ՔՊ-ի ու Ադրբեջանի համար Սև կարապ է տեղի ունեցել․ Նասիմ Թալեբը հրաժարվել է դասախոսություն կարդալու Ադրբեջանի հրավերից․ Հովհաննես Իշխանյան
Հանրային գործիչ, վավերագրող և իրավապաշտպան Հովհաննես Իշխանյանը գրում է.
«ՔՊ-ի ու Ադրբեջանի համար Սև կարապ է տեղի ունեցել։
Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր, ռիսկերի տեսաբան ու «Սև կարապ» գրքի հեղինակ Նասիմ Թալեբը հրաժարվել է դասախոսություն կարդալու Ադրբեջանի հրավերից, քանի որ նրա համար դա էթիկայի հարց է․
«Ոտքս Ադրբեջան չեմ դնի, քանի դեռ Ռուբեն Վարդանյանն այնտեղ բանտարկված է»,- X սոցիալական ցանցում գրել է Թալեբը։
Սև կարապների տեսության համաձայն՝ կայունության զգացումը պատրանք է և փլուզվում է, երբ տեղի է ունենում անսպասելի ու մեծ ազդեցություն ունեցող իրադարձություն՝ Սև կարապը։
Օրինակ՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի Շուշիի հանձնումը մեզ համար Սև կարապ էր (ՔՊ-ի համար՝ չէ)։
Տեսությունը կոչվում է «Սև կարապ», քանի որ մարդիկ կարծում էին, թե գոյություն ունեն միայն սպիտակ կարապներ, մինչև Ավստրալիայում հայտնաբերվեցին սև կարապներ, և փլուզվեց նրանց նախկին համոզմունքը։
Ադրբեջանի ու ՔՊ-ի համար էթիկայով և սկզբունքներով առաջնորդվող մարդկանց հանդիպելը Սև կարապ է։ Թվում էր, թե ամեն ինչ նորմալ է, բոլորը կաշառվում են, դավաճանում են և անգամ Լիոնել Մեսսի են, մեկ էլ հայտնվում է մի սկզբունքային մարդ ու փլուզում այդ համոզմունքը»։
Հիշեցնենք, որ աշխարհահռչակ մտածող, փիլիսոփա, ռիսկերի կառավարման փորձագետ և հանրահայտ «Սև կարապը» գրքի և այլ գրքերի հեղինակ Նասիմ Թալեբը հայտարարություն է տարածել X-ի իր պաշտոնական էջում, որում ասում է, որ մերժել է Ադրբեջանի կողմից արված դասախոսության հրավերը, քանի դեռ Ռուբեն Վարդանյանը գերեվարված է Ադրբեջանում:

