Սուրեն Կարայան. «GSP+ ռեժիմը կորցնելու վտանգ չկա, ԵՄ-ի հետ համագործակցությունը շարունակվում է»

Այսօր ԱԺ հերթական նիստում «2014 թվականի հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրին հավանություն տալու հարցի քննարկման ժամանակ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը հետաքրքրվեց՝ արդյոք ՀՀ-ն կարո՞ղ է տնտեսական պայմանագիր կնքել ոչ անդամ երկրի հետ, օրինակ, ազատ առևտրի, արդյոք GSP+ համակարգը վտանգի չի՞ ենթարկվում և եթե մեր փոխարեն ՌԴ-ն է ԱՀԿ-ում ներկայացնելու, արդյոք կառավարությունը կամ ԱԺ-ն իրավունք ունե՞ն նման լիազորությունների պատվիրակել: Նրա դիտարկմամբ՝ մաքսատուրքերի սահմանման կարգը հակասում է ՀՀ Սահմանադրությանը:

ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը պատասխանեց, որ թե համաձայնագրի համաձայն և թե ԵՏՄ կառուցվածքը ենթադրում է, որ անդամ երկրները պետք է համատեղ իրականացնեն առևտրային քաղաքականությունը, բայց եթե ՀՀ-ին անհրաժեշտ լինի անդամակցելուց հետո ազատ առևտրի պայմանագիր կնքել երրորդ երկրի հետ, ապա մեխանիզմները կան: Նա նշեց, որ ՍԴ-ն համաձայնագիրը ուսումնասիրել է և որոշել, որ համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը և մեկնաբանելու կարիք չկա: Կարայանը նշեց, որ GSP+ ռեժիմը կորցնելու վտանգ չկա, ԵՄ-ի հետ համագործակցությունը շարունակվում է:

«Բոլոր այն համաձայնագրերը, որոնք կնքվել են ՀՀ կողմից և ներկայումս գործում են, դրանք շարունակելու են գործել: ԱՀԿ խնդիրների հետ կապված մենք ոչ թե մեր լիազորությունները տվել ենք ՌԴ-ին, ո՛չ, այդպես չէ, ուղղակի մենք ասել ենք, որ կան հակասություններ և որոշ ապրանքների մասով մաքսադրույքների տարբերության դեպքում անհրաժեշտ բանակցութուններին մեզ հետ միասին կմասնակցեն ԵՏՄ անդամներն ու մարմինները և սանկցիաները կկիրառվեն ոչ թե ՀՀ, այլ ԵՏՄ անդամների հանդեպ»,- ասաց Ս.Կարայանը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս