«Իրոք, մենք պարտական ենք Ուրուգվայի իշխանություններին և ժողովրդին». Հովիկ Աբրահամյան
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության միջև 2014թ. հուլիսի 9-ին ստորագրված համագործակցության շրջանակային համաձայնագրին: Համաձայնագրին հավանություն տալը խորհրդանշական է, քանի որ աշխարհի տարբեր կետերում քաղաքակիրթ մարդկությունը այս օրերին հարգանքի տուրք է մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին և դատապարտում մարդկության դեմ իրականացված հրեշավոր այդ հանցագործությունը: Խորհրդանշական է այն առումով, որ Ուրուգվայն առաջին պետությունն էր, որն ուղիղ հիսուն տարի առաջ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այս առնչությամբ նշել է. «Իրոք, մենք պարտական ենք Ուրուգվայի իշխանություններին, ժողովրդին այդ գնահատականի համար, որ դեռ հիսուն տարի առաջ առաջին երկիրն էր աշխարհի երկու տասնյակից ավելի երկրների թվում, որոնք ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը»: