Շեր, Քիմ Քարդաշյան և Անդրե Աղասի. Հայկական սփյուռքի Ա-ցանկը. Theguardian
Հեղինակավոր Theguardian-ը ծավալուն հրապարակում է պատրաստել Հայոց ցեղասպանության և դրա հետևանքով աշխարհով մեկ սփռված ժառանգների` աշխարհահռչակ հայերի մասին, որը ներկայացնում ենք ստորև:
Հայերը 1915 թվականի Ցեղասպանության ժամանակ փախել են իրենց հայրենիքից և հաստատվել, բարգավաճել են աշխարհի տարբեր երկրներում:
Ստորև ներկայացված են նրանց տասը հետնորդները, ովքեր անգերազանցելի են մի շարք ոլորտներում:
Հայկական սփյուռքը իր վտարանդիներով և նրանց ժառանգներով, գնահատվում է 10մլն մարդ, սփռված մայրցամաքներով՝ Ռուսաստանից մինչև ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Լիբանան և Ավստրալիա, որի թիվը 3 անգամ գերազանցում է Հայաստանի բնակչության թվին:
Ինչպես և այլ ազգերի համայնքները, այնպես էլ, հայկական համայնքները հաճախ ծաղկել են իրենց «նոր» հայրենիքներում՝ նպաստելով բիզնեսի, սպորտի, ինչպես նաև մշակութային և քաղաքական կյանքի զարգացմանը:
Այս բազմազանությունը արտահայտվում է աշխարհի ամենահայտնի տասը հայերի միջոցով:
Շեր: 68-ամյա երգչուհին և դերասանուհին զավակն է ամերիկացի մոր և ամերիկահայ հոր, ով ծնվել է որպես Շերիլին Սարգսյան: Բազմաթիվ մրցանակների դափնեկիրը հայտարարել է, որ իր կյանքի մեծ մասի ընթացքում ուժեղ կապվածություն չի զգացել իր հայկական արմատների հետ: Այնուամենայնիվ, ամեն ինչ փոխվեց 1993 թվականին, երբ նա՝ մարդասիրական օգնության նպատակով, այցելեց Հայաստան, այն ժամանակ, երբ երկիրը պատերազմի մեջ էր Ադրբեջանի հետ: Անցած շաբաթ նա իր Թվիթերյան էջում կիսվեց իր տատիկի՝ իրեն պատմած սարսափ պատմությամբ, որտեղ տատիկը պատմել է հարյուր տարի առաջ Հայաստանի հետ տեղի ունեցած իրադարձությունների մասին: Երգչուհին կոչ է արել թուրքական կառավարությանը ճանաչել այդ իրադարձությունները, որպես Ցեղասպանություն:
Քիմ Քարդաշյան: Ռեալիթի շոուների 34-ամյա հեռուստատեսային աստղը, պրոֆեսիոնալ «Սելֆի նկարողը» (նրա սելֆիների գիրքը լույս կտեսնի հաջորդ ամիս) համարվում է հայ ազգի օտարերկրյա ամենահայտնի ներկայացուցիչներից մեկը: Քարդաշյանը (անցած տարի հայտնի հիփ-հոփ աստղ Քանյե Ուեսթի հետ ամուսնությունից հետո նրա պաշտոնական անունն է Քարդաշյան-Ուեսթ) անցյալ շաբաթ առաջին անգամ այցելեց Հայաստան՝ իր հանգուցյալ հոր Ռոբերտի պապական հայրենիք, որտեղ նա հանդիպեց վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ և ծաղիկներ դրեց Հայոց ցեղասպանության հուշահամալիրում: Եվ, որպեսզի որևէ մեկի համար նրա մշակութային ուխտագնացությունը գաղտնի չլինի, ճանապարհորդությունը նկարահանվել է «Քարդաշյանների ընտանիքը» ընտանեկան ռեալիթի շոուի համար:
Այցը մեծ գնահատանքի արժանացավ, քանի որ այն ավելացրեց Ցեղասպանության տարելիցի մասին իրազեկումը աշխարհում: Քարդաշյանն ամեն տարի այս հարցը ներկայացնում է հանրության ուշադրությանը: Քիմի հայրը 1995 թվականին մասնակցել է OJ Simpson’s սպանության գործի քննությանը` որպես դատապաշտպան:
Անդրե Աղասի: 44 տարեկան է, երեխան է ամերիկացի մոր և իրանահայ հոր, ծնվել է Լաս Վեգասում: Ի սկզբանե ընտանիքի ազգանունը եղել է Աղասյան, բայց նրանց նախնին փոխել է այն Աղասիի, որպեսզի խուսափի հետապնդումներից: Աղասին, ով ութ «Մեծ սաղավարտների» հաղթող է և ամուսնացած է թենիսի աստղ Շտեֆի Գրաֆի հետ, թենիսիստի կարիերան ավարտելով` իրեն նվիրել է բարեգործական գործունեությանը:
Շառլ Ազնավուր: Նրան համարում են ֆրանսիացի Ֆրենկ Սինատրա: Ազնավուրը ֆրանսահայ սիրված երգիչ, դերասան, հասարակական գործիչ է: 90-ամյա Ազնավուրը ծնվել է հայ էմիգրանտների ընտանիքում, նրա իսկական անունը Շահնուր Վաղինակի Ազնավուրյան է: Նրա մայրը` Քնար Բաղդասարյանը, 1915թ. Ցեղասպանությունից փրկվածներից էր:
Ազնավուրի համար հաջողության գրավական հանդիսացավ Էդիթ Պիաֆը, ով լսեց 22-ամյա Շառլի երգերը և առաջարկեց նրան համագործակցություն՝ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի շրջագայությունների ընթացքում: 20-րդ դարի ընթացքում Ազնավուրը թողարկել է ավելի քան 100 ձայնագրություններ և նկարահանվել է 60-ից ավելի ֆիլմերում: 1998թ. նա CNN-ի և Time Online-ի կողմից ճանաչվել է դարի արվեստագետ:
Սերգեյ Լավրով: 2004 թվականից Ռուսաստանի արտաքին գործերի նախարարն է, իսկ մինչ այդ Լավրովը եղել է Ռուսատանի դեսպանը ՄԱԿ-ում: Լավրովը 65 տարեկան է, ծնվել է ռուս մոր և հայ հոր ընտանիքում: Նա միշտ նշել է. «Իմ երակներում հայի արյուն է հոսում»:
Քըրք Քըրքորյան: Նա հայկական ծագմամբ համաշխարհային նշանավոր գործարար է: 97 տարեկան է, ապրում է Կալիֆորնիայում և 4 մլրդ կապիտալով Tracinda կազմակերպության գործադիր տնօրենն է: Նա եղել է MGM ընկերության սեփականատերը, նաև հայտնի է որպես «մեգա-հանգստավայրերի կնքահայր» Լաս Վեգասում: Քըրքորյանի ծնողները հայ էմիգրանտներ են եղել և միլիարդատեր Քըրքորյանը ավելի քան 1 մլրդ դոլլարի նեդրում է կատարել Հայաստանում, սկսած 1988թ. Սպիատկի երկրաշարժից, որը 25.000 մարդու կյանք խլեց:
Ալան Պրոսթ: «Ֆորմուլա 1-ի» քառակի չեմպիոն, 1987-2001 թվականներին Գրան-պրի մրցաշարերից շատերի ժամանակ ռեկորդներ է սահմանել: 2001 թվականից դիրքերը զիջել է Միխայիլ Շումախերին: 60-ամյա ֆրանսիացի ավտոարշավորդի մայրական կողմի տատն ու պապը եղել են հայեր: Նրա տատիկը ցեղասպանության ժամանակ փախել է Ֆրանսիա, որտեղ և հանդիպել է իր ամուսնուն, և լույս աշխարհ է բերել Մարի-Ռոզ Կարատչյանին՝ Պրոսթի մորը:
Սերժ Թանկյան: Նա «System of a Down» մետալ խմբի մեներգիչն է: Թանկյանը ծնվել է Լիբանանում, հայ ընտանիքում և 5 տարեկանում տեղափոխվել է Լոս Անջելես: Նրա պապիկը Հայոց Ցեղասպանության փրկվածներից է: Թանկյանի խմբի 3 անդամները նույնպես հայկական ծագում ունեն: Երգիչը համերգային քարոզչական արշավներ է անցկացրել, որպեսզի 1915թ. տեղի ունեցած իրադարձությունները ճանաչվեն որպես Ցեղասպանություն, որոնց համար 2011թ. պարգևատրվել է Հայաստանի վարչապետի հուշամեդալով: 2014թ. խումբը հայտարարել է Ցեղասպանության հարյուրամյա տարելիցին նվիրված շրջագայության մասին, որն իր մեջ ներառելու է անվճար համերգ Երևանում, ապրիլի 23-ին:
Էնդի Սերկիս: Հայտնի է «Մատանիների տիրակալը» և «Հոբբիթ» ֆիլմերում կերտած Գոլլումի դերով: Սերկիսը, նկարահանվել է նաև Քինգ Քոնգի դերում Պիթեր Ջեքսոնի նույնանուն ֆիլմի րիմեյկում, ինչպես նաև կերտել է Կեսարի կերպարը «Կապիկների մոլորակի ապստամբությունը» ֆիլմում և վերջինիս շարունակության մեջ: Ծնվել է բրիտանուհի մոր և հայազգի հոր ընտանիքում: Էնդիի հոր ընտանիքի ազգանունը եղել է Սարգսյան, որը փոխվել է Սերկիսի՝ իրենց նախնու կողմից:
Դևիդ Դիկենսոն: 73-ամյա բրիտանացի հնաոճ իրերի մասնագետ և հեռուստահաղորդավար է, ում մայրը հայազգի Էժեն Գուլեսարայանն է, որին հետագայում որդեգրել են Ջիմ և Ջոյս Դիկենսոնները:
Dickinson’s Real Deal-ի և Bargain Hunt-ի հաղորդավարը մինչև 12 տարեկանը չի իմացել, որ ինքը որդեգրված է և չի հանդիպել իր կենսաբանական մոր հետ, չնայած, որ նրանք նամակագրության մեջ են եղել մինչ մոր մահը: 2006-ին Դիկենսոնը մասնակցել է BBC-ի Who Do you Think you Are? (Ինչ ես կարծում, ով ես դու) հաղորդմանը, ինչի հետևանքում նա ճանապարհորդել է դեպի Թուրքիա, որտեղ մինչև Բրիտանիա մեկնելը, ապրել են նրա հայազգի նախնիները:
Նյութը հրապարակման պատրաստեց ԱՆԻ ԳԱԲՈՒԶՅԱՆԸ