ԱՄՆ-ն կարող է Իսպանիայից դուրս բերել մոտ 2000 զինվորականի՝ Մադրիդին «պատժելու» համար
ԱՄՆ-ն կարող է Իսպանիայից դուրս բերել մոտ 2000 զինվորականի՝ որպես պատիժ Մադրիդի կողմից Իրանի դեմ գործողությունների ժամանակ ամերիկացիներին ռազմաբազաներ չտրամադրելու համար․ գրում է РИА Новости-ն՝ Handelsblatt թերթին հղումով, որն էլ հղում է անում Վաշինգտոնի աղբյուրներին։
«Արդեն հայտարարված ծրագրերից բացի՝ ԱՄՆ կառավարությունը կարող է Իսպանիայից դուրս բերել մոտ 2000 զինվորականի՝ Եվրոպայում իր ռազմական ներկայության վերակազմակերպման շրջանակում», – նշում է աղբյուրը։
Նման քայլը Սպիտակ տանը քննարկվում է որպես «պատժիչ ազդանշան» Իսպանիայի կառավարությանը, որը հրաժարվել էր թույլատրել ԱՄՆ զինվորականներին օգտագործել իր տարածքում գտնվող Ռոտա և Մորոն համատեղ ռազմաբազաներն Իրանի դեմ գործողությունների համար։
Նշվում է, որ Վաշինգտոնը քննարկում է իր զորակազմի դուրսբերումն Իսպանիայից՝ Գերմանիայից արդեն հայտարարված 5000 զինվորականների դուրսբերումից բացի։
ԱՄՆ կառավարության կողմից այս հարցի վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություն դեռևս չի եղել։

