Վարդան Պետրոսյանի գործով սկսվելու է դատական վիճաբանությունների փուլը
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր ավարտվեց դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի գործի քննությունը: Դատարանն անցավ դատական վիճաբանությունների փուլին. դեկտեմբերի 17-ին գործով դատախազը հանդես կգա ճառով, ինչին կհետևեն տուժողների և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների, պաշտպանների ճառերը, ինչպես նաև Վարդան Պետրոսյանի վերջին խոսքը:
2013թ. հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած ավտովթարի գործը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է 2014թ. մարտի 12-ից:
Դատավոր Վաղինակ Մկրտչյանը կողմերին պարզաբանեց, որ դատական վիճաբանությունների փուլում` դատավարության կողմերը, իսկ դատարանը վերջնական դատական ակտ կայացնելիս կարող են հիմնվել միայն այն ապացույցների վրա, որոնք հետազոտվել են դատաքննության ժամանակ:
Այսօր դատարանում մինչև դատական վիճաբանությունների փուլին անցնելը Վ. Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը հայտարարեց, որ դատարանի կայացրած ցանկացած որոշում պետք է հրապարակվի. նրա խոսքով՝ դատավարական կարգի կոպիտ խախտում է, երբ գործով դատավորը որոշումներ է կայացնում և չի հրապարակում դրանք: Փաստաբանը նկատի ունի այն հանգամանքը, որ դատավորը հրապարակել է իր որոշման միայն եզրափակիչ մասը: Ն. Բաղդասարյանը միևնույն ժամանակ նշեց, թե այս դատավարությունն ընդհանուր աղերսներ չունի Քրեական դատավարության օրենսգրքի հետ: Ինչպես հայտնի է, նախորդ դատական նիստի ընթացքում դատավորը մերժել էր կրկնակի հանձնաժողովային և համալիր դատաավտոտեխնիկական, դատահետքաբանական և դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին Ն. Բաղդասարյանի միջնորդությունը: Անդրադառնալով այդ որոշմանը՝ պաշտպանն ասաց.
«Որոշումը, որը Դուք չհրապարակեցիք, իմ միջնորդության հետ ընդհանրապես կապ չուներ: Ձեր մոտեցումներն ամբողջությամբ կառուցվել են դատախազի ելույթի հիման վրա: Այնպիսի տպավորություն է, որ նախօրոք իմացել եք, թե ինչ պիտի ասի դատախազը, դատախազը և Դուք որոշակի փաստարկներ եք ներկայացրել, որոնք միջնորդության մեջ չկան»: Վարդան Պետրոսյանի մյուս պաշտպան Սամվել Ջաղինյանն էլ ասաց, որ խախտվել է պաշտպանության կողմի իրավունքը: Նրա խոսքով՝ Վ. Պետրոսյանի մեղադրանքի հիմքում դրված է դատաավտոտեխնիկական փորձաքննության եզրակացությունը, սակայն դրա նշանակման վերաբերյալ նա չի տեղեկացվել՝ զրկվելով որևէ հարց կամ դիրքորոշում հայտնելու իրավունքից:
«Պաշտպանության կողմը գտնում է, որ այդտեղ պաշտպանության իրավունքի լուրջ խախտում կա, պաշտպանության կողմը փորձ արեց այդ խախտումը վերականգնել կրկնակի դատաավտոտեխնիկական համալիր փորձաքննության միջոցով, որը մերժվեց»,- ասաց նա՝ դատարանին խնդրելով, որ այդ խախտումը գնահատման արժանանա: Մեղադրող դատախազ Արթուր Սարգսյանն ասաց, որ դատաավտոտեխնիկական փորձաքննությունը նշանակվել է 2013թ. հոկտեմբերի 31-ին: «Նշված օրվա դրությամբ պարոն Պետրոսյանն ունեցել է վկայի կարգավիճակ»,- ասաց մեղադրողը՝ նշելով, որ Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ նշանակվելիք փորձաքննության որոշմանը ծանոթանալու և իր կողմից փորձագետ առաջարկելու կամ փորձաքննությանը հարցեր առաջադրելու իրավասությամբ օժտվում են կասկածյալը, մեղադրյալը, տուժողը.
«Նկատի ունենալով, որ որոշում կայացնելու օրվա դրությամբ Վարդան Պետրոսյանի դատավարական կարգավիճակն այդպիսին չի եղել, նրան ծանոթացնելու իրավունք այդ պահին չկար: Հետագայում, երբ նա ստացել է այդ կարգավիճակը, Վարդան Պետրոսյանին տրվել են այդ փաստաթղթերը»: Սամվել Ջաղինյանն էլ հետաքրքրվեց, թե կարգավիճակ ձեռք բերելուց հետո մինչև եզրակացություն ստանալն ինչո՞ւ որոշումը չի ներկայացվել կասկածյալին՝ դիրքորոշում հայտնելու համար:
Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ իսկապես փորձաքննություն նշանակելու մասին որոշում կայացնելու պահին Վ. Պետրոսյանը վկայի կարգավիճակում է եղել, սակայն նա փաստացի գտնվել է կասկածյալի վիճակում, քանի որ մինչ այդ որոշում էր կայացվել նրա տեղաշարժը սահմանափակելու մասին. «Այս որոշումից արդեն իսկ հետևում է, որ իր նկատմամբ հետապնդում է իրականացվել»: Նա ասաց, որ փորձաքննություն նշանակելու մասին որոշումն իրենց տրամադրվել է միայն այն ժամանակ, երբ դրա կատարումն արդեն ավարտված է եղել: Տուժողների և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանն ասաց, որ 2013թ. հոկտեմբերի 31-ի դրությամբ, երբ քննիչը դատաավտոտեխնիկական փորձաքննություն նշանակելու մասին որոշում է կայացրել, որևէ անձի իրավունք չի խախտվել:
«Այն պատճառաբանությունները, որ բերվեցին ներկայումս, թե մի օր ուշ են տվել, և այլն, և այլն, զուտ ձևական պատճառաբանություններ են: Նախաքննության մարմինը բավականին երկար ժամանակ նախաքննություն է իրականացրել: Պաշտպանական կողմը նախաքննության ընթացքում բավական երկար ժամանակ է ունեցել, որպեսզի հանդես գա համապատասխան միջնորդությամբ՝ լրացուցիչ դատաավտոտեխնիկական փորձաքննություն նշանակելու միջնորդությամբ: Պաշպանական կողմն այդ ընթացքում կարող էր առաջադրել և լրացուցիչ հարցեր, և այլն, և այլն: Ուստի գտնում ենք, որ այս պատճառաբանությունը կրում է զուտ ձևական բնույթ»,- ասաց Ռ. Բալոյանը: