
Ոչ ստանդարտ ԱՄՆ «միջնորդություն»՝ հայ-ադրբեջանական հակամարտությունում․ ինչի՞ շուրջ է աշխատում Թրամփի վարչակազմը Հարավային Կովկասում

«ԱՄՆ հիմնական ուշադրությունը կենտրոնացած է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատելու վրա»,- այս մասին Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ պատասխանելով կոնգրեսականներից մեկի հարցին։
Ըստ Ռուբիոյի, կա իրական վտանգ, որ կարող է տեղի ունենալ հակամարտություն, որն իրենք փորձում են կանխել։ «Մեր թիմերը շատ ակտիվ ներգրավված են այդ գործընթացում՝ փորձելով դա իրականություն դարձնել և կանխել հնարավոր ռազմական միջամտությունն այնտեղ։ Իհարկե, այդ զրույցների համատեքստում բանտարկյալների և մարդու իրավունքների հարցերը կարևորագույն նշանակություն ունեն»,- ասել է Մարկո Ռուբիոն։
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ողջունել է պետքարտուղար Ռուբիոյի հայտարարությունը՝ «մասնավորապես նրա հավաստիացումը, որ Թրամփի վարչակազմը հանձնառու է կանխելու Ադրբեջանի ներխուժումը Հայաստան և ապահովելու հայ գերիների ազատ արձակումը»:
Երևանն ու Բաքուն մարտի 13-ին հայտարարեցին խաղաղության համաձայնագրի տեքստն ավարտին հասցնելու մասին, սակայն Ադրբեջանը շարունակում է պահանջներ դնել Երևանի առջև։ Օրերս էլ Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի վեցերորդ գագաթնաժողովի ընթացքում կայացավ Փաշինյանի ու Ալիևի շփումը, սակայն առանց որևէ տեսանելի առաջընթացի։
Այդ հանդիպումից հետո ևս Ալիևը շարունակում է պահանջներ հնչեցնել։ Ի թիվս Մինսկի խմբի լուծարման և ՀՀ սահմանադրական փոփոխությունների պահանջների, Ալիևը բարձրացնում է այլ հարցեր ևս։ Անկարայում կայացած «Վերադարձը Արևմտյան Ադրբեջան՝ որպես մարդու իրավունքների գերակայության կարևոր պայման» թեմայով միջազգային համաժողովում օրերս Ալիևը հայտարարել է, թե «Հայաստանը պետք է հստակ դիրքորոշում հայտնի այն մասին, թե երբ և ինչ պայմաններում արևմտյան ադրբեջանցիները կկարողանան վերադառնալ իրենց հայրենի հողեր»։ Ըստ նրա, «Արևմտյան Ադրբեջանի հարցն արդեն ներառված է միջազգային օրակարգում»։ Ալիևը նաև ասել է. «Ադրբեջանի և Թուրքիայի միջև դաշնակցային և եղբայրական հարաբերությունները, երկու երկրների հավատարմությունը միջազգային իրավունքի սկզբունքներին ստեղծում են ամուր հիմք տարածաշրջանում կայունության ապահովման համար»։
Մինչ այդ Հունգարիայում այդ երկրի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ հանդիպմանն էր Ալիևը նաև ասել, թե Հայաստանը վաղ թե ուշ կհամաձայնի իր առաջադրած պայմաններին։
Այս ամենը տեղի է ունենում Հայաստան-Ադրբեջան հակամարտության առանձնահատուկ մի փուլում, երբ հակամարտությունը չունի ընդգծված որևէ միջնորդ, թեև երբեմն Ռուսաստանը, ԱՄՆ-ը ու ԵՄ-ն փորձում են որոշակի նախաձեռնություններ ծավալել։ Թրամփի վարչակազմը վերջերս ժամանակ առ ժամանակ թեմային անդրադառնում է, ինչպես նախօրեին Մարկո Ռուբիոն՝ Կոնգրեսում։ Վերջերս ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը Breitbart News-ի հետ զրույցում հայտարարել էր, որ Հայաստանը և Ադրբեջանը ևս կարող են միանալ Աբրահամի խաղաղության համաձայնագրերին։ «Աբրահամի համաձայնագրերին միանալը կարող է տեղի ունենալ Ադրբեջանի և Հայաստանի հետ ևս, որտեղ, կարծում ենք, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական կարգավորմանը»,- ասել էր Ուիթքոֆը։
168.am-ի հետ զրույցում եվրոպացի վերլուծաբան Սյուզան Ստյուարտն ասաց, որ Թրամփի վարչակազմի ներկայացուցիչների անընդհատ անդրադարձերը Հարավային Կովկասում տիրող իրավիճակին ցույց են տալիս, որ չնայած առանձնահատուկ ամերիկյան ակտիվություն Հարավային Կովկասում չի նկատվում, սակայն դիվանագիտական ջանքեր ներդրվում են, կամ դիտարկվում են պասիվ միջնորդության հնարավորություններ։
Ըստ նրա, սա, իհարկե, դրական է, հատկապես, երբ Երևանն ու Բաքուն դեռ չեն կարողանում պայմանավորվել, ինչը ռիսկը ռեգիոնում բարձր է պահում։
«Այստեղ գործ ունենք ոչ ուղիղ միջնորդության հետ, որոշակի ռազմավարական պլանի շրջանակում ԱՄՆ-ը աշխատում է նաև կողմերի ու հնարավոր այլ միջնորդների հետ։ Ինչպես տեսնում ենք, խոսքը միջնորդությունների, հանդիպումների կազմակերպման մասին չէ, այլ առավելապես բանակցությունները խթանելու և ռեգիոնալ իրավիճակը զսպելու մասին, հաշվի առնելով հանգամանքը, որ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծված աշխարհակարգի մեխանիզմները կարծես այսօր չկան, իսկ աշխարհի հիմնական խաղացողները փորձում են չշեղվել գլխավոր օրակարգերից՝ ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա-ԵՄ, Իրան-ԱՄՆ բանակցություններից ու մնացած մի շարք այլ ակտուալ հարցերից։ Սակայն նոր խնդիրներ ԱՄն-ին պետք չեն, ուստի այս խոցելի իրավիճակում ԱՄՆ-ը փորձում է թե խթանել բանակցությունները, թե դիտարկել՝ ինչպես կարելի է այստեղ հաստատել ավելի տևական խաղաղ իրավիճակ»,- ասաց վերլուծաբանը։
Նրա կարծիքով, որպես տարբերակ՝ դիտարկվում է նաև Աբրահամի համաձայնագրի հնարավորությունը։
«Սակայն, կարծում եմ, սա տարբերակներից միայն մեկն է, քանի որ դրա իրականացման հետ կապված շատ հարցեր կան, սակայն մենք տեսնում ենք հետաքրքրություն՝ ունենալ որոշակի ազդեցություն, Թրամփի վարչակազմը չի կտրվում Հարավային Կովկասից, փորձում է խորացնել իր ներկայությունը Պարսից ծոցի մի շարք երկրներում, որը նույնիսկ հարցեր է առաջացնում Իսրայելում։ Այսինքն՝ ամեն բան քաղաքականության մեջ ուղիղ ու գծային չէ, ինչպես կարելի է պատկերացնել, ամեն ինչ հնարավոր է։
Թրամփի վարչակազմը դիտարկում է Հարավային Կովկասում իր ազդեցության հնարավոր տարբերակները։ Սակայն Թրամփի վարչակազմի տեսանկյունից ազդեցությունն ունի կոնկրետ շահերի տեսք։ Ինչպես տեսնում ենք, Թրամփն իր բոլոր արտաքին քաղաքական նախաձեռնություններում շոշափելի շահի ու օգտակարության դիտարկում է իրականացնում և հստակեցնում, թե որն է դրանից, այսպես ասած, ԱՄՆ շոշափելի օգուտը։ Բայդենի վարչակազմի համար ավելի կարևոր էր ոչ այնքան՝ տնտեսական, որքան՝ աշխարհաքաղաքական շահը։ Ուստի, սա հաշվի առնելով, կարելի է ենթադրել, որ Թրամփի վարչակազմի համար կարևոր է, որպեսզի չլինեն հավելյալ խնդիրներ, քանի որ ընթանում են Ուկրաինայի շուրջ բանակցություններ, սակայն կարևոր է նաև այն, որ Թրամփը ցանկանում է հաջողության պատմություններ գրանցել, դա ևս ստիպում է փորձեր անել տարբեր ռեգիոններում»,- ասաց նա։
Սյուզան Ստյուարտը չի գտնում, թե պետք է անմիջական արդյունքներ սպասել, քանի որ ընթանում է ոչ ստանդարտ միջնորդություն։
«Դա կարող է ունենալ՝ ինչպես արագ, այնպես էլ՝ շատ դանդաղ արդյունքներ, հատկապես, երբ դեռ հստակ չէ, թե ինչ պայմանավորվածություն է հնարավոր կողմերի միջև»,- նշեց նա։