«Կարող են դիմել նաև անապահով ընտանիքների երեխաները, մեզ համար կարևորը նրանց առաջադիմությունն է». Ջոն Փադըֆութ
Այսօր տեղի ունեցավ Միացյալ աշխարհի քոլեջներ(United World Colleges- UWC) կրթական ցանցի Հայաստանի ազգային կոմիտեի և UWC Դիլիջան քոլեջի համատեղ մամուլի ասուլիսը:
UWC Դիլիջան քոլեջի տնօրեն Ջոն Փադըֆութը, դպրոցի հիմնախնդիրների խորհրդի նախագահ Վերոնիկա Զոնաբենդը և UWC Հայաստանի ազգային կոմիտեի ներկայացուցիչ Դարյա Բրոդնիկովսկայան ներկայացրին 2015 թ. ընդունելության գործընթացը և դպրոցի ծրագրերը:
UWC համակարգում կարող են սովորել 15-17 տարեկան տղաներ և աղջիկներ: 2015թ UWC քոլեջներն հայաստանցի ուսանողների համար առաջարկում են 23 տեղ, այդ թվում 10 տեղ՝ UWC Դիլիջան քոլեջում: Հայաստանցի երեխաները հնարավորություն ունեն սովորելու UWC համակարգի քոլեջներում՝ Իտալիայում, Ուելսում, Հոնգ Կոնգում, Հոլանդիայում, Նորվեգիայում, Գերմանիայում, ԱՄՆ-ում, Սինգապուրում, Հնդկաստանում:
Ջոն Փադըֆութը նշեց, որ իրենց համար առաջնայինը բազմազանությունն է. «Մենք մի շարժում ենք, որ միտումնավոր հավաքում ենք տարբեր ազգերի, դավանանքների, մշակույթների կրող ուսանողներին մի տեղ, որպեսզի նրանք շփվեն, ապրեն ու սովորեն միմյանց հետ: Մենք հույս ունենք, որ հետագայում նրանք դառնան հզոր առաջնորդներ՝ տարբեր բնագավառներում»,-ասաց նա:
Ջոն Փադըֆութը հավելեց նաև, որ ընդունելության ժամանակ ուշադրություն չեն դարձնում դիմորդների ֆիանանսական վիճակին. «Կարող են դիմել նաև ընչազուրկ ընտանիքների երեխաները, մեզ համար կարևորը նրանց առաջադիմությունն է: Իսկ ուսումնական ծրագիրը բաղկացած է 3 ասպեկտից՝ գիտական, ոչ գիտական և համակեցության: Գիտական ուսումնական ծրագիրն, ըստ էության, շեշտը դնում է բազմազանության վրա. պարտադիր սովորելու են անգլերեն, բնագիտական առարկաներն ընտրովի են՝ ֆիզիկա, քիմիա կամ կենսաբանություն, հումանիտար առարկաները ևս ընտրովի են՝ պատմություն, փիլիսոփայություն և այլն:
Հիմա տարբեր երկրների ուսանողներ հայերեն են սովորում, որը արտածրագրային է: UWC-ի ուղերձն այն է, որ եթե աշակերտն ունի ունակություններ ու հմտություններ, պետք է խրախուսել՝ անկախ նրանից, թե ընտանիքն ի վիճակի է, թե ոչ, ուստի խրախուսում ենք այն աշակերտներին, ովքեր համապատասխանում են մեր պահանջներին»,-ասաց նա:
16-17 տարեկան աղջիկներին ու տղաներին նա հատուկ հղում արեց. «Եթե դուք ցանկանում եք դառնալ մեր աշակերտը, բայց վճարելու ունակ չեք, ապա մենք ձեզ կընդունենք, եթե տեսնենք, որ արժանի եք»:
Վերոնիկա Զոնաբենդն ասաց, որ հանձնաժողովն ընտրում է դիմորդներից լավագուններին, իսկ վերջնական ընտրությունից հետո, առանց իմանալու ու հաշվի առնելու նրանց սոցիալական վիճակը, տալիս դրամաշնորհներ. «Դրամաշնորհները կարող են լինել 50-100 տոկոս: Հայաստանի բոլոր երեխաների ծնողներն ի վիճակի չէին վճարելու և նրանց տրամադրվեց 90-100 տոկոս դրամաշնորհ: Այդ երեխաները Հայաստանի տարբեր մարզերից էին: Նրանց տրամադրված ընդհանուր գրանտը կազմեց մոտ 1.5 միլիոն դոլար»,- նշեց նա:
UWC Հայաստանի ազգային կոմիտեի ներկայացուցիչ Դարյա Բրոդնիկովսկայան ներկայացրեց տեխնիկական մասը. «Շատ կարևոր է, որ դիմորդները ազատ խոսեն անգլերեն լեզվով կամ ունենան ընդունակություն՝ լեզուն արագ սովորելու: Մենք սպասում են առաջնորդ դառնալու հավակնություններ ունեցող ակտիվ դիմորդների: Չնայած նրան, որ 2015թ. օգոստոսի վերջից են սկսվելու դասերը, դիմումների ընդունման վերջնաժամկետն այս տարվա դեկտեմբերի 11-ին է, որովհետև դիմորդների ընտրությունն անցնում է 3 փուլով:
Նախ հանձնաժողովը նայում է հայտադիմումները և կատարում ընտրություն, երկրորդ փուլը սկայպ-հարցազրույց է, որն անցնում է հայերեն կամ անգլերեն լեզուներով՝ կախված դիմորդի ցանկությունից, իսկ երրորդ փուլում դիմորդը մի ամբողջ օր անցկացնում է հանձնաժողովի մոտ, որի ժամանակ ստուգվում են նրա գիտելիքները՝ տարբեր գրավոր աշխատանքների, հարցազրույցների միջոցով:
Հայտադիմումները կարդալիս, հանձնաժողովի անդամներից ոչ-ոք չգիտի, թե ով է դիմողը, որովհետև չկա ո՛չ անուն, ո՛չ անձնական տվայլեր, ընդամենը որոշ հարցերի պատասխաններ են: Վերջնական ընտրությունից հետո, եթե ֆինանսական խնդիրներ ունի տվյալ դիմորդը, ապա նրա ծնողները հնարավորություն ունեն դիմելու դրամաշնորհի համար»,- մանրամասնեց նա: