Վադիմ Դուբնով. Բոլոր կողմերն էլ հասկանում են, որ ղարաբաղյան հարցի լուծման բանալին չկա

Ռուս քաղաքական վերլուծաբան Վադիմ Դուբնովը քաջատեղյակ է ղարաբաղյան հակամարտության պատմությանը և նաև ուշադրությամբ հետևել է վերջին արյունալի իրադարձություններին, որոնք տեղի ունեցան այս ամռանը: Իրավիճակն ավելի լավ հասկանալու համար օրերս նա այցելել է Լեռնային Ղարաբաղ: Դուբնովին հանդիպեցինք Երևանում: Քաղաքագետի մեկնաբանությամբ` արցախցիները շատ կենսուրախ ու կենսասեր մարդիկ են և առաջին գծում տեղի ունեցած իրադարձություններին վերաբերվել են շատ հանգիստ, առանց խուճապի. «Ես գնացել էի Ղարաբաղ, որտեղ, ինչպես շատերին էր թվում, ուր որ է` պատերազմ կսկսվի, և ոչ մի պատերազմ էլ այնտեղ չտեսա»:

Միաժամանակ նա դժգոհեց ԼՂՀ իշխանություններից` նշելով, որ իրեն առանձնապես չի ոգևորել պետության այն մոդելը, որը փորձում են կառուցել Լեռնային Ղարաբաղում: Ըստ նրա` Ղարաբաղը դեռ չի կողմնորոշվել տնտեսական զարգացման մոդելի հարցում, տնտեսությունը բավականաչափ թափանցիկ չէ, և կան բավական շատ չարաշահումներ. «Որքան ես նկատեցի, Ղարաբաղի բնակիչներն այնքան էլ գոհ չեն իրենց իշխանություններից, և նրանք ունեն բոլոր հիմքերը դրա համար»:

– Անցնենք Լեռնային Ղարաբաղի բուն հիմնախնդրին: Ըստ Ձեզ` հակամարտության գոտում լարվածության նվազումն ուղղակիորեն կապ ունի՞ օգոստոսի 9-ին Սոչիում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպման հետ: Այդ հանդիպումն ի՞նչ ազդեցություն ունեցավ հակամարտության վրա:

– Այո՛, կապ ուներ, բայց միաժամանակ պետք է ասեմ, որ հակամարտության առաջին գծում կրակոցների քանակը նվազել էր դեռևս մինչև Սոչիի հանդիպումը` փաստորեն այն օրը (օգոստոսի 3-ին), երբ հայտարարվեց Սոչիի հանդիպման մասին: Թեև որոշ հատվածներում կրակոցները շարունակվեցին մինչև օգոստոսի 8-9-ը: Բայց ինձ թվում է, որ ղարաբաղցիները միանգամայն իրավացի էին, քանի որ համոզված էին, որ այդ լարվածությունը պատճառ չի դառնա նոր պատերազմի:

– Բայց այդպիսի զգացողություն, այնուամենայնիվ, կար:

– Ղարաբաղում` ոչ: Հայաստանում, որքան նկատեցի, կար: Ղարաբաղցիներն ավելի լավ էին հասկանում` ինչ է կատարվում. նրանք փաստացի ապրում են կրակի գծում և, ըստ երևույթին, գիտեն, թե ինչ տեսք ունի իրական պատերազմը: Ղարաբաղցիները շատ հանգիստ էին վերաբերվում այդ միջադեպերին, թեև դա հիմք ծառայեց հասարակության որոշակի համախմբմանը: Բայց դա այն համախմբումը չէ, որն անհրաժեշտ է հայրենիքը պաշտպանելու համար, որովհետև այդ պահին հայրենիքը պաշտպանության կարիք չուներ: Լեռնային Ղարաբաղում շատ լավ հասկանում են, որ իրավիճակի սրման այդպիսի ժանրը նորություն չէ և սկսվել է ոչ թե այս ամռանը, այլ դեռևս տարվա սկզբին: Նորություն էր այն, որ սահմանային կրակոցների ժամանակ օգտագործվեց ականանետ:

– Այդուհանդերձ, ինչո՞վ էր պայմանավորված միջադեպերի ինտենսիվացումը:

– Ես կարող եմ միայն ենթադրություններ անել: Ըստ իս` դա առաջին հերթին կապված է այն հանգամանքի հետ, որ Ադրբեջանի ղեկավարությունը կանգնած է շատ օբյեկտիվ խնդրի առաջ, որովհետև եթե Հայաստանը և միջնորդները շահագրգռված են, որ ստատուս-քվոն պահպանվի, ապա Ադրբեջանին, բնականաբար, այն ձեռնտու չէ: Ադրբեջանը քաղաքական և օրինական հնարավորություններ չունի ստատուս-քվոյի դեմ աշխատելու համար. բանակցություններն այնպես են ընթանում, որ Ադրբեջանը զրկվել է ստատուս-քվոն փոխելու քաղաքական հնարավորությունից: Եվ Ադրբեջանին մնում է մի ելք` դիմել կտրուկ քայլերի:

Երևի գործող նախագահի հայրը նույնպես աշխատեր այդ ժանրում, բայց ավելի նուրբ ձևով գործեր, իսկ ներկայիս նախագահը գործում է այնպես, ինչպես գործում է: Նա կանգնած է լուրջ խնդրի առաջ, քանի որ, մի կողմից` նա պետք է գրպանից հաներ դանակը, մյուս կողմից` նա խախտեց փողոցային գլխավոր օրենքը` «հանել ես` պետք է խփես»: Սակայն նա չէր կարող չխախտել այդ օրենքը, քանի որ «խփելը»` իրական պատերազմ սկսելը, չի մտնում նրա ծրագրերի մեջ: Չեմ կարծում, որ Ալիևը մշակել էր այդ մարտավարությունը տարվա սկզբից, պարզապես իրավիճակը հասավ իր տրամաբանական զարգացմանը:

– Սոչիի գագաթաժողովից առաջ և նաև դրանից հետո բավական շատ քննարկվեց հանդիպման եռակողմ ձևաչափը: Անընդհատ նշվում էր այն կարծիքը, որ Պուտինն իր վրա վերցրեց նախաձեռնությունը ղարաբաղյան հարցում:

– Կարծում եմ` Ռուսաստանի իշխանության արձագանքը պարզապես իրավիճակային էր: Բոլորն արձանագրեցին լարվածության սրման փաստը, և այդ իրավիճակում, իհարկե, բոլոր հաղթաթղթերը Մոսկվայի ձեռքում էին: Եթե մենք «ո՞վ կազմակերպեց հանդիպումը» հարցը համարում ենք կարևոր, սկզբունքային և քաղաքական իմաստով` հեռանկարային, ապա այդ առումով, այո՛, բոլոր հաղթաթղթերը Կրեմլի ձեռքում էին:

Ամերիկացիներն այժմ Ադրբեջանի համար խաղացողներ չեն, որովհետև Բաքուն փչացրել է հարաբերություններն ԱՄՆ-ի հետ: Ֆրանսիացիները փորձում էին կազմակերպել երկու նախագահների հանդիպումը բավական հանգիստ, առանց առանձնակի ոգևորության, և ինձ համար դժվար է պատկերացնել պարոն Օլանդին, որ հանկարծ ամսի 3-ին վեր կենար և հայտարարեր` այս ինչ վտանգավոր իրավիճակ է, եկեք անմիջապես հանդիպենք Փարիզում:

Ես չեմ կարող Օլանդին պատկերացնել այդ իրավիճակում. նա ավելի կարևոր գործեր ունի: Իսկ Պուտինը, այո՛, կարող էր այդ իրավիճակում լինել այն մարդը, ով կօգտագործեր իր հաղթաթղթերը: Նա հավասարապես մտերիմ հարաբերություն ունի երկու նախագահների հետ: Փարիզն այդքան շահագրգռված չէր այդ հանդիպումը կազմակերպելու մեջ, որքան Մոսկվան: Ռուսաստանն, իհարկե, ուզում էր ուկրաինական իրադարձությունների ֆոնին հանդես գալ խաղաղասերի դերում: Նմանատիպ իրավիճակ էր 2008 թվականին, երբ ռուս-վրացական պատերազմից հետո Ռուսաստանը հանդես եկավ Մերձդնեստրի խաղաղասիրական նախաձեռնությամբ:

– Իսկ սա «փիառ» չէ՞:

– Իհարկե «փիառ» է:

– Արտաքին քաղաքական:

– Այո՛:

– Եվ այն հաջողություն ունեցա՞վ:

– Դե, գիտեք, արտաքին քաղաքական «փիառի» արդյունավետությունը բավական կարճաժամկետ է: Կարծում եմ` Մոսկվան շատ լավ հասկանում էր, որ երկարաժամկետ արդյունավետության վրա հույս դնել չի կարող: Այժմ չկա այնպիսի խաղ, որից կարելի է մեծ բոնուսներ ստանալ: Այդ հանդիպումը կազմակերպելն այնքան էլ դժվար չէր Մոսկվայի համար, բայց ստացվեց այնպես, որ այն կասեցրեց պատերազմը: Թեև այդ պատերազմը չէր էլ կարող երկար տևել:

– Ղարաբաղյան հարցի լուծման անհրաժեշտության մասին խոսում են Մինսկի խմբի համանախագահող բոլոր երկրները, բայց արդյո՞ք այս հանդիպումը ցույց չտվեց, որ խնդրի լուծման բանալին Ռուսաստանի ձեռքում է:

– Իմ կարծիքով` բոլոր երեք միջնորդները և հակամարտող երկու կողմերը հասկանում են, որ ոչ մի բանալի չկա: Բանալի ընդհանրապես չկա: Կողպեք կա, իսկ բանալի չկա: Ոչ ոք չգիտի այդ կողպեքի կառուցվածքը և ոչ ոք չի փնտրում այդ բանալին: Բոլորն էլ գիտեն, որ այն չկա և մոտ ժամանակներում չի լինելու: Սա այն դիրքորոշումն է, որին հետևում են բոլորը կողմերը: Հակամարտությունը լուծում չունի: Որքան էլ միջնորդները և հակամարտող կողմերը խոսեն փոխզիջումների մասին, այն չունի փոխզիջումային լուծում: Որոշ մարդիկ կարծում են, որ այս ճգնաժամը ցույց տվեց, որ հարցը չունի ռազմական լուծում: Ես առայժմ այդքան լավատես չեմ:

– Իսկ որքա՞ն է դրա հավանականությունը:

– Պատերազմի՞, թե՞ նրա, ինչ եղավ:

– Ե՛վ մեկի, և՛ մյուսի:

– Այդպիսի իրադարձությունների կրկնման հավանականությունը շատ իրական է: Ես չէի ասի, որ Ադրբեջանն անցավ «կարմիր գիծը», բայց նա որոշակիորեն շոշափեց այն, նա փորձարկեց «կարմիր գծից» այն կողմ ընկած տարածությունը: Եվ հիմա կարելի է ասել, որ «կարմիր գիծը» մի փոքր տեղաշարժվել է, ուստի այն, ինչ եղել է մեկ անգամ, կարող է ինչ-որ ձևով կրկնվել: Այնուամենայնիվ, «կարմիր գիծը» 20 տարի անփոփոխ էր, և նախադեպը ոչ թե այն է, որ «կարմիր գիծն» անցել են, այլ այն, որ «կարմիր գիծն» այլևս անփոփոխ չէ. պարզվում է, որ այն կարող է տեղաշարժվել:

– Իսկ ի՞նչ հանգամանքներում դա կարող է տեղի ունենալ:

– Դա առաջին հերթին` կախված է ներքաղաքական պատճառներից և առաջին հերթին` Ադրբեջանում: Միգուցե տարօրինակ բան ասեմ, բայց կարծում եմ, որ այդպիսի էսկալացիան կարող է որոշ չափով ձեռնտու լինել նաև ղարաբաղյան իշխանության համար, քանի որ այն շեղում է բնակչության ուշադրությունը սոցիալ-տնտեսական և քաղաքական խնդիրներից: Այն համախմբումը, որ եղավ ղարաբաղյան հասարակությունում, բնականաբար, ձեռնտու է իշխանությանը: Այսինքն` կողմերից յուրաքանչյուրը` և՛ Ղարաբաղը, և՛ Երևանը, և՛ Բաքուն, և՛ Մոսկվան, ստացան իրենց բոնուսները:

– Իսկ ի՞նչ բոնուս ստացավ, օրինակ, Հայաստանը:

– Հայերը նույնպես հիմա ոգևորված են, համախմբված: Իրավիճակը ցույց տվեց, որ նրանք կարող են հետ մղել Ադրբեջանի ագրեսիան: Իմ կարծիքով` դա այդպես չէ: Իրականում ճգնաժամը բոլորովին այլ բան ցույց տվեց: Այն ցույց տվեց, որ իրականում ո՛չ այս, ո՛չ մյուս կողմը պատրաստ չէ պատերազմին: Երկու կողմն էլ իրենց լավ չդրսևորեցին ռազմական իմաստով և միգուցե այդ պատճառով էլ չեն ուզում պատերազմել: Դա այնպիսի մի իրավիճակ է, երբ կողմերից մեկը հարձակվում է, իսկ մյուսը` պաշտպանվում:

Առաջինն այնքան էլ լավ չէր հարձակվում, իսկ երկրորդն այնքան էլ լավ չէր պաշտպանվում: Ի դեպ, հայերը նույնպես երբեմն անցնում էին հակահարձակման, բայց նրանց գործողությունները, իմ համոզմամբ, հեռու էին ռազմական կատարելությունից: Հետևաբար, կարելի է ասել, որ արձանագրվեց ոչ-ոքի:

– Ուշագրավ է, որ թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական մամուլում բազմաթիվ վերլուծաբաններ հայտարարում էին, որ սահմանային միջադեպերը հրահրել է Մոսկվան: Դուք համաձա՞յն եք այդ տեսակետի հետ:

– Իսկ Մոսկվայում էլ ասում էին, որ այդ ամենը կազմակերպել է Վաշինգտոնը:

– Եվ դրանցից ո՞րն է ավելի իրատեսական:

– Գիտեք, դա ճաշակի հարց է. մեկը դետեկտիվ է սիրում, իսկ մյուսը` սիրավեպ: Իմ կարծիքով` երկուսն էլ հիմարություն են: Նույն Ղարաբաղում մարդիկ, ովքեր ևս երբեմն սիրում են խոսել աշխարհաքաղաքական վարկածի մասին, պատմությունը սկսում են Քելբաջարից, Քելբաջարի դիվերսիոն ներխուժումից: Իսկ քելբաջարյան խմբին հաստատ ամերիկացիները չէին ուղարկել, և նրանց չեզոքացումն էլ ռուսները չեն կազմակերպել: Քելբաջարի պատմությունը բացառապես տեղական, ղարաբաղա-ադրբեջանական պատմություն է: Այն, որ ղարաբաղցիները ելակետային են համարում Քելբաջարի դեպքը, ցույց է տալիս, որ իրենք` ղարաբաղցիները, չեն հավատում աշխարհաքաղաքական վարկածին:

– Եվ վերջապես, Ձեր կարծիքով` ի՞նչ հետագա զարգացումներ կունենա հակամարտության կարգավորման գործընթացը:

– Այս հարցին պատասխանելիս` կարող ես գայթակղվել, քեզ դնել մեծ ստրատեգի տեղ ու խելացի դեմքով ինչ-որ խելացի բաներ ասել, բայց ես կխուսափեմ դրանից: Հարցն այն է, որ մոտակա ժամանակներում չի լինելու հակամարտության կարգավորման նոր թեզ, ինչպիսին են «Մադրիդյան սկզբունքները» կամ «Գոբլի ծրագիրը», քանի որ այդ իմաստով էլ արդեն ամեն ինչ վերջացած է: Բոլորը համաձայնել են, որ բանալի չկա: «Մադրիդյան սկզբունքները», «նորացված Մադրիդյան սկզբունքները», «Կազանյան համաձայնագիրը», բոլորը բանալիի փնտրտուք են: Ինձ թվում է` սկզբում Մինսկի խումբը կարծում էր, որ քաղաքական իրավիճակը, այսպես թե այնպես, կստիպի կողմերին համաձայնել անգամ ոչ հավասար տարբերակի: Առաջին ձախողումը, ինչպես հիշում եք, եղավ 97 թվականին: Տեր-Պետրոսյանը դրանից տուժեց, բայց փուլային և փաթեթային տարբերակների շուրջ տարաձայնությունները շարունակվեցին, այդ նույն թեզերը քննարկվեցին նաև հետագա տարիներին և, ի վերջո, վերածվեցին «Մադրիդյան սկզբունքների»: «Մադրիդյան սկզբունքները» երևի վերջնագիծն է, վերջնագիծն է նրա, թե ինչի մասին կարող են խոսել կողմերը:

– Եվ դա գործընթացը բերեց դեպի փակուղի:

– Ես համաձայն չեմ «բերեց» բառի հետ: Այն ցուցադրեց փակուղին, որովհետև բոլորն էլ գիտեին, որ փակուղի է:

– Շատ լավ, սրանից այն կողմ ի՞նչ է սպասվում:

– Ա՛յ սա հարց է: Չգիտեմ, որովհետև այն, ինչ տեղի ունեցավ այս տարվա ընթացքում, վկայում է Մինսկի խմբի փլուզման մասին. միջնորդները գործում են առանձին. ֆրանսիացիները չեն գործում, Ուորլիքը ելույթ է ունենում Քարնեգիում, Պուտինն էլ բոլորին հրավիրում է Սոչի: Ինչ-որ մեկը կասի, որ դրա պատճառը Ուկրաինան է, բայց ես համաձայն չեմ: Ուկրաինական իրադարձությունները պարզապես խթանեցին միջնորդների բաժանմանը: Հետո ինչ-որ այլ ժանր կլինի: Կարծում եմ` Մինսկի խումբը կպահպանվի այս կամ այն ձևով, որովհետև չեմ պատկերացնում ԵԱՀԿ-ի նիստ, որտեղ Մինսկի խմբին կասեն` շնորհակալություն, դուք կարող եք գնալ: Այն կմնա, որովհետև այն հարթակ է: Այդ հարթակն անհրաժեշտ է, և այլ հարթակ չկա: Բացի այդ` Մինսկի խումբը բավական հետաքրքիր բան է. համանախագահները և դիվանագետները երբեմն հանդիպել են այդ հարթակում քննարկելու ոչ թե ղարաբաղյան խնդիրը, այլ բոլորովին այլ հարցեր:

– Տարածաշրջանի՞ հետ կապված:

– Եվ ոչ միայն: Մինսկի խումբը պետք է առաջ ընկնի իրադարձություններից, բայց նա չի կարող, որովհետև իրավիճակի սրման շարժառիթները կարգավորման տեսանկյունից ռացիոնալ չեն: Այդ շարժառիթները բացառապես ներքաղաքական բնույթ ունեն, իսկ դա ոչ մի Մինսկի խումբ չի կարող կանխատեսել կամ չեզոքացնել: Հավանաբար հետագայում փորձ կկատարվի ստեղծել մի նոր ձևաչափ` ելնելով իրավիճակից, բայց ոչ մոտ ժամանակներում և ոչ միանգամից: Իսկ մինչ այդ կապրենք այն ռեժիմում, որում ապրում ենք 2008 թվականից, երբ Մինսկի խումբն ընկավ թեթև կոմայի մեջ:

Տեսանյութեր

Լրահոս