Մեթյու Բրայզայի կարծիքով` պետք է Պուտինին համոզել՝ լուծել, այլ ոչ թե հավերժացնել ղարաբաղյան խնդիրը

Հարցազրույց ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան, այժմ միջազգային հարաբերությունների հարցերով զբաղվող ամերիկյան Ատլանտյան խորհուրդ (Atlantic council) վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող, դեսպան Մեթյու Բրայզայի հետ:

– Պարոն Բրայզա, ինչպե՞ս կգնահատեք ղարաբաղյան հակամարտության ներկայիս վիճակը: Ադրբեջանը վերջին շրջանում ավելի շատ է դիմում սահմանային սադրանքներին ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում, այլև հայ-ադրբեջանական սահմանին: Բնականաբար, հայկական կողմը տալիս է համարժեք պատասխան, սակայն դա այնքան էլ չի ազդում Ադրբեջանի ղեկավարության ռազմական հռետորաբանության վրա: Այս իրավիճակում ինչպե՞ս եք պատկերացնում խնդրի լուծումը:

– Ղարաբաղյան հակամարտության ներկայիս վիճակը լարված է դժբախտ զինվորների և բնակիչների համար, ովքեր մոտ են շփման գծին, սակայն Բաքվի և Երևանի տեսանկյունից՝ վիճակը համեմատաբար կայուն է: Ես գիտեմ, որ Մինսկի խմբի համանախագահները մեծ ջանքեր են գործադրում, որպեսզի կրճատեն, և, հուսանք, նաև բացառեն զոհերը շփման գծում:

Միևնույն ժամանակ, կարծում եմ, որ շարունակվող ողբերգական միջադեպերի պատճառը ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի միջև ծայրահեղ լարվածությունն է, այլ ավելի շուտ՝ հիասթափությունը, որ ամեն ինչ չի արվում վերականգնելու առաջընթացը բանակցություններում` Հիմնական սկզբունքների հիման վրա Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորմանը հասնելու համար:

Այդպիսի առաջընթաց կլինի միայն այն ժամանակ, եթե և երբ նախագահներ Ալիևը և Սարգսյանը ձևավորեն փոխադարձ վստահություն միմյանց պատրաստակամության և կարողության հանդեպ` գնալու փոխզիջումների Հիմնական սկզբունքներում առկա համեմատաբար փոքրաթիվ չլուծված խնդիրները լուծելու համար: Ի վերջո, դրա համար անհրաժեշտ է, որպեսզի գործընթացին անձամբ միջամտեն Միացյալ Նահանգների նախագահը և պետքարտուղարը` համագործակցելով իրենց ֆրանսիացի և ռուսաստանցի գործընկերների հետ:

Բայց առայժմ Ռուսաստանի նախագահը, կարծես, պարտավորվել է ոչ թե լուծել, այլ սրել իրավիճակը և նույնիսկ ստեղծել նոր հակամարտություններ, ինչպես, օրինակ, արևելյան Ուկրաինայում:

– Ձեր կարծիքով՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կհանդիպե՞ն Փարիզում` Ֆրանսիայի նախագահի առաջարկով: Դա կարո՞ղ է նպաստել խաղաղության գործընթացին կամ գոնե լարվածության նվազեցմանը:

– Կարծում եմ`խիստ անհրաժեշտ է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պարբերաբար հանդիպեն: Եթե Ֆրանսիայի նախագահ Օլանդը պատրաստակամ է անձամբ նպաստելու Ադրբեջանի և Հայաստանի նախագահների միջև լուրջ երկխոսության վերականգնմանը, թերևս երկու կողմերը կարող են հասնել իրավիճակի բեկմանը, որը եղել է 2007-2009 թթ.` Ռուսաստանի նախագահ Մեդվեդևի միջնորդությամբ: Բայց եթե նույնիսկ կողմերը կարողանան հասնել այդ բեկմանը Հիմնական սկզբունքների շուրջ, այդ դեպքում էլ մնում է մեկ շատ կարևոր խնդիր. համոզել Ռուսաստանի նախագահ Պուտինին՝ լուծել, այլ ոչ թե հավերժացնել ղարաբաղյան խնդիրը:

Նախագահ Օլանդի նախորդը չկարողացավ Հարավային Կովկասի հիմնախնդիրներին մոտենալ այսպիսի իրատեսությամբ և միջնորդեց ռուս-վրացական պատերազմի դադարեցման մասին ահավոր մի համաձայնագիր` այն ժամանակ վարչապետ Պուտինի ճնշման ներքո: Այդ համաձայնագիրը ձեռնտու էր հարևան պետության տարածք ներխուժած երկրին, և մինչ օրս Ռուսաստանը չի ուզում հարգել անգամ այդ համաձայնագիրը:

– Ինչպե՞ս եք վերաբերվում Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի` մայիսի 7-ի ելույթում ներկայացրած 6 տարրերին: Պետք է նշեմ, որ ԼՂՀ իշխանությունները բացասաբար են արձագանքել այդ ելույթին: Մասնավորապես, ԼՂՀ արտգործնախարարությունը հայտարարեց, որ «դեպի անցյալ վերադարձի մասին խոսք լինել չի կարող», իսկ ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակի կարծիքով` ստատուս-քվոյի փոփոխման դեպքում Ադրբեջանը նոր պատերազմ կսանձազերծի:

– Ես աջակցում եմ դեսպան Ուորլիքի նշած վեց տարրերին: Դրանք այն նույն սկզբունքներն են, որոնց հիման վրա բանակցելուն աջակցել եմ` որպես Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ: Ես այդ սկզբունքները ներկայացրել եմ այդ պաշտոնում իմ ամենաառաջին հարցազրույցի ժամանակ («Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը՝ 2006 թ. հունիսին): Այդ Հիմնական սկզբունքները ներառում են Լեռնային Ղարաբաղի քաղաքական ստատուս-քվոյի օրինականացման ապահովումը, ինչը նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղի ներկայիս բնակիչներն իրավունք կունենան ընտրել իրենց սեփական իշխանությունը և կարգավորել իրենց ներքաղաքական, իրավական և տնտեսական հարցերը: Ինչ վերաբերում է ԼՂ-ի վերջնական կարգավիճակին, այն կորոշվի ԼՂ-ի բնակչության հանրաքվեի միջոցով, որի ժամկետը կորոշվի ապագայում: Պայմանները մանրակրկիտ մշակելը չափազանց կարևոր է:
ԼՂ-ի քաղաքական և տնտեսական ստատուս-քվոյի օրինականացումը փաստացի կփոխի ողջ հակամարտության ստատուս-քվոն` ԼՂ-ի բնակիչների մոտ առաջացնելով անվտանգության ավելի խորը զգացում:

– Հետաքրքիր է, թե ի՞նչ կարծիք ունեք Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ: Ըստ Ձեզ` այն բխո՞ւմ է Հայաստանի ազգային շահերից:

– Հարավային Կովկասով զբաղվող ցանկացած փորձագետի համար ակնհայտ է, որ Ռուսաստանը ճնշում է գործադրել Հայաստանի վրա, որպեսզի վերջինս միանա Եվրասիական տնտեսական միությանը: Այդ քայլը շատ կարևոր էր նախագահ Պուտինի համար` որպես նրա ավելի լայն ռազմավարության մի մաս: Պուտինի այդ ռազմավարության նպատակն է՝ վերականգնել ռուսական ազդեցությունը հետխորհրդային տարածքում և առաջարկել սոցիալ-տնտեսական զարգացման Եվրասիական մոդելը` որպես այլընտրանք Արևմուտքի ազատ շուկայական տնտեսությանը և ժողովրդավարությանը: Հայաստանը նախապատվությունը տվել էր Եվրոպական միության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրմանը և արևմտյան արժեքներին, բայց Ռուսաստանը թույլ չտվեց Հայաստանին որոշել սեփական ճակատագիրը:

 

Տեսանյութեր

Լրահոս