Հայաստանի ներուժը՝ հանքարդյունաբերությունն ու ժամանակակից տեխնոլոգիաները մեկ հարթակում՝  Mining  innovation Summit-ում

10-րդ հոբելյանական Seaside Startup Summit-ը (Սիսայթ ստարտափ սամմիթ) Սևանի ափին մեկ խոշոր վրանային ճամբարում է հավաքել ստարտափների, մենթորների, գործարարների, ծրագրավորողների, պետական կառույցների ներկայացուցիչների, ներդրողների աշխարհի տարբեր անկյուններից։

Տարածաշրջանային այս խոշոր տեխնոլոգիական միջոցառման մեկնարկը տրվել է հուլիսի 26-ին և կշարունակվի մեկ շաբաթ։ Seaside Startup Summit-ում մասնակիցները յուրօրինակ ճանապարհ են անցնում, մինչև նրանց գաղափարները դառնում են իրականություն, իսկ այդ ճանապարհին նրանց կողքին են մենթորները, որոնք օգնում են սկսնակներին դժվարություններն ընդունել՝ որպես մեծ փորձառություն, և առաջ գնալ դեպի գաղափարի իրականացում։

Կարդացեք նաև

Այս տարի Seaside Startup Summit-ն ունի հատուկ նախագիծ՝ Mining  innovation Summit-ը, որի նպատակն է հանքարդյունաբերության ոլորտի և բարձր տեխնոլոգիական համայնքի միջև երկխոսության խթանելը։ Այդ նպատակով Mining  innovation Summit-ը մեկ հարթակում է  համախմբել հանքարդյունաբերության, տեխնոլոգիական և նորարարական ոլորտների ներկայացուցիչներին՝  քննարկելու ոլորտին առնչվող տարբեր հարցեր, դրանց համար գտնելու նորարակական լուծումներ և ձևավորելու նոր համագործակցություններ։ Նախագծի շրջանակներում տեղի ունեցան պանելային քննարկումներ, ելույթներ, փորձի փոխանակում։

«Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանի խոսքով՝ ժամանակակից հանքարդյունաբերությունն առանց տեխնոլոգիական ոլորտի չի կարող աշխատել, նաև առանց IT  ոլորտի, ոլորտը հիմնական սպառողն է։

Ըստ նրա, Ամուլսարի ծրագրում ներդնում են փոխկապակցված տարբեր ծրագրեր, արդյունահանման, անվտանգության, շրջակա միջավայրի և այլ ոլորտների վերաբերյալ, որոնք հետագայում ունենալու են մեկ միջավայր և միասին աշխատելու են։ Հարթակը հետագայում օգտագործելու են ռիսկերի նվազեցման, որակի բարելավման, աշխատանքին հետևելու և նոր տվյալներ հավաքագրելու համար։

«Եթե մենք մի քանի տարի առաջ ունեինք  մեկ-երկու աշխատակից IT ոլորտից, ովքեր ապահովում էին մեր համակարգիչների նորմալ աշխատանքը կամ ինտերնետը, ապա այսօր հանքարդյունաբերության առանցքային մաս է կազմում տեխնոլոգիական ոլորտը։

Օրինակ, այսօր մենք Ամուլսարում ունենք մեծ բաժին, որը զբաղված է և՛ ծրագրերի ներդրմամբ, IT ապահովմամբ, և՛ մնացած ծրագրերի գրմամբ։ Այսօր տվյալների հավաքագրումը, շրջակա միջավայրի մոնիթորինգը, անվտանգությունը, նաև նոր տեխնոլոգիաների ներդրումն առանց այդ ոլորտի չի կարող լինել։ Տեխնոլոգիական ոլորտն էլ առանց հանքարդյունաբերության չի կարող աշխատել, քանի որ մեր հիմնական սպառողն են։ Որքան զարգանում է տեխնոլոգիական ոլորտը, այդքան կարիք է լինում նոր հանքարդյունահանման»։

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» գլխավոր գործադիր տնօրենի առաջին տեղակալ, Հանքարդյունաբերողների ու մետալուրգների ասոցիացիայի նախագահ Վարդան Ջհանյանը վստահ է՝ առանց հանքարդյունաբերության՝ առհասարակ մարդկությունը չէր կարող հասնել իր այս զարգացման աստիճանին, կլիներ այն մակարդակը, որը մարդկությունն ուներ 5-6 հազար տարի առաջ՝ քարի դարում, երբ մետաղներ չէին օգտագործում։

«Ամեն ինչը՝ սկսած գիտությունից, բժշկությունից, կախված է մետաղներից, առանց մետաղների հնարավոր չէ մարդկության գոյությունը։  Մարդիկ պետք է հասկանան, երբ մենք ընդերքից հանում ենք մետաղները և օգտագործում ենք տարբեր ոլորտներում, առանց դրա անհնար էր մեր այսօրվա զարգացման մակարդակը։ Երբ սա հասկանում ենք, պետք է երկրորդ քայլն այն լինի, որ  ընդունենք, որ Հայաստանն ունի այդ ներուժը, մենք ընդերքով հարուստ երկիր ենք, այդ ներուժը պետք է ճիշտ օգտագործենք՝ ի շահ մեր պետության ու տնտեսական զարգացման»։

Վարդան Ջհանյանի խոսքով՝ հասկանալով, որ Հայաստանն ունի մեծ ներուժ և՛ հանքարդյունաբերության, և՛ տեղեկատվական ոլորտում, ցանկանում են համատեղ ծրագրեր իրականացնել։  Երկու ոլորտներում էլ կան խնդիրներ, ՏՏ ոլորտը հիմնականում աշխատում է  արտերկրի համար, մշակում են ծրագրեր, որոնք այլ երկրում են օգտագործվում։ Միևնույն ժամանակ հանքարդյունաբերությունն իր ոլորտին վերաբերող ծրագրերը պատվիրում է արտերկրից։

«Ակնկալում եմ, որ մեր ընդհանուր հանրությունն ավելի կծանոթանա հանքարդյունաբերության ոլորտին, ինչ-որ չափով կփոխվի նեգատիվ վերաբերմունքը։ Երկրորդը՝ իրական բիզնես համագործակցությունն է, երկու կողմերից էլ կա ներուժ: Հուսով ենք, որ պայմանավորվածություններ ձեռք կբերվեն»։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանը կարևորում է նման միջոցառման կազմակերպումը։

«Երբ ի սկզբանե քննարկում էինք գաղափարը, թե որքանով է Seaside Startup Summit-ի շրջանակներում արդյունավետ լինելու նման միջոցառումը, հասկացանք, որ սա լավ հարթակ է ներկայացնելու հանքարդյունաբերությունը, թե ինչպիսի ազդեցություն ու դեր ունի տնտեսության մեջ։ Նաև, թե ինչպիսի նորարարական տեխնոլոգիաներ են այս ոլորտում կիրառվում, ինչպիսի ազդեցություն ունի հանքարդյունաբերությունը տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ոլորտում։

«Այսօր ամբողջ օրը նվիրված է  լինելու հանքարդյունաբերության ոլորտին, օրվա ընթացքում բոլոր հարցերը կքննարկեն, կարծում եմ՝ շատ արդյունավետ կլինի, շատ գաղափարներ առաջ կգան։

Մեր հանքարդյունաբերությունը, իհարկե, առաջատար դիրքերում է, քանի որ թվայնացումը Կառավարության գերակա ուղղություններից է, այդ ուղղությամբ մեծ քայլեր է ձեռնարկում։ Ռազմավարական բոլոր փաստաթղթերում ամրագրված է, որ ոլորտը պետք է թվայնացնել, վերափոխել»։

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանի բնորոշմամբ՝ Seaside Startup Summit-ի տրամաբանությունը և հանքարդյունաբերության ոլորտի ինովացիոն համաժողովի տրամաբանությունը նրա մասին է, որ Հայաստանի Հանրապետության հանքարդյունաբերող ընկերությունները ցանկանում են նոր ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաներ և ծրագրային լուծումներ ապահովել ամբողջ արտադրական պրոցեսի վերաբերյալ։

«Սա կարևոր է, քանի որ տեսչական մարմինն արդեն տևական ժամանակ  ակտիվորեն օգտագործում է թվային տեխնոլոգիաներ վերահսկողության մեջ։ Այն հանքարդյունաբերողները, ում մենք վերահսկում ենք, ևս կարիք ունեն հասնելու այդ մակարդակին, ինչ մակարդակում այսօր ենք։ Կարծում եմ՝ նոր գաղափարների գեներացման շնորհիվ շատ հնարավոր է, որ շատ հեշտ ու լավ լուծումներ գտնեն։

2023 թվականից սկսած օգտագործում ենք արդյունաբերական նշանակության անօդաչու թռչող սարքեր և լազերային սքանավորման լիդեր համակարգեր, որոնք հնարավորություն են տալիս ճշգրիտ տվյալներ ստանալ հանքարդյունաբերության ոլորտում։ Առնվազն այն ընկերությունները, որտեղ վերահսկողություն ենք իրականացնում, փորձում են մեր կիրառած տեխնոլոգիաների միջոցով ինքնավերահսկում իրականացնել։ Այս իմաստով բավականին լավ արդյունք ունենք»։

Նշենք, որ միջոցառման կազմակերպիչներն են  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, Seaside Startup Summit-ը և Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան։ Միջոցառման հովանավորներն են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», «Լիդիան Արմենիան», Թեղուտ, «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությունները։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

Ասատուր Ասլանյան

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031