Արտակ Զեյնալյան. Վիրաբյանին խոշտանգող անձը շարունակում է պաշտոնավարել

Այսօր ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ «ՀՀ կողմից ԵԽԽՎ «Քաղաքական բանտարկյալի սահմանումը» թիվ 1900 բանաձևի կատարման վերաբերյալ» թեմայով կազմակերպած խորհրդարանական լսումների ժամանակ ՀՀ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը հայտարարեց, թե հայերեն տեքստը ձևակերպումների առումով խնդիրներ է առաջացնում, մասնավորապես՝ ԵԽԽՎ-ն նշում է ոչ թե ենթադրյալ քաղաքական բանտարկյալների գործերի վերանայման, այլ վերագնահատման մասին:

Ըստ նրա՝ ԵԽԽՎ չափանիշները պետությունների համար հիմք են պրակտիկայի և դատավարական ակտերի կատարելագործման համար: Ա.Թաթոյանը նշեց, որ ԱԺ-ում է Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը, որում ընդգրկված լուծումները կոչված են կանխելու իրավունքների հնարավոր չարաշահումները: Նա պատրաստակամություն հայտնեց վերագնահատման մեխանիզմների հարցի շուրջ քննարկումներին մասնակցել, տեսնել, թե աշխարհում ինչ փորձ կա և ինչպես այն կարղ է իմպլեմենտացվել ՀՀ-ում:

Ըստ նրա՝ հարկավոր է այնպիսի մեխանիզմներ ներդնել, որ տեսականորեն և գործնականորեն կապահովեն մարդու իրավունքների իրացումը ՀՀ-ում, կբացառեն մարդու իրավունքների չարաշահումները:

Թե ի՞նչ անել քաղբանտարկյալ ինքնահռչակվողի հետ, փոխնախարարը նշեց, որ ապացուցման բեռը անձի վրա է, եթե հակառակը չի ապացուցում պետությունը: Նա ընդգծեց, որ ԵԽ նախարարների կոմիտեն ուշադրություն է հրավիրում նաև իրավոնքների չարաշահման արգելքի վրա:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հետաքրքրվեց, թե ՄԻԵԴ-ում քանի՞ գործ կա քաղբանտարկյալների հարցով, ինչպե՞ս է փոխնախարարը գնահատում քաղբանտարկյալների վիճակը ՀՀ-ում և ի՞նչ քայլեր են արվում, որ ՀՀ-ում բացառվի քաղբանտարկյալների առկայությունը:

«Կոմունիկացված գործերով գնահատական տալը ճիշտ չէ, իրավական առումով ճիշտ է այն դեպքում, երբ կան վճիռներ, իսկ այժմ նման վճիռներ չկան,- ասաց Ա.Թաթոյանն ու հավելեց,- Քաղբանտարկյալի իրական գնահատական տալու իրավական հիմքեր չունեմ: Արդարադատության նախարարությունում ցանկացած մտահոգություն, որ բարձրաձայնվում է լրատվամիջոցներով, կամ հասարակական հնչեղություն է ստանում, քննարկվում է»:

Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը նշեց, որ ՀՀ դեմ ՄԻԵԴ-ի կայացրած 52 որոշումնեի մեծ մասը քաղաքական բաղադրիչ են պարունակում՝ Գրիշա Վիրաբյանի գործը և այլն: Ըստ նրա՝ ՀՀ-ն առաջին տեղում է գտնվում ՄԻԵԴ որոշումները կատարելու առումով, բայց արդյոք խոշտանգումներ կատարողները պատասխանատվության ենթարկվե՞լ են՝ որպես կանխարգելիչ միջոց. «Գրիշա Վիրաբյանի գործով կոնկրետ անձանց անուններ են նշվել, որոնք մինչև հիմա պաշտոնավարում են»:

Ա.Թաթոյանը հայտարարեց, թե Գ. Վիրաբյանի գործով նման խախտում չի ճանաչվել, հատուկ անդրադարձ է եղել նյութաիրավական կոմպոնենտին ու նշվել, որ չի ապացուցվել, որ հետապնդում է իրականացվել, միայն դատավարական կոմպոնենտով է իրականացվել. «Հատուկ նշել են, որ չկա խախտում: Իսկ ՄԻԵԴ-ում գործերի ճնշող մեծամասնությունը անընդուելի է համարվել և նյութի հիմքը չհիմնավորված»:

Ա.Զեյնալյանը հակադարձեց, որ ՄԻԵԴ վճիռներում թափանցիկ ակնարկներ են արվում՝ կուսակցական պատկանելիության, կամ ակցիաների մասնակցության վերաբերյալ: Նա կրկնեց, որ Վիրաբյանի գործով խոշտանգման փաստը, որ ապացուցված է, կատարող անձը շարունակում է պաշտոնավարել: Սակայն փոխնախարարն այդպես էլ չանդրադարձավ խոշտանգում կատարողին պատասխանատվության ենթարկելու և պաշտոնվարման հետ կապված հարցին:

Տեսանյութեր

Լրահոս