Գևորգ Կոստանյանը՝ ՄԻԵԴ կայացրած որոշումների մասին

2014թ. նոյեմբերի 1-ի դրությամբ՝ Հայաստանի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 49 վճիռ է կայացրել: Լրագրողներն այսօր ՀՀ գլխավոր դատախազ, ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանից հետաքրքրվեցին՝ արդյոք ողջամի՞տ է համարում գումարի չափը, որ դատարանը պարտավորեցրել է ՀՀ կառավարությանը վճարել դիմումատուներին և արդյոք 49 վճռի առկայության դեպքում համարո՞ւմ է, որ դրական ցուցանիշներ են արձանագրվում: Ի պատասխան Գևորգ Կոստանյանն ասաց, որ այդ թվերը համեմատության մեջ են ներկայացվում:

«Նույն 49 վճիռը մենք համադրեցինք 2000-ից ավել դիմումների քանակի հետ: Այսինքն՝ լավը և վատը մենք գնահատում ենք համեմատության մեջ վերցված, և 2000-ից ավելի դիմումի պարագայում 49 վճիռ, որից 48-ով է խախտում արձանագրվել, ես կարծում եմ, որ դա դրական ցուցանիշ է: Ինչ վերաբերում է ֆինանսական կողմին, ապա այս դեպքում ևս մենք դա համեմատության և համադրության մեջ ներկայացրինք ձեր քննարկմանը, որ 12 մլն եվրոյից ավել պահանջ ներկայացնելու պայմաններում մենք ընդամենն արձանագրել ենք այդ շուրջ 500 հազար եվրո փոխհատուցումը:

Ընդ որում, ես նաև նշեցի իմ ելույթում, որ դրա մի մասն էլ փոխհատուցվել է ոչ պետական միջոցների հաշվին: Ընդ որում, ինչո՞վ է սա նաև պայմանավորված: Երբ կառավարությունը եվրոպական դատարանից ստանում է կոնկրետ հայցը, նա ներկայացնում է իր դիրքորոշումը խախտման առնչությամբ կամ խախտման բացակայության առնչությամբ: Եվ երկրորդ՝ երկրորդ փաստաթուղթը, որը ներկայացվում է կառավարությանը քննարկման համար՝ ֆինանսական փոխհատուցման չափի վերաբերյալ փաստաթուղթն է՝ դրա հիմնավորումներով:

Այսինքն՝ ցանկացած գործ անցնում է երկու պրոցես: Մի դեպքում մենք ասում ենք, թե ինչպիսին է մեր դիրքորոշումը այս անձի խախտված իրավունքների վերաբերյալ կամ խախտվե՞լ է, թե՞ չի խախտվել իրավունքը, ինչ չափով է խախտվել: Մյուս դեպքում՝ մենք ներկայացնում ենք մեր դիրքորոշումը, թե ինչով է արդարացվված դիմումատուի կողմից նման ֆինանսական պահանջ ներկայացնելու հանգամանքը»,- ասաց Գևորգ Կոստանյանը:

Կարդացեք նաև

Նրա խոսքով՝ նման պայմաններում 500 հազար եվրոյի փոխհատուցումը ողջամիտ է. «Ընդ որում, ողջամտությունը մենք կարող ենք գնահատել նաև այլ երկրների  հետ համեմատությամբ, բնականաբար, և այս պայմաններում, ես կարծում եմ ու նաև համոզմունք ունեմ, որ դուք կգաք այն եզրակացության, որ այլ երկրների և մասնավորապես մեր հարևան երկրների համեմատությամբ մենք նվազագույն շեմին անգամ չենք հասել:

Իհարկե, դասական իմաստով ես միշտ ասել եմ, որ անգամ մեկ գործով, որով խախտում է ճանաչվում, անգամ մեկ դրամ  փոխհատուցումը, որը պարտավորեցվում է պետությանը, մեզ համար մտահոգիչ է, որովհետև յուրաքանչյուր, ցանկացած դեպքում, երբ մենք ունենում ենք վճիռ, որով ճանաչվել է մարդու իրավունքի խախտում, դա նշանակում է, որ մենք մեր ներպետական իրավական համակարգում ի զորու և ունակ չենք եղել տվյալ մարդու իրավունքը պատշաճ պաշտպանության արժանացնել ներպետական համակարգում, և դրա համար մենք հասել ենք միջազգային ատյաններ: Այսինքն՝ այդ առումով, իհարկե, ինձ համար դա մտահոգիչ է ցանկացած պարագայում»:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ իրավապաշտպանները կարծում են, թե Հայաստանը ՄԻԵԴ-ում խայտառակ պատկեր է գրանցում և մեր ներկայացուցիչն անում է ամեն ինչ՝ գործերը այնտեղ հասցնելուն խոչընդոտելու համար, Գևորգ Կոստանյանն արձագանքեց, որ բացարձակ չի կիսում նրանց մոտեցումը և չգիտի, թե ինչով է պայմանավորված նրանց այդ հայտարարությունը: «Կառավարության լիազոր ներկայացուցիչը ոչ գործուն, ոչ տեսական և հիպոթտիկ հնարավորություն և լիազորություն չունի որևէ կերպ խոչընդոտել այս կամ այն հարցը Եվրոպական դատարան ներկայացնելուն: Ինչո՞ւ: Որովհետև ցանկացած անձ Եվրոպական դատարան կարող է հայցը ներկայացնել փոստով, ֆաքսով, էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով այն ժամանակ, երբ սպառեց ներպետական միջոցները, իրավական միջոցները: Եվ եթե որևէ մեկը կարող է ասել, որ հնարավոր է հիպոթետիկ ունենալ գործուն այնպիսի մեխանիզմ, որպեսզի սահմանափակես ինտերնետային կապը, փոստային կապը և այլն, ես ներողություն կխնդրեմ: Նման բան չկա: Բացառվում է:

Իսկ ինչ վերաբերում է նրան, որ խայտառակ վիճակ է, ես նորից ասեմ, որ ես չգիտեմ՝ ինչի հիման վրա են դա ասում, որովհետև եթե դա ասում են այլ երկրների համեմատության առումով, դա լրիվ այլ փաստ է արձանագրում: Անգամ եթե մենք, նորից եմ ասում, համեմատվենք մեր հերևան պետությունների հետ կամ հին ժողովրդավարության պետությունների հետ, այսինքն՝ եվրոպական ցանկացած երկրի հետ, մենք գտնվում ենք լավագույն վիճակում»:

Գևորգ Կոստանյանը նշեց, որ համեմատություններ են անցկացրել նաև այն երկրների հետ, որոնց բնակչության թիվը, ինչպես նաև Եվրոպայի խորհրդին անդամակցելու տարիները ուղիղ համեմատական են ՀՀ-ի հետ:

«Այդ առումով ևս ես չեն կարծում, որ նման հայտարարություն անելու բավարար կամ առնվազն ողջամտ հիմք որևէ մեկն ունի»:

Լրագրողները Գևորգ Կոստանյանից հետաքրքրվեցին նաև, թե ինչպես է վերաբերվում այն տեսակետին, որ Եվրոպական դատարանի կողմից արձանագրված խախտումների համար պետությանը պարտավորցված փոխհատուցումը գանձվի կառավարության ներկայացուցիչներից կամ դատավորներից, ովքեր որոշում են կայացրել այդ գործերով:

Գևորգ Կոստանյանն ասաց, որ Եվրոպայի խորհրդի որևէ երկրում չկա մեխանիզմ, որի դեպքում գումարը կբռնագանձվի դատարանից: «Այլ հարց է, որ դա կարող է հիմք հանդիսանալ տվյալ դատարանի նկատմամբ կարգապահական պատասխանատվության միջոցներ կիրառելու հարցով»,- ասաց Գևորգ Կոստանյանը՝ նշելով, որ 2007թ. Արդարադատության խորհուրդը խիստ նկատողություն՝ աշխատավարձի 25 տոկոս պահում 6 ամսվա ընթացքում է հայտարարել դատավորներից մեկին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս