Հոգեբան. «Հասարակության ապրած հոգեկան տրավման գտնվում է սուր փուլում, հասարակությունն ուղղակի մղկտում է»
Հոգեբանական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, ԵՊՀ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի սոցիալական հոգեբանության ամբիոնի վարիչ Գայանե Շահվերդյանի համոզմամբ` մեր հասարակությունն այսօր ծանր ցնցման հարվածի տակ է, որի ազդեցությունը դեռ շարունակվում է: Գյումրիում տեղի ունեցած սպանության հոգեբանական ազդեցությունների մասին Գայանե Շահվերդյանը պատասխանում է «168 Ժամի» հարցերին:
– Տիկին Շահվերդյան, ինչպե՞ս կբնորոշեք այն ցնցումը, որին ենթարկվեց մեր հասարակությունը` Գյումրիում տեղի ունեցած հրեշավոր սպանությունից հետո:
– Հոգեբան պետք չէ լինել` ասելու, թե ինչ վիճակում է գտնվում հասարակությունը. հասարակությունն ուղղակի մղկտում է: Եթե խոսենք հոգեբանական տերմինաբանությամբ, ապա հասարակությունը ենթարկվել է սուր տրավմատիկ սթրեսի, կրել է հոգեկան ծանր վնասվածք:
– Իսկ ինչպե՞ս պետք է բուժվի այդ վերքը:
– Հասարակության վերքը բուժելու միակ ելքն այն է, որ նա պետք է այս հանցագործության հետ կապված բոլոր հարցերի պատասխանները ստանա, ուրիշ ճանապարհ, այս դեպքում, չկա՛: Բոլոր հարցերը պետք է դրվեն իրենց տեղը, ինչի շնորհիվ մարդը գիտակցում է կատարվածը և տեղավորում իր գիտակցության կառուցվածքի մեջ: Հոգեբանության մեջ մի օրինաչափություն կա, որ կոչվում է` «Զեյգարնիկի էֆեկտ»: Ըստ այդ էֆեկտի, եթե գործողությունն ավարտված չէ, ապա մարդիկ շարունակում են տվյալ իրավիճակին հուզական հակազդումներ տալ, ասել է թե` չեն հաղթահարում, չեն մոռանում: Ապրումներն այդ դեպքում շարունակվում են ու կարող են հանգեցնել երկրորդային հոգեկան հակազդումների, անգամ` հոգեկան ախտանիշերի: Իսկ հաղթահարելն ի՞նչ է, եթե ոչ` մոռացում կամ գոնե ազատագրում սևեռուն հիշողություններից և անցում առօրյա կենսագործունեությանը:
Այսօր դեռ շատ շուտ է այդ մասին խոսելը: Դեռ ոչ մի վերջակետ չի դրվել: Բոլոր վերջակետները պետք է դրվեն և, ընդ որում` ամեն ինչ պիտի արվի ճիշտ ու ազնիվ կերպով, ժողովրդին բացատրելով` քննության, դատավարության, պատժի հետ կապված ամեն ինչ պիտի ներկայացվի ժողովրդին, որպեսզի մարդկանց մտածողական համակարգում ավարտվի այն, ինչ տեղի ունեցավ, այսպես ասած` «սպիտակ բծեր» կամ դատարկ տեղեր չպետք է մնան: Մարդկանց գիտակցության մեջ ոչ ամբողջական և անավարտ պատկերները թույլ չեն տալիս, որ մարդիկ հաղթահարեն հետվնասվածքային խանգարումները և վերականգնեն իրենց հոգեկան հավասարակշռությունը: Այսօր հասարակության ապրած հոգեկան տրավման գտնվում է սուր փուլում:
– Այդ առումով կարելի է ասել, որ մեր հասարակությունը մշտական հոգեբանական վնասվածքների մեջ է, որովհետև անպատասխան մնացած շատ հարցեր կան նրա համար, շատ հարցերում չպարզաբանված կողմեր կան:
– Այո, միանգամայն այդպես է, մի չավարտված հարցին հաջորդում է մյուս հարցը, որը նույնպես մնում է չպարզաբանված, և այդպես շարունակ: Մի համեմատություն անենք. եթե չծամված պատառն անընդհատ կուլ ես տալիս, ու դա լինում է կոշտ, ցավեցնող մի բան, և դու չես ծամում, ուղղակի կուլ ես տալիս, ի՞նչ կլինի քո օրգանիզմի վիճակը: Նույն անալոգիան կարելի է անել նաև հոգեբանական տրավմաների դեպքում` մեկի վրա մյուսն է ավելանում: Հոգեբանության, մանավանդ սոցիալական հոգեբանության մեջ գոյություն ունի կոգնիտիվ հաջորդականության սկզբունք, որի համաձայն` նորմալ մարդը տրամաբանական հաջորդականության պահանջ ունի:
Այսինքն` նա ամեն ինչն իր գլխում հաջորդականությամբ տեղավորելու կարիք ունի: Իսկ երբ գիտակցությունն անընդհատ սկսում է ենթարկվել քաոսային անհաջորդականության, ապա այն շեղվում է: Այդ վիճակը հղի է ոչ ադեկվատ հակազդումներով և համապատասխան վարքագծով: Մեր հասարակությունն անընդհատ ականատես է լինում աբսուրդի, ստի, կեղծիքի, մանիպուլյացիայի: Այսինքն` չի ստանում այն ամենը, ինչն ակնկալում է իր հոգեկանում: Ու եթե ստեղծված է այնպիսի մթնոլորտ, որտեղ այդ ամեն ինչն անընդհատ է կատարվում, ապա հոգեբանական հետևանքների հաղթահարման մասին խոսք լինել չի կարող:
– Ասացիք, թե ողբերգության պատճառած ցնցումը հաղթահարելու գործում մեծ է իրավապահների դերը: Իսկ հոգեբաններն այս օրերին ի՞նչ անելիք ունեն:
– Նախևառաջ` ամենակարևոր գործը պետք է անեն իրավապահներն ու համապատասխան կառույցները. նրանք պետք է հայտնեն ճշմարտությունը` առանց կոծկելու և պարտակելու: Հակառակ դեպքում` կրած հարվածի ուժն ավելի է սրվելու, պատճառած ցավը տասնապատկվելու է: Նկատեք, որ Գյումրիում ոստիկանների հետ ժողովրդի բախումը և ցասման սրացումը տեղի ունեցավ միայն այն բանից հետո, երբ առաջացան հանցագործին կոծկելու կասկածներ: Ինչ վերաբերում է հոգեբաններին, ապա նրանք չեն կարող մի ամբողջ ազգի հոգեկան տրավմայի հետ աշխատել: Բացի այդ, այս պահին հոգեբանը ոչինչ չի կարող անել, վիշտը պետք է վերապրվի և հետագայում վերամշակվի մարդու հոգեկանում:
Ընդհակառակը, հասարակությունը լիովին հիվանդ կլիներ կամ անեսթեզիայի տակ կմնար, եթե ցավագին հակազդումներ չտար: Միակ բանը, ինչ կարելի է ասել հետագա հետևանքները կանխելու համար, այն է, որ ծայրահեղ անմարդկային իրադարձությունների հետևանքով առաջացող հոգեկան վնասվածքները հաղթահարելու համար պահանջվում է հակառակ բևեռի ակտիվություն: Այսինքն` խիստ մարդկային բևեռի, այն է` արդարության, ազնվության, ճշմարտության, օրենքի գերակայության, բարության ականատես լինելը: Իսկ եկեք ինքներս մեզ հարց տանք` առկա՞ են, արդյոք, դրանք մեր երկրում: Այնուամենայնիվ, պետք է փնտրել և գտնել այդ ամենի խիստ սակավ օրինակներ, որ մեր հասարակությունը վերջնականապես չկորցնի վստահությունը մարդկային կեցության հանդեպ: Ինչ վերաբերում է հոգեբանների դերին, ապա այնպես, ինչպես նրանք խոսում են լրատվամիջոցներով, ավելի լավ է` չխոսեն:
– Անցնող օրերին քննարկման թեմա դարձավ նաև այն, որ պետք չէ ուղիղ եթերով ցույց տալ վշտին առնչվող տեսարաններ, տեղադրել սրտառուչ լուսանկարներ: Դուք ի՞նչ կարծիքի եք:
– Ես վստահ եմ, որ պետք է ցուցադրել, ոչինչ չպետք է պահել: Ինչ-որ բան պահելու կամ թաքցնելու փորձերը տրավման տասնապատկում են: Իհարկե, վշտացող, սգացող մարդուն չպետք է ցույց տալ, քանի որ վիշտը խիստ անձնական զգացում է: Իսկ ինֆորմացիա պարունակող ամեն մի դրվագ ինչքան բաց լինի մարդկանց համար, այնքան ցավը շուտ կհաղթահարվի: Նույնը վերաբերում է հուղարկավորությանը: Շատ մարդիկ կուզենային մասնակցել հուղարկավորությանը, որպեսզի թեթևանային, հանգստանային, բայց պարզ է, որ ամբողջ երկիրը չէր կարող Գյումրի գնալ, այնպես որ` ցույց տալը և այն դիտելն ինչ-որ մասնակցության ձև է, դա թեթևացնում է մարդու վիշտը, սփոփում է:
Հուղարկավորության ծեսն իր մեջ թերապևտիկ նշանակություն ունեցող ծես է, որը հնուց է գալիս: 1988-ի երկրաշարժից հետո այն մարդիկ, որոնք կարողացան գտնել և իրենց ձեռքով հուղարկավորել իրենց հարազատներին, ավելի շուտ սփոփվեցին, քան այն մարդիկ, որոնք չգտան ու չհուղարկավորեցին իրենց հարազատներին: Այնպես որ, հուղարկավորությունը պատահական ծես չէ ժողովրդի մեջ, այն իր կարևոր նշանակությունն ունի:
– Երկու ողբերգություն եղավ, մեկը` սպանությունը, մյուսը` երեխայի մահը. կարծես հասարակությունը երկրորդից ավելի ցնցվեց:
– Այո, երկրորդն ավելի ցնցող էր, որովհետև հոգեբանության մեջ ընդունված է բոլոր տեսակի տրավմաների մեջ երեխայի մահը համարել ամենատրավմատիկը: Ու այդ մահվան ժամանակ նույնիսկ շատ ծանր, շիզոֆրենիային բնորոշ ախտանիշեր կարող են ի հայտ գալ մարդու մոտ, որոնք համարվում են նորմալ հակազդում ոչ նորմալ իրադարձությանը:
– Տիկին Շահվերդյան, ինչպիսի՞ վիճակում կարող է լինել մարդը, որ կարող է նման ծանր հանցագործություն կատարել:
– Իմ սուբյեկտիվ կարծիքն այն է, որ մենք գործ չունենք միայն մոլագարի հետ: Այստեղ կազմակերպված ձեռագիր կա: Նրա հետ աշխատել են: Իհարկե, կան մոլագարներ, հոգեկան հիվանդներ, որոնք կարող են դիմել նման քայլերի, բայց, կարծում եմ, սա այդ դեպքը չէ, այդպիսի զուգադիպություններ դժվար թե լինեն: Նա հատուկ կերպով պատրաստված է եղել: Ինչպե՞ս են պատրաստում շահիդներին: Շահիդը հոգեբանական առումով անառողջ մարդ է, որը բազում մանիպուլյացիաների է ենթարկվում ու գնում է այդ քայլին: Իհարկե, ես ոչ մի ապացույց չունեմ նման բան ասելու, և սա ընդամենը իմ անձնական զգացողությունն է, հետևաբար` համապատասխան մարմինները ոչնչում չպետք է զլանան, բացահայտեն և լուսաբանեն:
– Հասարակության մեջ հանցագործին ամենադաժան միջոցներով սպանելու կոչեր են հնչում: Մի կողմից` բնական պոռթկում է, մյուս կողմից` դաժանությունը, փաստորեն, դաժանություն է ծնում:
– Դա շատ բնական հակազդեցություն է: Այս օրերին ում հարցնեք` կսպանեի՞ր հանցագործին, կպատասխանի` «այո»: Հոգեբանության մեջ մի երևույթ կա, երբ մարդուն բարոյական երկընտրանքի առջև են կանգնեցնում և ըստ այդմ` որոշում են նրա բարոյական զարգացման աստիճանը: Դա ձևակերպել է ամերիկացի հոգեբան Կուլբերգը: Այս դեպքն էլ է անցնում այդ քննությամբ. եթե հանցագործը սպանել է երեխայի, արդյո՞ք դու էլ նրան կսպանես: Կամ, ասենք, հնարավորություն չունես դեղ առնելու, բայց կարող ես այն գողանալ և մարդու կյանքը փրկել` կգողանա՞ս: Ու, ըստ նշված հոգեբանի, նա, ով ասում է` չեմ սպանի կամ չեմ գողանա, գտնվում է բարոյական զարգացման ցածր աստիճանի վրա: Իսկ այն մարդիկ, ովքեր ասում են` կսպանենք, կգողանանք, գտնվում են բարոյական զարգացման բարձր աստիճանի վրա: