Բաժիններ՝

Թուրք ռեժիսոր. «Շատ հնարավոր է, որ մի օր իմ հերոսը դառնա հայը»

Թուրքիայից ժամանած Թայֆուն Փիրսելիմօղլուի (Tayfun Pirselimoğlu) «Ես նա չեմ» (I’m Not Him) ֆիլմն այս տարի նույնպես ներկայացված է «Ոսկե Ծիրան» միջազգային փառատոնի խաղարկային ֆիլմերի մրցույթում:

Ռեժիսորի խոսքով՝ այս ֆիլմի հիմքում ընկած է անհատականության փոփոխությունը. «Ես տարված եմ այս սյուժեով և իմ սցենարներում նույնպես ունեմ այն թեման, երբ մարդ վերցնում է մեկ ուրիշի անհատականություն և սկսում է հանդես գալ այդ անհատականությամբ: Սա ինձ համար շատ կարևոր թեմա է, և սա ներառել եմ նաև իմ բազում գործերում»:

Նա նշեց, որ ֆիլմը թուրքական, հունական, գերմանական և ֆրանսիական համագործակցության արդյունքն է. «Այն իմ 5-րդ ֆիլմ է… Ես շատ ուրախ եմ այստեղ գտնվելուս համար: Սա շատ հետաքրքիր և յուրահատուկ փառատոն է, շատ շոյված եմ ինձ զգում»:

Խոսելով ֆիլմի թեմատիկայի մասին՝ Թ. Փիրսելիմողլուն ասաց, որ ֆիլմում ներկայացնում է տարբեր դեմքեր՝ մարդիկ, ովքեր փորձում են գոյատևել. «Հաճախ այդ երևույթը տեղի է ուենում ինքնին՝ առանց պատճառի: Օրինակ, այս ֆիլմի սկզբում էլ թվում է, թե պատճառ չկա, որ հերոսը որոշում է փոխել իր անհատականությունը և դառնալ ուրիշ մարդ: Բայց ես կարծում եմ՝ յուրաքանչյուրս էլ մեր մտքում թաքցնում ենք մի կյանք, որը ուրիշ է, և կյանքում գալիս է ինչ-որ պահ, որը ստիպում է մեզ փոխել մեր անհատականությունը: Ես ֆիլմում պատասխաններ չեմ տալիս, ուղղակի հարցեր եմ տալիս և պատասխանատու չեմ այդ պատասխանների համար, այսինքն՝ թողնում եմ հադիսատեսին»:

Կարդացեք նաև

Թ. Փիրսելիմօղլուն նկատեց, որ Թուրքիայում ֆիլմերի արտադրությունը վերջին 20 տարիներին զարգացել է, ու մեծ մասը կապված է մշակույթի նախարարության տրված գրանտների, փողերի և ընձեռնած հնարավրությունների հետ. «Սակայն պետք է ասեմ, որ որակն այնքան էլ բարելավված չէ, ինչքան քանակը: Կարելի է ասել՝ վերջին 3-4 տարիների ընթացքում նկարահանվել են շատ քիչ լավ ֆիլմեր և տարեկան 3-4 լավ ֆիլմ է արտադրվում, ինչը կարծում եմ՝ շատ վատ է: Ճիշտ է, մշակույթի նախարարությունը տալիս է հնարավորություններ երիտասարդ ռեժիսորներին, բայց կարծում եմ՝ թուրք ռեժիսորների մեծ մասը սխալ են օգտագործում այդ հնարավորությունը»:

Թ. Փիրսելիմօղլուն պատմեց, որ ինքը թերթերից մեկում տեսել է, որ գրված էր՝ ինքը մեծ ոգեշնչում է ստացել Ալֆրեդ Հիչկոկից, Էդգար Ալամպոյից, Ֆ. Դոստոևսկուց. «Կարող եմ ասել, որ գրելիս ես ընդհանրապես չեմ մտածել այդ ազդեցությունների մասին և դիտավորյալ չեմ արել: Մարդու կյանքում կարևոր է այն, որ դու նրանցով ոգեշնչվում ես, բայց ինքդ տեղյակ չես լինում դրա մասին»:

Լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչո՞ւ է իր ֆիլմի համար ընտրել ոչ այնքան յուրահատուկ կերպար, այլ սովորական մարդ, թուրք ռեժիսորն այսպես պատասխանեց. «Ֆիլմերի հերոս եմ ընտրում սովորական մարդկանց, ում կարելի է հանդիպել փողոցներում: Սա նույնպես կարելի է համարել Դոստոևսկու մոտեցումը և նրա ազդեցությունը: Նա իր նամակներից մեկում գրել է, որ նորմալ մարդիկ սարսափելի են, քանի որ թաքցնում են սարսափելի պատմություններ իրենց կյանքում: Այդ պատճառով ես ընտրում եմ սովորական մարդկանց, ովքեր առաջին հայացքից թվում է՝ ոչինչ չեն ներկայացնում, բայց իրականում նրանք շատ սարսափելի պատմություններ են թաքցնում»:
Լրագրողներից մեկն ասաց, որ Թուրքիայում շփվելով հայերի հետ՝ ռեժիսորը հավանաբար հանդիպած կլինի այնպիսի դեպքերի, երբ հայերը ստիպված թաքցրել են իրենց ինքնությունը: Այն թեման, որ կա Թ. Փիրսելիմողլուի նովելներում ճիշտ է նաև հայի ճակատագրի պարագայում: Նրա այն հարցին, թե արդյո՞ք Թ. Փիրսելիմողլուի հետագա ֆիլմերի կամ նովելների հիմք կարող է հանդիսանալ նաև հայի օրինակը, նա այսպես պատասխանեց. «Իմ երկրի ամենամեծ խնդիրներից մեկը հենց սա է համարվում՝ ուրիշի անհատականությամբ հանդես գալը, ինչը կարծում եմ՝ մեծ ծանրություն և խնդիր է ոչ միայն իմ երկրում, այլև տարբեր երկրներում: Կարելի է ասել, որ սա համամարդկային խնդիր է: Կուզեի հիշել իմ ամենամոտ ընկերներից մեկին՝ Նատալիին (որը հայ է), ում հետ միասին ենք աշխատել մի շարք ֆիլմերի վրա: Շատ հնարավոր է, որ մի օր իմ հերոսը դառնա հայը»:
Անի Քեշիշյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս