«ԵՏՄ-ին անդամակցելու դեպքում Հայաստանը փաստացի հրաժարվում է Ղարաբաղից». Պորտանսկի (ամբողջական հարցազրույց)
Մեր զրուցակիցն է ՌԴ «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» Ազգային հետազոտական համալսարանի համաշխարհային էկոնոմիկայի և միջազգային քաղաքականության ֆակուլտետի առևտրային քաղաքականության ամբիոնի ղեկավար, ՌԴ ԳԱ Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի առաջատար մասնագետ, պրոֆեսոր Ալեքսեյ Պորտանսկին:
– Պարոն Պորտանսկի, Ուկրաինան մտադիր է Ռուսաստանի առաջ հարց բարձրացնել Եվրասիրական տնտեսական միության (ԵՏՄ) ձևավորման ու հնարավոր ռիսկերի մասին, այդ թվում` նոր անդամ երկրների` Հայաստանի ու Ղրղըզստանի, որոնք Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) անդամ են և ԵՏՄ-ին անդամակցելու դեպքում պարտավոր են վերանայել ԱՀԿ անդամ երկրների հետ գործող մաքսային սակագները:
– Այդ հարցի լուծումը ոչ ոք չգիտի, թե ինչպես կլինի: Իհարկե, ԱՀԿ-ի հետ մաքսատուրքերի հարցը կկանգնի Հայաստանի, այնուհետև նաև Ղրղըզստանի առջև, որը նույնպես ցանկանում է միանալ Մաքսային միությանը: Եվ դրա համար և՛ Հայաստանը, և՛ Ղրղըզստանը պետք է կրկին բանակցեն ԱՀԿ անդամների հետ: Միայն այդ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի փոփոխել մաքսատուրքերի սահմանված չափերը: Այլ ճանապարհ չկա: ԱՀԿ անդամները պետք է համաձայնեն, որ Հայաստանի, ապա Ղրղըզստանի հետ վերանայեն մաքսատուրքերը: Այդ բանակցությունները պետք է կայանան, ուղղակի նման նախադեպեր նախկինում չեն եղել: Թե ինչպես հարցը կլուծվի՝ նախապես ասելը դժվար է: Հնարավոր է` խնդիրներ ծագեն:
– Հայաստանն ԱՀԿ անդամների հետ հարաբերությունները պետք է պարզի նախքա՞ն ԵՏՄ-ին անդամակցելը, թե՞ համաձայնագիրը ստորագրելուց հետո: Եթե խնդիրներ առաջանան, ՀՀ-ն չի՞ կարողանա անդամակցել ԵՏՄ-ին:
– Այդ խնդիրները պետք է լուծվեն նախքան անդամակցությունը ՄՄ-ին:
– Եթե Ուկրաինան ցանկանա, կարո՞ղ է ԱՀԿ-ի միջոցով խոչընդոտել Հայաստանի անդամակցությանը:
– Ուկրաինան կարող է հանդես գալ որպես նախաձեռնող` ԱՀԿ-ում այդ հարցի քննարկման համար, որ Հայաստանը խախտում է իր ստանձնած պարտավորությունները: Այս դեպքում Ուկրաինան միայն որպես նախաձեռնող կարող է լինել: Մաքսատուրքերի հարցն իսկապես պետք է քննարկվի: Սակայն Ուկրաինան միայնակ չի կարող խանգարել Հայաստանին` ԵՏՄ-ին անդամակցելու հարցում:
– Բացի Ուկրաինայից, կարծիք կա, որ ԵՏՄ մյուս հիմնադիրները` Բելառուսն ու Ղազախստանը ևս դեմ են Հայաստանի անդամակցությանը: Ըստ Ձեզ` ինչո՞ւ են այդ երկրները դեմ, և ինչպե՞ս է խնդիրը լուծվելու:
– Ես չեմ կարծում, որ նրանք կտրականապես դեմ են, հավանաբար նրանք ունեն իրենց որոշակի պատկերացումները, որոշ նյուանսներ կան: Դժվար թե նրանք այդպես կտրականապես դեմ լինեն, որովհետև որոշումը, որ ՀՀ-ն պետք է անդամակցի Մաքսային միությանը, ընդունվել է, և միության բոլոր անդամները դրա հետ համաձայն են եղել: Չեմ կարծում, որ այժմ այնպիսի իրադրություն է, որ նրանք փոխեն իրենց որոշումն ու դեմ արտահայտվեն:
– Տեսակետներ կան, որ ԵՏՄ հիմնադիրների` Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի միջև լուրջ տարաձայնություններ կան, և այդ տարաձայնություններից մեկն էլ հենց Հայաստանին է վերաբերում:
– Տարաձայնություններ, իհարկե, կան միության ներսում, ընդ որում` տարաձայնություններ կան հենց Ուկրաինայի հետ կապված, բայց Հայաստանի անդամակցության վերաբերյալ որևէ բան, ճիշտն ասած, չեմ հիշում:
– Ուկրաինայի դեպքում Բելառուսն ու Ղազախստանը դեմ գնացին Ռուսաստանին, երբ վերջինս առաջարկեց ԵՏՄ սահմաններում տնտեսական սահմանափակումներ կիրառել Ուկրաինայի դեմ: Ըստ Ձեզ` այդ հարցն ինչպե՞ս կլուծվի:
– Տվյալ դեպքում, ամենայն հավանականությամբ, Ռուսաստանը միայնակ սահմանափակումներ կմտցնի, եթե, իհարկե, ի վերջո գնա այդ քայլին: Ղազախստանն ու Բելառուսը հավանաբար չեն աջակցի, բայց այդ իրադրությունն այսօրվա համար չէ: Կարող է հետագայում ինչ-որ բան փոխվել, բայց ամեն դեպքում նման տարբերակ հնարավոր է, որ սահմանափակումներ կկիրառի միայն Ռուսաստանը, իսկ միության մյուս անդամները` ոչ: Մաքսային միության իրավական բազան այնպիսին է, որ թույլ է տալիս, որ Ռուսաստանը միայնակ նման որոշում ընդունի:
– Այսինքն, եթե անգամ Ղազախստանն ու Բելառուսը դեմ լինեն, Ռուսաստանը կկարողանա՞ նման պատժամիջոց կիրառել Ուկրաինայի հանդեպ:
– Այո: Դա, իհարկե, շատ լավ չէ Մաքսային միության համար, դա առանձնահատուկ դեպք է, բայց նման լուծում Մաքսային միության համաձայնագրում նախատեսված է:
– Հայաստանի անդամակցությունը ՄՄ-ին կամ ԵՏՄ-ին կրկին հետաձգվեց: ՀՀ վարչապետի` Սոչի կատարած այցից հետո հայտարարվեց, որ համաձայնագրի ստորագրումը կլինի «առաջիկայում»: Որոշ վերլուծաբանների կարծիքով՝ այդ անդամակցությունն ընդհանրապես չի կայանա: Համաձա՞յն եք այդ տեսակետին, եթե` ոչ, ապա, ի վերջո, ե՞րբ է հնարավոր Հայաստանի անդամակցությունը միությանը:
– Այդ հարցին հաստատապես ոչ ոք չի պատասխանի Ձեզ: Որոշում կար, որ այս տարի կկայանա անդամակցումը, և դեռ ոչ ոք այդ որոշումը չեղյալ չի հայտարարել: Բայց կտեսնենք: Հավանաբար հույս կա, որ այս տարի համաձայնագիրը կստորագրվի, բայց թե ինչ նոր խնդիրներ կծագեն, չեմ կարող ասել:
– Ձեր կարծիքով՝ գլխավոր խոչընդոտը ո՞րն է:
– Կարծում եմ` կարող են շատ անսպասելի խոչընդոտներ լինել: Մայիսին Աստանայում Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագրի ստորագրման ժամանակ ներկա էր նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Եվ նա լսեց, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության ժամանակ Ղարաբաղի հարցը պետք է փակվի, այսինքն` Հայաստանն այլևս չի կարողանա հավակնել Ղարաբաղին: Եվ ես կարծում եմ, նաև այդ տեսակետն այստեղ` Մոսկվայում եմ հայտնել իմ ելույթների ժամանակ, որ այդ հանգամանքը կարող է օգտագործել Հայաստանի ընդդիմությունը և, ամենայն հավանականությամբ, Սարգսյանը Երևան վերադարձավ բավականին վշտացած:
– Ի՞նչ հավակնության մասին է խոսքը: Լեռնային Ղարաբաղն անկախ հանրապետություն է…
– Դե, այնտեղ ասվել է, Նազարբաևն ասաց, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միություն կմտնի ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով:
– Այո, բայց այն ժամանակ էլ Հայաստանի և Ղարաբաղի միջև տնտեսական փոխգործակցությունը եղել է ու չի խաթարվել:
– Իհարկե, բայց ստացվում է այնպես, որ ԵՏՄ-ին անդամակցելու դեպքում Հայաստանը փաստացի հրաժարվում է Ղարաբաղից, այսինքն` Հայաստանը համաձայնում է, որ դա կամ առանձին տարածք է, կամ Ադրբեջանի մասն է:
– Այսինքն` Դուք կարծում եք, որ ԵՏՄ-ում ՀՀ-ի և ԼՂՀ-ի միջև տնտեսական հարաբերությունների պահպանումն անհնա՞ր կլինի:
– Տնտեսական հարաբերությունները կպահպանվեն, դա չէ խնդիրը: Այստեղ հարցը քաղաքական է, և, ինչ որ ասաց Նազարբաևը, քաղաքական հարթությունում է:
– Այսինքն` ի՞նչ է սպասվում:
– Ես չգիտեմ, թե ինչպես կլուծվի հարցը: Եկեք հիմք ընդունենք այն, ինչ ասվեց Աստանայում մայիսի 29-ի գագաթաժողովի ժամանակ: Ես չեմ համարձակվում կանխատեսել: