ՀՀ-ն չի կարող բախտի քմահաճույքին թողնել քաղաքացիական պատերազմի բովում հայտված սիրիահայ հայրենակիցներին
Հալեպում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ Վերակազմյալ ՍԴՀԿ հայտարարություն է տարածել, որում ասված է.
«Վերջին օրերին կրկին աղետագույժ լուրեր են ստացվում Հալեպից, որտեղ ահաբեկիչների հրթիռակոծությանն ու հարձակումներին են ենթարկվում քաղաքի հայկական թաղամասերը: Զոհերի և վիրավորների թվում կան նաև մեր հայրենակիցների անունները:
Ահաբեկիչ ծայրահեղականների հերթական դժնի գործողությունների արդյունքում ավերվել կամ վնասվել են մեր հայրենակիցներով բնակեցված շենքեր, հայկական կրթամշակութային օջախներ, մասնավոր գույք: Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին մենք ականատեսն ենք լինում երբեմնի հայկական ծաղկուն գաղթօջախի անկման և աստիճանական հայաթափման: Չնայած Սիրիայի իշխանությունների կողմից ձեռնարկված միջոցառումներին`ուղղված ազգային և կրոնական փոքրամասնությունների, այդ թվում հայերի անվտանգության հնարավորին ապահովմանը` իրավիճակը Սիրիայում շարունակում է մնալ խիստ լարված և վտանգում է սիրիահայ համայնքի հետագա գոյությունը:
Այս պայմաններում ՀՀ իշխանությունները քաղաքական և բարոյական պարտավորություն ունեն հնարավոր ամեն միջոց ձեռք առնել սիրիահայ համայնքին աջակցելու նպատակով, այդ թվում Հալեպ և պատերազմի թատերաբեմում հայտնված սիրիահայ այլ գաղթօջախներ ուղարկել մարդասիրական օգնություն, առաջին անհրաժեշտության ապրանքներ, ըստ հնարավորության` տրամադրել նաև ֆինանսական աջակցություն: ՀՀ կառավարությունը պետք է դիտարկի նաև սիրիահայերի` Հայաստան զանգվածային ներգաղթը խթանող քայլերի ձեռնարկման հնարավորությունը. հայրենիքում հաստատվելը սիրիահայ մեր շատ հայրենակիցների համար կլինի կյանքի և գույքի ապահովության օպտիմալ միջոց:
Հայաստանի Հանրապետությունը չի կարող պասիվություն դրսևորել և բախտի քմահաճույքին թողնել քաղաքացիական պատերազմի բովում հայտված սիրիահայ հայրենակիցներին:
Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը, իր զորակացությունը հայտնելով սիրիահայ հայրենակիցներին, միաժամանակ անբավարար է գնահատում ՀՀ կառավարության գործունությունը սիրիահայերին աջակցելու և նրանց անվտանգութոյւնն ապահովելու ուղղությամբ: Կուսակցությունը կոչ է անում ՀՀ կառավարությանը ձեռնարկել անհրաժեշտ քայլեր սիրիահայերի դժվարին կացությունը մեղմելու, այդ թվում նրանց` Հայաստան տարհանումը կազմակերպելու ուղղությամբ»:
Վերակազմյալ ՍԴՀԿ
Ատենապետ` Լյուդմիլա Սարգսյան