ԱՄՆ-ը զենք է մատակարարում «Իսլամական պետության» զինյալներին. իրանցի գեներալ
Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ` Իրանի զինված ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Հասան Ֆիրուզաբադին Թեհրանում Բանակի օրվա կապակցությամբ անցկացվող զորահանդեսի ժամանակ վստահություն է հայտնել, որ ԱՄՆ-ն աջակցում է «Իսլամական պետություն» արմատական խմբավորման զինյալներին:
Նրա խոսքերով` Թեհրանը տվյալներ ունի այն մասին, որ ամերիկյան ինքնաթիռները կանոնավոր թռիչքներ են իրականացնում դեպի այն օդանավակայաններ, որոնք գտնվում են ահաբեկիչների վերահսկողության տակ` այնտեղ հասցնելով զենք, գումար և սննդամթերք.
«Վաշինգտոնը չպետք է օգնի խմբավորմանը, ապա ներողություն խնդրի և հայտարարի, որ դա արել է սխալմամբ: ԱՄՆ-ը պնդում է, որ ցանկանում է դիմակայել «Իսլամական պետությանը», մինչդեռ իրականում ստացվում է, որ նրանք իրականացնում են հետախուզություն ու դիտարկում:
Եթե ԱՄՆ-ն ազնիվ է «Իսլամական պետության» ստեղծման հարցում իր չմասնակցելու մասին հայտարարություններում, ապա նրանք կարող են հեշտությամբ պայքարել ահաբեկչական այդ խմբավորման դեմ:
Մենք հուսով ենք, որ ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի կառավարությունները կպայքարեն «Իսլամական պետության» դեմ` առնվազն գոնե սեփական քաղաքացիների համար: Մոտ ապագայում ահաբեկչության կոշտ ալիքը կտարածվի ԱՄՆ-ում, Եվրոպայում և կշոշափի համայն մարդկությանը»: