավան համայնքի ղեկավար Արտաշես Գալստյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ընտանիքն իր տան հարևանությամբ է բնակվում, երիտասարդն իր ազգականն է: «Պատճառներ չենք տեսնում, մեզ էլ է անհայտ, թե ինչու է այդպես արել»,- ասաց համայնքի ղեկավարը՝ նշելով, որ երիտասարդի մայրը դպրոցում ուսուցչուհի է, հայրը տնտեսությամբ է զբաղվել, քույրն էլ ուսանող է:
«Մեր կասկածն այն է, որ ինքը հիվանդություն ուներ, էպիլեպսիա հիվանդություն ուներ: Մենք միայն դա ենք մտածում, որ հիվանդության մոմենտին երևի նոպաներ է ունեցել: Չիտենք՝ ինչ է անցել մտքով: Ոչ էլ սոցիալապես անապահով ընտանիք էր»,- ասաց համայնքի ղեկավարը: