Բաժիններ՝

Հասարակական կազմակերպությունը դիմել է վարչապետին. Կանանց նկատմամբ բռնությունները հիմնականում զուգընկերոջ կողմից են լինում (տեսանյութ)

«Իրականում «Ընտանեկան բռնության մասին» օրենքը դեռևս մի քանի տարի առաջ պետք է ընդունված լիներ՝ հաշվի առնելով ՀՀ այն միջազգային պարտավորություննները, որ պետությունը ստանձնել է, բայց արդեն քանի տարի է օրենքը չի ընդունվում, ավելին՝ 2013 թվականի փետրվարին օրենքը պաշտոնապես մերժվել է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Հասարակությունն առանց բռնության» հ/կ-ի ներկայացուցիչ Աննա Նիկողոսյանը, որն այսօր կառավարության շենքի դիմաց ներկայացնում էր «Ընդդեմ կանանց նկատմամբ կոալիցիան»:

Այսօր կոալիցիան նամակով դիմում էր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝  պահանջելով ընդունել «Ընտանեկան բռնության կանխարգելման» մասին ՀՀ օրինագիծը:

Ա. Նիկողոսյանի խոսքով՝ իրենք լրամշակել են օրինագծի տարբերակը՝ հաշվի առնելով պետության այն փաստարկները, որոնց պատճառով 2013 թվականին օրենքը մերժվել է:

Ա. Նիկողոսյանը նկատեց, որ պաշտոնական տվյալներով՝ միայն այս տարի 9 կին է մահացել ընտանեկան բռնության հետևանքով, իսկ գրանցվել են 1500-ից ավելի ընտանեկան բռնության դեպքեր.

«Հասարակական կազմակերպությունների վիճակագրությունը ցույց է տալիս, որ մի քանի անգամ ավել են այդ դեպքերը: Հ/Կ սեկտորում արված վերլուծությունները ցույց են տալիս, որ կանանց մոտ 66%-ը ենթարկվում է ընտանեկան բռնության»:

Նա նշեց, որ բռնությունները կանանց նկատմամբ հիմնականում զուգընկերոջ կողմից են լինում: Ա.Նիկողոսյանը նկատեց նաև, որ թեև ֆիզիկական բռնությունների տոկոսը մեծ է, հոգեբանական բռնության տոկոսը շատ ավելի մեծ է. «Այսինքն՝ ճնշումներ, վերհսկողական վարք և այլն: Ընտանիքի ներսում կանայք ենթարկում են նաև սեռական և տնտեսական բռնությունների: Օրինակ, տնտեսական բռնության տեսակ է, երբ կնոջ թույլ չեն տալիս, որ նա աշխատի»:

Ա. Նիկողոսյանը նշեց, որ իրենք բազմաթիվ ակցիաներ են կազմակերպում ու իրազեկում են մարդկանց ընտանեկան բռնության մասին:

Հետաքրքրվեցինք՝ արդյոք հասրակությունը կարիք ունի՞ իրազեկման, իրենք չգիտե՞ն՝ ինչ է ընտանեկան բռնությունը: Ա.Նիկողոսյանը պատասխանեց, որ, իրականում հասարակության մեծ մասը տեղեկացված չէ, թե ինչ է իրենից ներկայացնում այդ երևույթը. «Երբ մարդկանց հետ խոսում են ընտանեկան բռնությունից, առաջին ռեակցիան կարող է լինել այն, որ այդ երևույթը մեր հասարակությունում գոյություն չունի: Երբ ներկայացնում ենք վիճակագրությունը, արդեն մարդկանց մոտ շատ բաներ են փոխվում: Իրազեկվածության մակարդակը շատ ցածր է այս առումով»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս