Հա՛յ, բա քոնը ո՞րն է. Եվրոպայում մի պատշգամբ է փլվում, ստիպում են, որ վարչապետը հրաժարական տա… Սա մեր երկրում ամեն ինչ է պղծել. Հուսիկ Արա

Օրերս  փաստաբան Արա Զոհրաբյանը տեղեկացրել էր, որ Ամենայն Հայոց  կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ներսիսյանի և վեց եպիսկոպոսների (արքեպիսկոպոսների) վերաբերյալ քրեական գործը հանձնվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան և մակագրվել դատավոր Հակոբ Մանուկյանին։

Նախնական դատալսումների առաջին նիստը նշանակվել է 2026թ. օգոստոսի 7-ին ժամը 16:00-ին, Էջմիածին քաղաքում (Էջմիածին, Սբ. Գրիգոր Լուսավորչի փող., 15 շենք, թիվ 1 դահլիճ):

Ամենայն Հայոց կաթողիկոսը մեղադրվում է այն արարքի համար, որ նա, հանդիսանալով նաև Գերագույն Հոգևոր Խորհրդի նախագահ, իր ծառայողական լիազորություններն օգտագործելով, իբրև խոչընդոտել է օրինական ուժի մեջ մտած դատական այլ ակտի՝ «Հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը բավարարելու» վերաբերյալ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Էդգար Հովհաննիսյանի) որոշման կատարմանը:

Այս ամենին զուգահեռ, Վեհափառ հայրապետը հրավեր չի ստացել մասնակցելու ԱԺ անդրանիկ նիստին, որը տեղի է ունենալու այս կիրակի՝ օգոստոսի 2-ին։ ՀՀ անկախությունից ի վեր ԱԺ անդրանիկ նիստերն անցկացվել են Կաթողիկոսի ներկայությամբ ու օրհնությամբ։

Կարդացեք նաև

Բանաստեղծ Հուսիկ Արայի խոսքով՝ Վեհափառ հայրապետին դատարան տանելը տխմարության, տգիտության գագաթնակետն է, քանի որ կաթողիկոսն իրավունք ունի անձին ձեռնադրելու և իրավունք ունի կարգալույծ անելու, ինչպես արել է Մասյացոտն թեմի նախկին առաջնորդին։

«Այս ամենը բացառապես Կաթողիկոսի, Մայր Աթոռի գործն է, այլ ոչ թե քաղաքական կամ իրավական իշխանությունների։ Քաղաքացիական դատարանն ի՞նչ իրավունք կամ ի՞նչ կապ ունի այս ամենի հետ, այդ դատարվորն ուսերի վրա գլուխ ունի՞, որ փորձում է  դատել, իրեն հարց չի՞ տալիս։

Կոմեդիա կարելի էր այս ամենի առնչությամբ բեմադրել, բայց կոմեդիան էլ պետք է հիմք ունենա, անգամ սա կոմեդիա էլ չէ։ Այս ամենը բացառապես մեկ անձ է անում՝ Նիկոլ Փաշինյանը, սա բոլորս էլ գիտենք։ Հետո՞ ինչ, եթե դատավորներին ասում է՝ արեք, ի՞նչ է, ինքը Քաջ Նազարն է, որ պետք է ասի՝ «արևը թող դուրս գա այս կողմից և մտնի այն կողմից»։ Իրավական հիմք կա՞, որ կաթողիկոսին դատարան եք տանում, ախր սա քաղաքացիական դատարանի տիրույթը չէ, որ մտնում է։

Խայտառակություն է, որ Կաթողիկոսն արքեպիսկոպոսների հետ պետք է դատարան գնա»,- 168.am հետ զրույցում ասաց Հուսիկ Արան։

Նա նշեց, որ օրենքն է նախատեսում, որ կաթողիկոսը գնա ԱԺ անդրանիկ նիստին, բայց լուրեր են շրջանառվում, որ ԱԺ անդրանիկ նիստն օրհնելու է կարգալույծ քահանան, ավելի զավեշտալի բան հնարավոր չէր պատկերացնել։

«Այլ ձևով ինչպե՞ս էր հնարավոր թքել մի ազգի հավատքի, ընդունած քրեիստոնեության, եկեղեցու վրա։

Եկեք այս հարցին մեկ այլ կողմից նայենք, սրա դեմ հասարակական որևէ ընդվզում կա՞, մեր հասարակությունը բողոքո՞ւմ է, թե՝ այս ի՞նչ եք անում մեզ հետ։ Հասկացանք, տեղ կա, որ այս ամենն արդեն կուլ տալ չի լինում։

Մենք աշխարհի հնագույն քրիստոնյա ազգն ենք, պետք է համահայկական ընդվզում լիներ, անկախ ամեն ինչից։ Այս հասարակությունը ոչինչ չի անում, սա էլ խելքից դուրս ինչ ուզում, անում է։ Նիկոլը տապանաքար է դնում մեռած ժողովրդի վրա, մարդիկ չպետք է անտարբեր լինեն ու թքած ունենան, որպեսզի իրենց հետ չվարվի այնպես, ինչպես ուզում է։ Պետք է ասեն՝ եղբա՛յր, թող ու գնա, դու ի՞նչ իրավունք ունես երկիր կառավարելու կամ նստես Կառավարության նիստին ու հրամայես՝ գնացեք սրա ու նրա հետևից։ Ես չգիտեմ, որևէ դիկտատուրական երկրում նման բան կատարվո՞ւմ է։ Սա անելու է այնքան, որքան հանդուրժելու են, և ավելին է անելու, հիմա Նիկոլ Փաշինյանը դիակապտությամբ է զբաղված»,- հավելեց բանաստեղծը։

Հուսիկ Արան վստահ է՝ եթե Նիկոլ Փաշինյանին հանդուրժեն, նա անելու է իր սրտի ուզածը՝ կաթողիկոսին էլ կդատի, կարգալույծին էլ ԱԺ կտանի ու օրհնություն կստանա։

«Արցախը տվեց՝ ասեցին մերը չէ, Սյունիքը մերը չէ, եկեղեցին մերը չէ, հա՛յ, բա քոնը ո՞րն է։ Եվրոպայում մի պատշգամբ է փլվում, ստիպում են, որ վարչապետը հրաժարական տա, որովհետև լավ չի աշխատել, կամ լեզվի սայթաքում արեց՝ տվյալ երկրի ժողովուրդը ստիպում է հրաժարական տա։ Սա մեր երկրում ամեն ինչ է պղծել՝ եկեղեցին ու ամեն արժեք, ստրուկը գոնե երբեմն ընդվզում է, բայց մենք՝ չէ։

Կրկնում եմ՝ սա խայտառակություն է, Կաթողիկոսին դատում են, ու այս հասարակությունը լռում է, սա ի՞նչ հրեշավոր մտածողություն է»,- ընդգծեց Հուսիկ Արան։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031