Բաժիններ՝

Աբրահամ Լինքոլնի նամակը՝ որդու ուսուցչին. Սովորեցրեք նրան վաճառել իր ուղեղն ու ուժը բարձր գնով, բայց երբեք վաճառքի չդնել սիրտն ու հոգին

Ըստ տարածված լեգենդի՝ 1855 թվականին Աբրահամ Լինքոլնը նամակ է գրել իր որդու ուսուցչին, որում տեղ գտած հորդորներն արդիական են մինչ օրս: Adme.ru-ն ներկայացնում է հանրահայտ նամակը.

«Հասկանում եմ, որ նա ստիպված է լինելու իմանալ, որ ոչ բոլոր մարդիկ են արդար, ոչ բոլորն են անկեղծ: Սակայն նրան սովորեցրեք, որ յուրաքանչյուր սրիկայի մեջ կարող է լինել հերոս եւ յուրաքանչյուր եսասեր քաղաքական գործչի մեջ կարող է նվիրված առաջնորդ լինել: Սովորեցրեք նրան, որ եթե կա թշնամի, կգտնվի նաեւ բարեկամ:
Ժամանակ կպահանջվի, գիտեմ, բայց եթե կարող եք, սովորեցրեք, որ վաստակած մեկ դոլարն ավելի արժեքավոր է, քան հինգ գտած դոլարը: Սովորեցրեք նրան պարտվել կարողանալ եւ վայելել հաղթանակը: Եթե կարող եք, ետ պահեք նրան ցուցադրաբար զգացմունքներն արտահայտելուց, սովորեցրեք ոչ բարձր ծիծաղի գաղտնիքը:
Եթե հնարավոր է, սովորեցրեք նրան հետաքրքրվել գրքերով, բայց նաեւ ժամանակ տվեք, որպեսզի խորհի հավերժական գաղտնիքների մասին:

Երբ նա դպրոցում լինի, սովորեցրեք, որ ավելի լավ է արժանապատվորեն տանել անհաջողությունը, քան խաբեբայություն անել: Սովորեցրեք նրան հավատալ սեփական գաղափարներին, եթե անգամ բոլորը նրան ասում են, թե մոլորության մեջ է…Սովորեցրեք նրան լինել մեղմ՝ մեղմ մարդկանց եւ կոշտ՝ դաժան մարդկանց նկատմամբ:

Փորձեք որդուս տալ ամբոխին չհետեւելու ուժը, երբ բոլորը տրվում են հոտի զգացողությանը.. Սովորեցրեք նրան լսել բոլորին, սակայն սովորեցրեք նաեւ ճշմարտության մաղով անցկացնել այն, ինչ լսում է, եւ ընտրել միայն լավը:
Եթե կարող եք, նրան սովորեցրեք ծիծաղել տխրության ժամանակ: Սովորեցրեք, որ արտասվելն ամոթ չէ: Սովորեցրեք ծիծաղել ցինիկների վրա եւ զգուշանալ քծնանքից ու չափից շատ գովաբանությունից:

Սովորեցրեք նրան վաճառել իր ուղեղն ու ուժը բարձր գնով, բայց երբեք վաճառքի չդնել ոչ սիրտը, ոչ հոգին: Սովորեցրեք նրան չլսել սուլող ամբոխին, այլ վեր կենալ եւ պայքարել, եթե իր մոտեցումը ճիշտ է համարում:

Նրա հետ մեղմ վարվեք, բայց առանց ավելորդ փափկության, քանի որ միայն կրակի փորձությունն է կոփում պողպատը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս