Վիգեն Չետերյան. «Ադրբեջանի ներքին վիճակը շատ տխուր է»
Ժնևի Վեբստեր համալսարանի լրագրության դասախոս, քաղաքական վերլուծաբան Վիգեն Չետերյանը` պատասխանելով 168.am-ի՝ վերջին օրերի սահմանային դեպքերի հետ կապված հարցերին, ասաց.
– Ճիշտ է` վերջին օրերի դեպքերն աննախադեպ էին անցնող 20 տարվա ընթացքում, բայց պետք է նկատել, որ հայ-ադրբեջանական սահմանագոտու և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի լարվածությունը վերջին տարում սրված էր: Ամենավերջին ռազմական գործողությունները ես կապում եմ Ադրբեջանի ներքին հարցերի հետ: Այն, ինչ կատարվում է սահմանի վրա, ընդամենը փոշի է բոլորի աչքին. Ադրբեջանի իշխանությունը պարզապես ուզում է ցույց տալ, որ իր ընդդիմության դեմ կարող է գործածել ամենավայրագ միջոցները: Այնտեղ մարդու իրավունքների հարցերով նույնիսկ ամենամեղմ եղանակող պայքարող բոլոր մարդիկ ձերբակալված են:
Այնպես որ` և՛ դիվերսիան և՛ մյուս դեպքերը պետք է կապել միայն Ադրբեջանի ներքին հարցերի հետ: Ադրբեջանի ներքին իրավիճակը շատ տխուր է, հանրությունն այսօր այնտեղ ամբողջովին «մերկացված» է, իսկ դա մեծ հարված է Ադրբեջանի ապագային, երկիրը մեծ վտանգի առջև է կանգնած: Հսկայական հակասություններ կան այնտեղ, և Ալիևի այս քաղաքականությունն ուղղված է ամբողջովին զինաթափելու իր հանրությունը:
Չգիտեմ՝ մինչ ուր կարող են հասնել գործողությունները. կա՛մ Ադրբեջանի ղեկավարությունը պետք է իր համար բավարար նկատի արդյունքները և դադարեցնի գործողությունները, կա՛մ (ինչպես որևէ ռազմական գործողության դեպքում)՝ այստեղ ևս էսկալացիայի կամ նոր տագնապի վտանգ կարող է առաջանալ: Ի դեպ, այդ վտանգը ղարաբաղյան սահմանի վրա միշտ կա, այնքան ժամանակ, քանի դեռ այնտեղ քաղաքական հարցերը մնում են չլուծված:
Ինչ վերաբերում է Սարգսյան-Ալիև հանդիպմանը, ակնկալիքներ կան, որ վերադարձ կլինի դեպի նախկին կացություն, որպեսզի սահմանի իրավիճակը հանդարտվի, և գործողությունները դադարեն: Այս պահին ավելի ոչ մի ակնկալիք չկա հանդիպումից:
Միակ ուժն այսօր, որ կարող է այս հարցում դեր խաղալ, մնում է Ռուսաստանը, իսկ ռուսական քաղաքականությունը, չեմ կարծում, թե փոխվել է: Նրա դիրքը հստակ է՝ սառեցված վիճակում պահել կոնֆլիկտը և մեկ կողմը օգտագործելով մյուսի վրա ճնծում գործադրել:
Իսկ մնացած միջագային ուժերը՝ Արևմուտք, ԱՄՆ, Եվրոպա, ոչ մի հետաքրքրություն կամ ռեսուրս չունեն ղարաբաղյան կամ կովկասյան որևէ կոնֆլիկտի միջամտելու: Այսօր աշխարհում ավելի մեծ կոնֆլիկտներ կան՝ Սիրիա, Իրաք, Լիբիա, Ուկրաինա, և միջազգային ուժերը այդ կոնֆլիկտների ֆոնին անկարող են բարձրացնել ևս մեկ խնդիր՝ մանավանդ, որ լծակներ չունեն հարց լուծելու: