Օբաման չի արտաբերում «ցեղասպանություն» եզրույթը՝ վախենալով զայրացնել թուրք տիրանին. The Jerusalem Post
The Jerusalem Post թերթի փոխանցմամբ՝ այս ամիս լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դեռևս նախագահի թեկնածու հանդիսանալու ժամանակ խոստացել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն ցայժմ չի պահպանել իր այդ խոստումը:
Օբաման ԱՄՆ հայ համայնքին տված իր այդ խոստումը չի կատարում արդեն շուրջ 6 տարի: Օբաման չի ցանկանում ճանաչել Հայոց ցեղասպանությունը, որպեսզի այդ կերպ չհրահրի (չզայրացնի) թուրք տիրանին:
Թերթը ներկայացրել է 2008 թվականի հունվարին դեռևս սենատոր Բարաք Օբամայի ելույթից մի հատված, որում նա նշել է, որ Հայոց ցեղասպանությունը ոչ թե պարզապես պնդում, կարծիք ու տեսակետ է, այլ՝ պատմական հստակ փաստ՝ ամրապնդված վիթխարի քանակությամբ պատմական ապացույցներով:
Չնայած այդ ժամանակ Օբամայի կողմից Հայոց ցեղասպանության փաստը վճռականորեն ճանաչելուն՝ հետագա 6 տարիներին նա չկատարեց իր խոստումը: Նախագահի պաշտոնում իր ապրիլքսանչորսյան ելույթներում Օբաման շարունակ հայտարարում է, որ չի փոխել 1915 թվականի դեպքերի վերաբերյալ իր տեսակետը, սակայն շարունակ օգտագործում է «սպանդ», «եղեռն» բառերը, և խուսափում է հայերի զանգվածային սպանությունները «ցեղասպանություն» որակելուց, ինչպես որ խոստացել էր: