 
                        Իսրայելի բանակը սկսել է Գազա քաղաքի վրա հարձակման նախապատրաստական գործողությունները
 
                                    Իսրայելի պաշտպանության բանակը նախապատրաստական գործողություններ է սկսել Գազա քաղաքի վրա հարձակման համար։ Այս մասին Տելեգրամ ալիքում հայտնել է բանակի խոսնակ Ավիչայ Էդրին։
«Մենք չենք սպասում։ Մենք սկսել ենք Գազա քաղաքի վրա հարձակման նախնական գործողությունները և սկզբնական փուլերը և ներկայումս ինտենսիվորեն գործում ենք քաղաքի ծայրամասերում։ Մենք կխորացնենք մեր հարվածները և չենք վարանի, մինչև չվերադարձնենք բոլոր առևանգվածներին և ռազմականապես ու քաղաքականապես չոչնչացնենք ՀԱՄԱՍ-ին»,-նշվել է գրառման մեջ։
Նա նաև նշել է, որ Իսրայելի պաշտպանության բանակի ուժերը շարունակում են մարտերը Գազայի հատվածում՝ ծանր հարվածներ հասցնելով ՀԱՄԱՍ-ին։
Օգոստոսի 8-ին Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը հաստատել է Գազա քաղաքն ամբողջությամբ վերահսկողության տակ վերցնելու և պաղեստինյան անկլավում գործողությունը ընդլայնելու ծրագիրը:
Օգոստոսի 18-ին ՀԱՄԱՍ-ը դրականորեն է արձագանքել միջնորդների հրադադարի առաջարկին, և փաստաթուղթը հետագայում փոխանցվել է Իսրայելին:
Օգոստոսի 20-ին Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հաստատել է պաղեստինյան անկլավի վարչական կենտրոնը գրավելու ծրագիրը, իսկ օգոստոսի 21-ին առաջարկվող ռազմավարությունը հաստատել է նաև Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        