«Ձուկը ԵՄ շուկա դուրս տանելը ծրագիր չէ, այլ կոնկրետ գործողություն, բայց հիմա մենք խոսում ենք աջակցության ծրագրի մասին». Ձկնաբույծների միության նախագահ
Հունիսի 26-ին հայտնի էր դարձել, որ Ռուսաստանը դադարեցրել է Հայաստանից ձկնամթերքի մատակարարումը՝ այդպիսով ընդլայնելով սահմանափակումները, որոնք կիրառում է հայկական ապրանքների վրա դեպի ռուսական շուկա։ Այս որոշումից գրեթե 10 օր հետո, Կառավարության նիստի ժամանակ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել էր, որ Եվրոպական հանձնաժողովից պաշտոնապես թույլտվություն է ստացել հայկական արտադրության ձուկ-ձկնամթերք արտահանելու վերաբերյալ։
Մինչդեռ այս հայտարարությունից առաջ էլ, հետո էլ հայ ձկնաբույծները բողոքի ակցիաներ իրականացրեցին, հայտարարելով, որ շուկա չունեն իրենց ապրանքն իրացնելու համար, շատ քիչ քանակությամբ իրացվում է ներքին շուկայում։ Այդ ամենի հետևանքով էլ բազմաթիվ պարտքեր ու վարկեր են կուտակել։ Ձկնաբույծները բողոքի ակցիա էին իրականացրել նաև Կառավարության շենքի մոտ, հանդիպում պահանջել փոխվարչապետի հետ, սակայն նրանց որևէ մեկը չէր ընդունել։
Շաբաթվա սկզբին Ձկնաբույծների միության անդամ Արմեն Կարապետյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ սպասում են Կառավարության հերթական նիստին, հասկանալու, թե Կառավարությունն ինչ որոշում է կայացնելու իրենց վերաբերյալ։
Այսօր 168.am-ի հետ զրույցում Ձկնաբույծների միության նախագահ Գոռ Գրիգորյանն ասաց, որ Կառավարության անցած նիստում ձկնաբույծներին աջակցելու ծրագիր է քննարկվել։ Ճիշտ է, այն ամբողջովին չի լուծում իրենց խնդիրը, սակայն որոշ չափով իրավիճակը կմեղմացնի։
«Երեկ Կառավարության նիստում աջակցության մի ծրագիր քննարկվեց։ Մենք գիտեինք, որ ծրագիր պետք է քննարկեն, բայց չգիտեինք՝ ինչ ծրագիր, դրա համար էլ սպասում էինք։ Իհարկե, շնորհակալ ենք, բայց այդ ծրագիրը մեր խնդրին արմատական լուծում չի տալիս։ Խնդրի արմատական լուծումը եղած ապրանքի վաճառքն է, որ պիտի վաճառվի, լուծման ուղիներն այսօր տարբեր ձևերով փնտրվում են»,- ասաց Գոռ Գրիգորյանը։
Հարցին՝ Կառավարության աջակցության այդ ծրագիրն արդյոք գոհացնո՞ւմ է ձկնարտադրողներին, մեր զրուցակիցը պատասխանեց՝ որ եթե չգոհացնի, ի՞նչ կարող են անել։
«Իսկ եթե Կառավարությունը դա էլ չաներ, հիմա պետք է համագործակցենք, որպեսզի ավելի երկարաժամկետ ծրագրեր իրականացնենք։
Ձուկը ԵՄ շուկա դուրս տանելը ծրագիր չէ, այլ կոնկրետ գործողություն, բայց հիմա մենք խոսում ենք աջակցության ծրագրի մասին, այսինքն՝ երկարաժամկետ սուբսիդավորվող վարկեր, վարկային արձակուրդ, և այլն։
ԵՄ շուկայում այս պահին հայկական ձուկը չի կարող վաճառվել»,- ընդգծեց Գոռ Գրիգորյանը։

