Freedom House-ը հրապարակել է «Մամուլի ազատություն-2015» զեկույցը. Հայաստանը ճանաչվել է անազատ երկիր
Freedom House կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատություն – 2015» տարեկան հաշվետվությունը, որի համաձայն՝ 2014 թվականին համայն աշխարհում կտրականապես վատթարացել են ԶԼՄ-ների գործունեության համար պայմանները, որոնք դարձել են ամենավատը վերջին ավելի քան 10 տարվա համար:
Զեկույցում նշված է, որ լրագրողները գնալով բախվում են ավելի շատ սահմանափակումների կառավարությունների, հանցագործների ու ԶԼՄ-ների սեփականատերերի կողմից:
Զեկույցն առնչվել է 199 երկրի ու տարածքի, որոնցից 63-ը (32 տոկոս) ճանաչվել են ազատ երկրներ, 71-ը (36 տոկոսը)՝ մասնակի ազատ երկրներ և 65-ը (32 տոկոս)՝ անազատ երկրներ:
Մոլորակի ամեն 7 բնակչից միայն մեկն է ապրում ազատ մամուլով երկրում: Ազատ մամուլը նախկինի նման գործում է Եվրոպայում ու Հյուսիսային Ամերիկայում: Վատթար իրավիճակ է տիրում Աֆրիկայում ու Ասիայում:
Ամենավատ իրավիճակը տիրում է 10 երկրներում ու տարածքներում՝ Բելառուս, Ղրիմ, Կուբա, Հասարակածային Գվինեա, Էրիթրեա, Իրան, ԿԺԴՀ, Սիրիա, Թուրքմենստան ու Ուզբեկստան: Ուշագրավ է, որ Freedom House-ն առաջին անգամ առանձնացրել է Ղրիմը:
Մամուլի ազատության հարցում առաջատարներն են Նորվեգիան, Շվեդիան, Բելգիան, Ֆինլանդիան, Նիդերլանդները, Դանիան, Լյուքսեմբուրգը, Անդորան, Շվեյցարիան ու Լիխտենշտեյնը:
Հայաստանը ճանաչվել է անազատ երկիր՝ Ալժիրի հետ կիսելով 135-րդ հորիզոնականը: Նրանք ունեն լավագույն ցուցանիշն անազատ ճանաչված երկրների թվում (133-րդ հորիզոնականը կիսած Գվատեմալան ու Լիբերիան ճանաչվել են արդեն ազատ երկրներ):
Ադրբեջանը նույնպես ճանաչվել է անազատ երկիր և Բահրեյնի հետ կիսում է 188-րդ հորիզոնականը: Մինչդեռ Վրաստանը ճանաչվել է մասնակի ազատ երկիր՝ Լեսոթոյի, Թունիսի ու Սենեգալի հետ կիսելով 93-րդ հորիզոնականը:
ԵՏՄ-ի անդամներից Ռուսաստանը ճանաչվել է անազատ երկիր և 180-րդ հորիզոնականը կիսում է Եթովպիայի ու Սաուդյան Արաբիայի հետ: Բելառուսն ու Ղազախստանը նույնպես ճանաչվել են անազատ երկրներ՝ համապատասխանաբար զբաղեցնելով 194-րդ և 185-րդ հորիզոնականները:
ԵՏՄ-ին անդամակցել հավակնող Ղրղզստանը ճանաչվել է անազատ երկիր և 148-րդ հորիզոնականը բաժանում է Սինգապուրի, Կատարի ու Աֆղանստանի հետ:
Հայաստանի հարևաններից Թուրքիան 142-րդ տեղը կիսել է Պակիստանի ու Մալայզիայի հետ՝ ճանաչվելով անազատ երկիր, իսկ Իրանը 190-րդ հորիզոնականը կիսել է Սիրիայի ու Հասարակածային Գվինեայի հետ՝ բնականաբար նույնպես ճանաչվելով անազատ երկիր: