Ամենածանր օրը հունիսի 27-ն էր… Իմ պայքարը հաջողված կհամարեմ, երբ ՔՊ-ն իշխանություն չլինի. Աթոյան
168 TV-ի «Զառան հարց ունի» հաղորդաշարի հերթական հյուրը հանրային գործիչ, միջազգայնագետ Լիլիթ Աթոյանն է։ Քանի որ Լիլիթ Աթոյանն ակտիվ քաղաքացիական կեցվածք ունի, նրա հետ զրուցել ենք առկա քաղաքական իրողություններում պայքարող քաղաքացիների սպասումներից։
Հաղորդման ընթացքում մեր զրուցակցի խոսքի մի քանի դրվագներ՝ ստորև․

- Այստեղ գալուց տեղեկացա, թե ով է «Մուլտի Ուելնես»-ի նորանշանակ տնօրենը։ Ինչքանով ինձ հայտնի դարձավ, քարոզարշավի ժամանակ «Քաղաքացիական պայմանագրի» հետ քայլող, այդ ակումբի մարզիչներից է։ Այո, ես ինքս հանդիսանում եմ «Մուլտի Ուելնես»-ի հաճախորդ, բայց, հստակ և միանշանակ կարող եմ ասել՝ ես դադարեցնելու եմ իմ հաճախումը, քանի որ այն, ինչ տեղի է ունենում, ինձ համար նաև բարոյական դաշտում է․ հաճախել այնտեղ, նշանակում է՝ համաձայն լինել և ընդունել այն ամենը, ինչ կատարվում է։ Իսկ այն, ինչ կատարվում է, եթե հենց իրենց բառերով ասեմ՝ թալան և գողություն է պետական մակարդակով․ մի օրվա մեջ որոշել, որ ինչ-որ գույք պետք է խլվի ինչ-որ անհատից, քանի որ այդ մարդու հետ ունեն անձնական տարաձայնություններ և հաշվեհարդարի ցանկություն, ես դա քաղաքական որևէ տրամաբանության մեջ չեմ տեսնում։
- Ես կարծում եմ, որ սա հստակ միտում ունի․ դրա իրական նպատակը Հայաստանում ներդրողների և կապիտալ ստեղծողների ուղղությունը փոխելն է: Շուտով կտեսնեք առաջին ծիծեռնակները, կլսեք դրանց մասին, թե որ երկրներից են լինելու հերթ կանգնած ներդրողները։
- Հակաեկեղեցական պայքարի կուլմինացիոն օրը, ես շատ լավ հիշում եմ, եղել է հունիսի 27-ը, երբ եղավ կոնկրետ հարձակում, այսպես ասած, Մայր Աթոռի վրա։ Բնական էր, որ դրանից հետո և հատկապես վերընտրվելուց հետո իշխանությունների՝ եկեղեցու դեմ արշավը լինելու է կարևոր քաղաքական կետերից մեկը, և կարծում եմ՝ զարմանալու ոչինչ չկա, որ Վեհափառը չի հրավիրվել, չի լինելու Ազգային ժողովում։ Ես կարող եմ ասել, որ այս 8 տարվա ընթացքում պայքարի բոլոր կետերում եղել եմ, սակայն ինձ համար՝ զուտ որպես հայ, որպես քրիստոնյա, որպես քաղաքացի, հստակ ամենածանր օրը եղել է հենց հունիսի 27-ը, որովհետև այն պատկերները, որ մենք տեսել ենք այնտեղ՝ ԱԱԾ-ի աշխատակիցներ, հոգևորականների հագուստից քաշող, հոգևորականներին ձերբակալել փորձող ԱԱԾ ականներ․․․ ինչ խոսք, շատ տհաճ և շատ անընդունելի երևույթ էր և հատկապես անընդունելի է՝ ի ցույց ամբողջ աշխարհին։ Պատմության մեջ նախադեպը չունեցող իրադարձություններ և դեպքեր էին։

- Չկա կառույց, որը սխալներ չունենա, չկան մարդիկ, ովքեր սխալներ չունեն, բայց նախ ծիծաղելի է, թե ովքեր են փորձում այդ բարենորոգումներն անել, և երկրորդը՝ մենք բոլորս շատ լավ գիտենք, որ «բարեկարգում» անվան տակ քողարկված այլ գործողություններ են։
- Իմ պայքարը հաջողված կհամարեմ, երբ Հայաստանի Հանրապետությունում իշխանություն չի լինի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։
Մանրամասները՝ տեսանյութում

