Եվրախորհրդարանի պատգամավորներն Ինֆանտինոյից պարզաբանումներ են պահանջում՝ ՖԻՖԱ-ի մասնավոր ներդրումային ծրագրի վերաբերյալ
Եվրոպական խորհրդարանը պատրաստվում է ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոյին հրավիրել լսումների՝ կապված Աշխարհի առաջնության բաժնեմասերը մասնավոր ներդրողներին վաճառելու՝ նրա վիճահարույց ծրագրի հետ․ գրում է Euronews-ը։
Ծրագիրը ֆուտբոլային աշխարհում բուռն քննադատության է արժանացել, իսկ եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաները սպառնացել են բոյկոտել Աշխարհի առաջնության հաջորդ մրցաշարը։
Euronews-ը հայտնում է, որ Եվրոպական խորհրդարանի տարբեր քաղաքական խմբերի պատգամավորների շրջանում շրջանառվում է նամակի նախագիծ, որով պատրաստվում են Ինֆանտինոյին հրավիրել լսումների՝ անձամբ պատասխանելու օրենսդիրների հարցերին՝ «թափանցիկության և ժողովրդավարական հաշվետվողականության այն սկզբունքների շրջանակում, որոնք ՖԻՖԱ-ն ինքն է հրապարակայնորեն պաշտպանում»։
Հիշեցնենք, որ Ինֆանտինոյի ավագ խորհրդական Կառլոս Կորդեյրոն հրաժարական է տվել՝ մասնավոր ներդրումային ծրագրին արդեն իսկ երրորդ՝ Ասիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի (AFC) դեմ արտահայտվելուց ժամեր անց։ Ասիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայից առաջ ծրագրին դեմ էին արտահայտվել ՈՒԵՖԱ-ն (Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միություն) և ԿՈՆԿԱԿԱՖ-ը (Հյուսիսամերիկյան, կենտրոնամերիկյան և կարիբյան ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիա):

