Բաժիններ՝

Բորելը Նեթանյահուի կառավարությանը մեղադրել է «ցեղասպանության» մտադրության մեջ

ԵՄ դիվանագիտության նախկին ղեկավար և Բարսելոնայի միջազգային ուսումնասիրությունների կենտրոնի (CIDOB) ներկայիս նախագահ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Իսրայելի կողմից Գազայի հատվածում օգտագործված ռումբերի կեսն արտադրվել է Եվրոպայում: Նա նաև Բենիամին Նեթանյահուի կառավարությանը մեղադրել է «ցեղասպանության մտադրության» մեջ։

Այս մասին նա ասել է Cadena Ser ռադիոկայանին տված հարցազրույցում:«Եթե Եվրոպան ցանկանար, ապա Իսրայելի վրա ազդեցության շատ լծակներ կունենար։ Ռումբերի կեսը, որոնք ընկնում են Գազայի վրա, Եվրոպայում արտադրված ռումբերն են», – ասել է նա։

Բորելի խոսքով՝ իսրայելական իշխանությունների գործողությունները վկայում են գիտակցաբար Պաղեստինի բնակչությանը բնաջնջելու նպատակի մասին։

«Ցեղասպանությունը իրավական սահմանում է, որը կորոշի դատարանը, բայց ես կասկած չունեմ, որ կա ցեղասպանության մտադրություն…. Երբ լսում ես, թե ինչ են ասում Իսրայելի կառավարության նախարարները և տեսնում, թե ինչ են անում նրանք, կասկած չի մնում, որ կա ցեղասպանության նպատակ», – ասել է նա։

Բացի այդ, Բորելը համեմատել է ԵՄ-ի արձագանքը Ուկրաինայի և Պաղեստինի հակամարտություններին և նշել, որ կրկնակի ստանդարտները խարխլում են աշխարհում Եվրոպայի նկատմամբ վստահությունը։

Նա պաշտպանել է Եվրամիության նախաձեռնությունը՝ վերանայելու Իսրայելի հետ ասոցացման համաձայնագիրը և այն համարել է «ուշացած, բայց անհրաժեշտ»։ Բորելն ընդգծել է, որ Եվրամիությունն ունի ազդեցության տնտեսական լծակներ և պետք է դրանք օգտագործի բռնությունը դադարեցնելու և Գազայի համար մարդասիրական օգնության հասանելիությունն ապահովելու նպատակով։

Նա նաև քննադատել է Եվրահանձնաժողովի և անձամբ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի դիրքորոշումը՝ նշելով, որ վերջինս «քիչ կարեկցանք է դրսևորել պաղեստինցիների տառապանքների նկատմամբ, և բոլորն են դա գիտակցում»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս