Քարդաշյաններին Գյումրիում ներկայացված տունը իրենց պապական տունը չէ՞ր

Ամերիկահայ Քարդաշյան աստղային ընտանիքը այդպես էլ չայցելեց Գյումրու Մատնիշյան փողոցում բնակվող Քարտաշյաններին: Մոտ մեկ շաբաթ շարունակ գյումրեցի Քարտաշյանները սպասում էին իրենց հայտնի հայրենակցուհուն:

asparez.am-ի փոխանցմամբ՝ ապրիլի 11-ին, Քարդաշյանների` Գյումրի այցելության օրը, 70-ամյա Մարտունիկ Քարտաշյանը արխիվային տարբեր փաստաթղթերով, լուսանկարներով, ճոխ սեղանով եւ գյումրեցու հյուրասիրությամբ անհամբեր սպասում էր ազգականներին: Տոնական տրամադրություն էր նաեւ ընդհանուր բակում ապրող հարեւանների տանը: Քարտաշյանների տանն ու բակում էին հավաքվել նաեւ Գյումրու քաղաքապետարանի պաշտոնյաները, ովքեր Քիմ Քարդաշյանի համար նվեր ունեին` մուշուրբա եւ Գյումրու մասին պատմող գիրք:

Սակայն Քարդաշյաններին ուղեկցել էին Գյումրիում կողպված դռնով մի տուն: Կայքի տեղեկություններով` այդ տունը Քարդաշյաններին ներկայացվել է որպես պապական տուն: Երեկ կայքի հետ զրույցում Մարտունիկ Քարտաշյանը զարմացած պատմեց, որ այդ տանը ոչ մի Քարտաշյան էլ չի բնակվել, այս մասին իրեն հաստատել են նաեւ հարեւանները: Մարտունիկ Քարտաշյանը բերում է մի քանի ապացույց, որ Քարտաշյանների կառուցած տունը հենց իր այսօրվա տունն է: «Այս տունը, որտեղ հիմա մենք ապրում ենք` Քարտաշյաններս, կառուցվել է 1898 թ., կառուցել է Աբիսողոմ Հակոբի Քարտաշովը, այդ տարիներին այս փողոցը կոչվել է` «Տիխայա ուլիցա», խաղաղ փողոց: Ես զարմացած եմ, որ չեկան այստեղ, փաստաթղթեր տեսնեին, կարդային, համոզվեին,- ասում է Մարտունիկ Քարտաշյանն ու հավելում,- ես ի վիճակի չեմ հասնել Երեւան, իրենց մոտ` այս թղթերը ցույց տալու համար»:

Ամերիկահայ շոուաստղ Քիմի եւ նրա հարազատների այցի մասին Գյումրիում քաղաքացիները տեղյակ եղան մի քանի ժամվա ընթացքում: Նրա այցելությունների ծրագրի մասին հստակ իրազեկված չէին նաեւ ԶԼՄ ներկայացուցիչները, Գյումրու քաղաքապետարանը, ըստ որոշ տեղեկությունների, եւս այս մասին ինֆորմացիա չի ունեցել:

Կարդացեք նաև

Քաղաքի մուտքի մոտ Քարդաշյաններին սպասում էին միայն ԶԼՄ ներկայացուցիչները, «Նանե» հյուրանոցում լրագրողներին միացան մի քանի երկրպագու, իսկ Սուրբ Յոթվերք եկեղեցու մոտ արդեն, գյումրեցիները, տեսնելով անվտանգության աշխատակիցների եւ կարմիր բերետավորների, հետաքրքրությամբ մոտենում էին, մեկը մյուսին հարցնում ու խոսում. «Ո՞վ է գալու, ինչո՞ւ է գալու, ո՞վ է բերել, տեսնինք՝ նույն տելեվիզորի աղջի՞կն է, չմեռանք` աստղ էլ տեսանք ժիվոյ»: Յոթվերք եկեղեցում, սակայն, անվտանգության աշխատակիցներն ու ոստիկանները շատերի առաջ փակեցին եկեղեցու դռները: Դռները բացեց այդ փաստից զայրացած Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, ինչից հետո հյուրերն անմիջապես հեռացան եկեղեցուց:

Կայքի տեղեկություններով` Քարդաշյանները մեկ օր էին մնալու Գյումրիում, «Նանե» հյուրանոցում մեկ օրվա համար էին սենյակներ վարձել, սակայն, ժամեր անց, նախընտրել են հեռանալ քաղաքից:

Անի Մկրտչյան

 

Տեսանյութեր

Լրահոս