Բաժիններ՝

«Ժամանակին ՀՀ վարչապետ Հրանտ Բագրատյանը մեզ ասաց, որ կինոարտադրողն ու նրբերշիկ արտադրողը պետք է նույնկերպ հարկվեն»

Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը, կինոռեժիսոր, պրոդյուսեր Էդգար Բաղդասարյանը, կինոդերասան Միքայել Պողոսյանը և կինոդերասան Ալեքսանդր Խաչատրյանը այսօր հրավիրված մամուլի ասուլիսում նշեցին, որ այսօր, միանշանակ, անհրաժեշտություն է կինոյի մասին օրենք ունենալը:

Նրանք նաև ասացին, որ ՀՀ մշակույթի նախարարի հրամանով ստեղծվել է հանձնաժողով, որն աշխատում է կինոյի մասին օրենքի նախագծի մշակման ուղղությամբ, որի առաջին տարբերակը պատրաստ կլինի 15 օրից: Ըստ Կինոկենտրոնի տնօրենի՝ կինոյի մասին օրենքը նաև կհեշտացնի հարկային ու մաքսային գործունեությունը:

Կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանը նշեց, որ կինոյի ոլորտում այնպիսի վիճակ է ստեղծվել, որ ով պատահի՝ կինո է նկարում և նման կերպ շարունակվել չի կարող: Ըստ ռեժիսորի` 1990-ականներին, երբ ՀՀ վարչապետը Հրանտ Բագրատյանն էր, իրենք զրուցել են նրա հետ և ասել կինոյի մասին օրենք ունենալու և կինոարտադրողներին որոշակի արտոնություններ տալու անհրաժեշտության մասին, սակայն Հրանտ Բագրատյանն ասել է, թե կինոարտադրողն ու նրբերշիկ արտադրողը պետք է նույնկերպ հարկվեն:

«Արդյունքում` մեր կինոն նրբերշիկ դարձավ, նրբերշիկի արտադրության պես` յուրաքանչյուր շքամուտքում 7 ռեժիսոր և 60 դերասաններ հայտնվեցին»,-ասաց Էդգար Բաղդասարյանը, ում կարծիքով` կինոյի մասին օրենքը նախ պետք է նպաստի մասնավոր սեկտորի ներդրումներին, հետո արդեն միջազգային հարաբերությունները` համատեղ արտադրություն, արտահանում, կարգավորի:

«Կինոյի մասին օրենքը պետք է սահմանի, որ անհրաժեշտ է մի մարմին լինի, որը լիցենզիա կտա ոչ թե ֆիլմին, այլ սկսած այն մարդուց, ով նկարահանում է այդ ֆիլմը: Կինոթատրոններն էլ իրենց հերթին չպետք է ցուցադրեն լիցենզիա չունեցող ֆիլմեր»,- ասաց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս