Ռուսաստանն էլ ի՞նչ պետք է անի Հայաստանի դեմ, որպեսզի Հայաստանը փորձի ինքնուրույն գործել. Իգիթյան

Երեկ ուշ երեկոյան ԵԽ ԽՎ-ի լիագումար նիստի ընթացքում որոշում կայացվեց ռուսաստանյան պատվիրակությանը մինչև ապրիլ զրկել քվեարկելու, ինչպես նաև ԵԽ ԽՎ-ում ղեկավար պաշտոններ զբաղեցնելու իրավունքից։ Քվեարկությանը հայ պատվիրակները մասնակցեցին՝ «ձեռնպահ» քվեարկելով, թեև պատվիրակությունը Ստրասբուրգ էր մեկնել ոչ ամբողջական կազմով` ՀԱԿ-ից՝ Լևոն Զուրաբյանի, ԲՀԿ-ից՝ Վահե Հովհաննիսյանի ու Նաիրա Զոհրաբյանի բացակայության պայմաններում:

Քվեարկությանը մասնակցած պատվիրակների քվեարկությունը և՛ դրական, և՛ բացասական արձագանքներ է գտել փորձագիտական շրջանակներում: Ոմանց կարծիքով` հայ պատվիրակների քվեարկությունը դրական է, քանի որ այդպիսով կարողացել են պահպանել չեզոքությունը, այլ գնահատականներով` նրանք կարող էին կողմ քվեարկել:

168.am-ի հետ զրույցում ԵԽ ԽՎ հայաստանյան պատվիրակության նախկին ղեկավար Հովհաննես Իգիթյանն ասաց, որ ՌԴ-ի առջև ԵԽ-ի կողմից  դրված էին պայմաններ, որոնք վերաբերում էին ՌԴ արտաքին քաղաքականությանն Ուկրաինայում, զենքի մատակարարմանը, ներքաղաքական իրավիճակին, ազատություններին և այլն, որոնք Ռուսաստանն անտեսեց այն դեպքում, երբ ԵԽ-ն տվեց այդ հնարավորությունը: Ուստի այն, ինչ տեղի ունեցավ, Իգիթյանի խոսքով, բնական էր, քանի որ ՌԴ-ն այլևս չի համապատասխանում ԵԽ չափանիշերին:

Սակայն, ըստ նրա, Հայաստանն այլ մոդել է կառուցում և փորձում է համապատասխանել ԵԽ չափանիշերին: Նա նաև անտրամաբանական է համարում տեսակետներն այն մասին, որ  Ռուսաստանը կարող է փորձել հայաստանյան պատվիրակությունն ու ձայնն օգտագործել ի օգուտ իրեն, քանի որ Հայաստանը ԵԽ-ում բարձր համբավ չունի:

«Ես չեմ գտնում, որ հայկական պատվիրակությունն արդյունավետ է աշխատում ԵԽ-ում, բայց հայկական պատվիրակությունն ունի հնարավորություն լիարժեք  անդամ դառնալու: Հայաստանը շատ խնդիրներ ունի, այնպես  չէ, որ ամբողջությամբ համապատասխանում է չափանիշերին, բայց Ռուսաստանի և Ադրբեջանի հետ չի համեմատվի, այսինքն` կա հնարավորություն աշխատելու և բարելավելու հեղինակությունը»,- ասաց Իգիթյանը: Սակայն, նրա կարծիքով, մեր պատվիրակության հեղինակությունն էլ ավելի է  ընկնում նման քվեարկություններով:

«Մեր ընդդիմադիր պատգամավորները չգիտես թե ինչ-ինչ պատճառներ են բերում, չեն գնում նիստի, այնինչ իրականում խուսափում են այս քվեարկությունից: Էլ ի՞նչ Ռուսաստանը պետք է  անի Հայաստանի դեմ, որպեսզի Հայաստանը գոնե փորձի ինքնուրույն գործել:

«Ձեռնպահ» քվեարկությունը համարում եմ բացասական, դրանով Հայաստանը չբարձրացավ ո՛չ Ռուսաստանի,  և ո՛չ էլ ԵԽ մյուս անդամ երկրների աչքում: Այս հարցում հայկական պատվիրակությունը կարող էր  քվեարկել կողմ: Ի՞նչն է կաշկանդել հայ պատվիրակներին: Զենքի տեսանկյունից շարունակում է իր գործունեությունը Ռուսաստանը՝ ի հեճուկս Հայաստանի քծնանքի, այդ ռազմաբազայի զինվորականների հետ կապված ՌԴ դիրքորոշումն անընդունելի է: Չեմ հասկանում, թե ՀՀ-ն ի՞նչ է սպասում Ռուսաստանից` որդեգրելով  քծնանքի քաղաքականություն:  Ես կարծում եմ, որ Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը կարող է ավելի օգտակար լինել Հայաստանի համար»,- ասաց Հովհաննես Իգիթյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս