«Պետք է վերածվենք այն հային, որը կարողանա վրեժ լուծել ու ետ բերել իր հողերը»
«Ճանաչելով ոչինչ չի վերջանում, նախ` մեր գործերով պետք է արժանի դառնանք զոհերի հիշատակին: Նախքան Թուրքիայի ճանաչելը մենք ինքներս պետք է ոգեփոխվենք ու վերածվենք այն հային, որը կարողանա վրեժ լուծել ու ետ բերել իր հողերը»,- այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց Լիբանանի Ախթամար ընկերակցության ղեակավար Օնիկ Քանթարջյանը:
Նա տեղեկացրեց, որ ընկերակցության 100 հոգանոց պատվիրակությունը Լիբանանից` «Ոչ, պետք է չմոռանանք երբեք» խորագրով ուխտագնացությունով եկել է Հայաստան, եղել են Արևմտյան Հայաստանում, շրջել կոտորածների վայրերում, անմոռուկներ փակցրել Անիի ավերակներում, Մշո Առաքելոց վանքում, որ այսօր մզիկիթի է վերածվել, Արաքսի ափին շատ մեծ խնկարկություն են արել: Ախթամարի վանքում մասնակցել պատարագի, օդապարիկներ բաց թողել անմոռուկներով:
Ըստ նրա՝ նախ մենք մեր մեջ պետք է հարություն առնենք, իսկ մինչ այդ՝ ճիշտ չէ գերնպատակ ունենալ այն, որ Թուրքիան ճանաչի Ցեղասպանությունը. «Հայաստանը պետք է պահանջատեր լինի, բայց եթե պահանջատեր լինի թույլ մեկը, իր պահանջատիրությունն այն ուժը չի ունենա: Մենք հզոր ազգ ենք, բայց մեր հզորության ներուժը դեռևս չենք վերագտել: Երբ վերագտնենք, մեր պահանջատիրությունը շատ ավելի հզոր կլինի, և ավելի շուտ տեղ կհասնի»: